1980-ականներին մեծացած մարդիկ 5 արժեքավոր հատկանիշ ունեն, որոնք այսօր ավելի ու ավելի հազվադեպ են հանդիպում

Առանց համացանցի, մշտական շտապողականության և ամեն ինչ հեշտությամբ դեն նետելու սովորության անցած մանկությունը նրանց իսկապես կարևոր բաներ է սովորեցրել։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

1980-ականներին մեծացած մարդիկ իրենց բնավորությամբ ու հմտություններով ձևավորվել են բոլորովին այլ պայմաններում։ Կյանքն այն ժամանակ ավելի հանգիստ էր ընթանում, իսկ աշխարհը մարդիկ ճանաչում էին սեփական փորձով։ Այդ տարիներին ձեռք բերված բազմաթիվ հմտություններ այսօր գրեթե մոռացվել են. այնքան է փոխվել մեր ապրելակերպը։

1980-ականների երեխաները մեծանում էին մի ժամանակաշրջանում, երբ կյանքն այսօրվա պես արագ չէր ընթանում։ Չկար տեղեկատվության անսահմանափակ հասանելիություն, չկային հաղորդագրությունների փոխանակման հավելվածներ և առցանց ֆիլմեր դիտելու հարթակներ։ Պետք էր համբերությամբ սպասել սիրելի հեռուստասերիալի հաջորդ սերիային, ընկերոջ պատասխան նամակին կամ լուսանկարների երևակմանը։ Կյանքի այդ դանդաղ ընթացքը, որը բոլորովին էլ թերություն չէր, երեխաներին համբերատարություն էր սովորեցնում, գրում է Psychologies-ը։

Այսօր համբերատարությունը բավականին հազվադեպ հանդիպող հատկանիշ է։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գրեթե ամեն ինչ կարելի է ստանալ մեկ հպումով։ Եվ երբ ցանկություններն անմիջապես բավարարելը սովորական է դարձել, սպասելու կարողությունն իսկապես մեծ առավելություն է։

Ահա հինգ արժեքավոր հատկանիշ, որոնք հատկապես բնորոշ են 1980-ականներին մեծացած մարդկանց։

1. Ամեն գործից գլուխ հանելու կարողություն

1980-ականներին մեծացավ մի ամբողջ սերունդ, որի համար սովորական բան էր սեփական ձեռքերով ինչ-որ բան նորոգելը։ Կոտրված խաղալիքը վերանորոգելը, հեծանիվի շղթան տեղը գցելը կամ սիրելի շապիկի պատռված մասը կարելը առօրյա զբաղմունքներ էին։ Այդ ամենը երեխաներին դեռ փոքր տարիքից սովորեցնում էր ինքնուրույն լինել։

Այսօր շատ ավելի հեշտ է փչացած իրը դեն նետել ու նորը գնել։ Մինչդեռ իրերը նորոգելու կարողությունը զուտ տեխնիկական հմտություն չէ։ Այն օգնում է հասկանալ, թե ինչպես են աշխատում մեզ շրջապատող իրերը, ավելի խնայողաբար օգտագործել ունեցածը և գնահատել այն աշխատանքը, որը ներդրվել է այդ իրերը ստեղծելու համար։

2. Գրված խոսքի միջոցով մտերմություն պահպանելու կարողություն

1980-ականներին մարդիկ միմյանց նամակներ էին գրում ոչ միայն տոների առիթով։ Նամակագրությունը շփման սովորական միջոց էր։ Յուրաքանչյուր նամակ գրելու համար ժամանակ էր պետք։ Մարդը մտածում էր, թե ինչ է ուզում ասել և ինչպես արտահայտել իր զգացմունքները։ Նամակ գրելը սովորեցնում էր մտքերը հստակ շարադրել և աստիճանաբար ձևավորել սեփական գրելաոճը։

Այսօր մենք շփվում ենք արագ, կարճ հաղորդագրություններով, իսկ բառերին հաճախ փոխարինում են տարատեսակ էմոջիներն ու նշանները։ Գրված խոսքին այլևս նախկինի պես ուշադրություն չենք դարձնում։

Մինչդեռ հետազոտությունները ցույց են տալիս, որ ձեռքով գրելը կարող է բարելավել հիշողությունը, օգնել կառավարել հույզերն ու ավելի լավ ճանաչել ինքներս մեզ։ Ձեռագիր նամակները մարդկանց հնարավորություն էին տալիս անկեղծորեն արտահայտվելու և միմյանց ավելի մտերիմ դառնալու։

3. Ազատ խաղալու և խաղի միջոցով սովորելու կարողություն

Այդ տարիներին երեխաներն ամբողջ երեկոները բակում էին անցկացնում։ Նրանց խաղերը նախապես ծրագրված չէին և որևէ կապ չունեին թվային տեխնոլոգիաների հետ։ Երեխաներն իրենք էին խաղեր հորինում, կանոններ սահմանում և միասին խաղում՝ հաճախ առանց մեծահասակների ներկայության։

Հենց այդ ազատության շնորհիվ էլ զարգանում էին նրանց երևակայությունն ու ստեղծագործական մտածողությունը։ Նրանք սովորում էին հարմարվել տարբեր իրավիճակների, ինքնուրույն հարթել վեճերը և ընդհանուր լեզու գտնել մյուս երեխաների հետ։

Այսօր երեխաների ժամանակի զգալի մասն անցնում է էկրանների առջև, իսկ ինքնաբուխ խաղերին ավելի ու ավելի հաճախ փոխարինում են նախապես կազմակերպված պարապմունքները։ Մինչդեռ երեխայի զարգացման հարցերով զբաղվող մասնագետները շարունակում են ընդգծել, որ բացօթյա ազատ խաղերը կարևոր են թե՛ երեխայի հոգեկան առողջության, թե՛ շփման հմտությունների զարգացման համար։

4. Պարզ բաներով ուրախանալու կարողություն

1980-ականներին մեծացած երեխաներին ուրախանալու համար շատ բան պետք չէր։ Հեծանվով զբոսանքը, տանը պատրաստված համեղ ուտելիքը կամ սիրելի ձայնապնակը, որը կարելի էր նորից ու նորից լսել, բավական էին լավ տրամադրություն ունենալու համար։ Այն ժամանակ, երբ կյանքը հագեցած չէր այսօրվա պես բազմաթիվ ու անընդհատ փոփոխվող տպավորություններով, փոքրիկ ուրախություններն իսկապես մեծ արժեք ունեին։ Եվ երջանիկ զգալու համար հաճախ հենց դա էլ բավական էր։

Պարզ բաներից հաճույք ստանալու ունակությունն օգնում էր կյանքին ավելի հանգիստ վերաբերվել։ Այսօր, ընդհակառակը, ընտրության անթիվ հնարավորություններն ու նոր տպավորությունների մշտական հոսքը հաճախ ստիպում են մեզ զգալ, որ ունեցածը բավարար չէ։

Ահա թե ինչու այդքան կարևոր է կրկին սովորել սիրել ու գնահատել առօրյա փոքրիկ ուրախությունները։ Դրանք օգնում են երախտապարտ լինել ունեցածի համար և ավելի գոհ զգալ սեփական կյանքից։

5. Մոլորվելու և ինքնուրույն ճանապարհը գտնելու կարողություն

Մինչև GPS համակարգերի և նավիգացիոն հավելվածների հայտնվելը ճանապարհորդելիս պետք էր կարողանալ քարտեզ կարդալ, անհրաժեշտության դեպքում ճանապարհ հարցնել անցորդներից կամ պարզապես վստահել սեփական զգացողությանը։

1980-ականների երեխաները տարածության մեջ կողմնորոշվել սովորում էին սեփական փորձով։ Նրանք ինքնուրույն ուսումնասիրում էին շրջակայքը, երբեմն մոլորվում, սխալ ճանապարհով գնում, բայց հետո հենց իրենք էլ գտնում էին ճիշտ ուղղությունը։ Մոլորվելն ու ինքնուրույն ճանապարհը գտնելը սովորելու կարևոր մաս էին։

Այսօր քչերն են փորձում անծանոթ վայրում ճանապարհ գտնել առանց հեռախոսի օգնության։ Մինչդեռ, ինչպես նշվում է National Geographic Education-ի նյութերում, քարտեզ կարդալու կարողությունը զարգացնում է տարածական ու տրամաբանական մտածողությունը, ինչպես նաև տեսողական հիշողությունը։

Տարածության մեջ ինքնուրույն կողմնորոշվել սովորելով՝ մարդը նաև սովորում է վստահել սեփական ուժերին և արագ հարմարվել անսպասելի իրավիճակներին։ Իսկ դա անընդհատ փոփոխվող աշխարհում ապրելու համար չափազանց կարևոր հմտություն է։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Հոգեբանական բաժնի գլխավոր վերլուծաբան

Աննան մասնագիտացած է մարդկային վարքագծի, զգացմունքային ինտելեկտի և միջանձնային հարաբերությունների ուսումնասիրության մեջ։ Նրա հոդվածների գլխավոր նպատակն է բարդ հոգեբանական երևույթները ներկայացնել պարզ, կիրառելի և հասկանալի լեզվով։ Հավատացած է, որ ճիշտ ինքնաճանաչողությունը ներդաշնակ կյանքի միակ բանալին է:

MediaMag
1980-ականներին մեծացած մարդիկ 5 արժեքավոր հատկանիշ ունեն, որոնք այսօր ավելի ու ավելի հազվադեպ են հանդիպում
Ինչու են բարձր IQ ունեցող մարդիկ հաճախ միայնակ․ հոգեբանները նշում են 7 պատճառ
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց