Ինչպե՞ս հասկանալ, որ տղամարդը գնահատում է ձեզ, նույնիսկ եթե չի խոսում իր զգացմունքների մասին։ Ոչ բոլոր տղամարդիկ են կարողանում գեղեցիկ խոսել իրենց զգացմունքների մասին։ Ոմանք հազվադեպ են սիրո խոսքեր ասում, ռոմանտիկ հաղորդագրություններ չեն գրում և անակնկալներ չեն մատուցում։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ նրանք քնքշություն կամ կապվածություն չեն զգում։
Երբեմն մարդու վերաբերմունքի մասին ավելի շատ բան են ասում ոչ թե սիրո խոստովանությունները, այլ առօրյա մանրուքները։ Ինչպե՞ս է նա արձագանքում ձեր խնդրանքներին, հիշո՞ւմ է, թե ինչն է կարևոր ձեզ համար, պատրա՞ստ է աջակցել դժվար պահին, հաշվի առնո՞ւմ է ձեր զգացմունքները որոշումներ կայացնելիս։
Իհարկե, միայն մի քանի գեղեցիկ արարքից հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել մարդու մասին։ Սակայն կան նշաններ, որոնք հուշում են, որ դուք իսկապես կարևոր տեղ եք զբաղեցնում նրա կյանքում։
1. Նա հիշում է այն մանրուքները, որոնց մասին երբևէ պատմել եք
Ի միջի այլոց կարող եք նրան պատմել առաջիկա կարևոր հանդիպման, բժշկական հետազոտության, աշխատավայրում տեղի ունեցած տհաճ զրույցի կամ պարզապես մի ուտեստի մասին, որը վաղուց ցանկանում եք փորձել։ Մի քանի օր անց նա ինքն է հետաքրքրվում, թե ինչպես անցավ հանդիպումը կամ արդյոք փորձեցիք այդ ուտեստը։
Նա հիշում է ոչ միայն կարևոր ամսաթվերը, այլև ձեր կյանքին վերաբերող փոքրիկ մանրամասները։ Եվ դա անում է ոչ թե ձեզ վրա տպավորություն գործելու համար, այլ որովհետև իսկապես լսում է ձեզ։
Երբ մարդը գնահատում է ձեզ, նրան հետաքրքրում է նաև ձեր ներաշխարհը։ Պարտադիր չէ, որ նա հիշի ձեր յուրաքանչյուր խոսքը, բայց այն, ինչ կարևոր է ձեզ համար, չի վրիպում նրա ուշադրությունից։
2. Նա փորձում է թեթևացնել ձեր հոգսերը
Դուք հոգնած եք, բազմաթիվ գործեր ունեք կամ բախվել եք մի խնդրի, որը դժվարանում եք ինքնուրույն լուծել։ Նա չի սահմանափակվում «Դիմացիր» ասելով և չի սպասում, մինչև մի քանի անգամ օգնություն խնդրեք։
Նա կարող է իր վրա վերցնել տնային գործերի մի մասը, մեքենայով ձեզ տանել այնտեղ, ուր պետք է գնաք, ընթրիք պատրաստել կամ լուծել մի խնդիր, որը վաղուց հանգիստ չի տալիս ձեզ։
Պարտադիր չէ, որ նա մեծ սխրանքներ գործի։ Երբեմն իսկական հոգատարությունը շատ պարզ բաներում է արտահայտվում․ մարդը նկատում է, որ դժվար պահ եք ապրում, և փորձում է գոնե մի փոքր թեթևացնել ձեր հոգսերը։
3. Նա հաշվի է առնում ձեր զգացմունքները, նույնիսկ երբ համաձայն չէ ձեզ հետ
Նույն հարցի վերաբերյալ դուք կարող եք բոլորովին տարբեր կարծիքներ ունենալ։ Նա կարող է չհամաձայնել ձեզ հետ, վիճել և պաշտպանել իր տեսակետը։ Սակայն այդ ամենի ընթացքում նա չի փորձում նվաստացնել ձեզ, ծաղրել կամ ստիպել լռել։
Եթե հասկանում է, որ իր խոսքերով վիրավորել է ձեզ, կարողանում է կրկին անդրադառնալ այդ զրույցին և ընդունել իր սխալը։
Տղամարդու վերաբերմունքի մասին հատկապես շատ բան է ասում նրա պահվածքը վեճերի ժամանակ։ Մարդուն գնահատել չի նշանակում երբեք չբարկանալ նրա վրա։ Դա նշանակում է հասկանալ, որ նույնիսկ ամենաթեժ վեճի ժամանակ կան սահմաններ, որոնք չի կարելի անցնել։
4. Իր ծրագրերը կազմելիս նա մտածում է նաև ձեր մասին
Պարտադիր չէ, որ նա առաջիկա տասը տարիների համար մեծ ծրագրեր ունենա։ Սակայն կարևոր որոշումներ կայացնելիս նա մտածում է նաև այն մասին, թե դրանք ինչպես կանդրադառնան ձեր համատեղ կյանքի վրա։
Նա պատմում է իր մտադրությունների մասին, խորհրդակցում ձեզ հետ, քննարկում, թե ինչպես եք անցկացնելու արձակուրդը կամ հանգստյան օրերը։ Ձեզ հետ խոսում է նաև ֆինանսական և մյուս կարևոր հարցերի շուրջ։
Իր կյանքում տեղի ունեցող կարևոր փոփոխությունների մասին դուք իմանում եք ոչ թե վերջին պահին, երբ ամեն ինչ արդեն որոշված է։ Նա ձեզ չի կանգնեցնում կատարված փաստի առաջ։
Սա նշանակում է, որ ձեր հարաբերությունները նրա կյանքի կարևոր մասն են, այլ ոչ թե պարզապես ազատ ժամանակը հաճելի անցկացնելու միջոց։
5. Նա չի լքում ձեզ դժվար պահերին
Երբ ամեն ինչ լավ է, հեշտ է միասին լինել։ Կարելի է կատակել, ծրագրեր կազմել, հաճելի երեկոներ անցկացնել և չմտածել դժվարությունների մասին։
Սակայն շատ ավելի կարևոր է այն, թե ինչպես է նա իրեն դրսևորում, երբ հիվանդանում եք, կյանքի ծանր շրջան եք ապրում, կորցնում եք ինքնավստահությունը կամ որևէ տհաճ իրավիճակում հայտնվում։
Գուցե նա միշտ չէ, որ գտնում է ձեզ մխիթարելու ճիշտ խոսքերը կամ գիտի, թե ինչպես կարող է օգնել, բայց փորձում է ձեր կողքին լինել։ Նա չի անտեսում ձեր ապրումները և չի ստիպում զգալ, թե բեռ եք դարձել իր համար։
Ի վերջո, մարդու հուսալիությունը լավագույնս դրսևորվում է ոչ թե ռոմանտիկ պահերին, այլ այն ժամանակ, երբ կյանքում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում։
6. Նա հարգում է ձեր անկախությունը
Հարաբերություններում իրեն վստահ զգալու համար նա կարիք չունի վերահսկելու ձեր յուրաքանչյուր քայլը։
Նա հանգիստ է վերաբերվում այն փաստին, որ դուք ունեք ձեր ընկերները, հետաքրքրությունները, աշխատանքն ու անձնական ժամանակը։ Չի փորձում սահմանափակել ձեր ազատությունը և ձեր հաջողությունների մեջ սպառնալիք չի տեսնում։
Ավելին՝ նա կարող է անկեղծորեն աջակցել ձեր նախաձեռնություններին, նույնիսկ եթե դրանց պատճառով նախկինի համեմատ ավելի քիչ ժամանակ ու ուշադրություն եք հատկացնում իրեն։
Տղամարդը, որն իսկապես գնահատում է ձեզ, չի փորձում այնպես անել, որ դուք իրենից կախված լինեք։ Նրա համար կարևոր է, որ իր կողքին շարունակեք մնալ ինքնուրույն, սեփական կյանքն ու հետաքրքրություններն ունեցող մարդ։
7. Նա քնքուշ է ձեր հանդեպ ոչ միայն այն ժամանակ, երբ սեռական մտերմություն է ցանկանում
Նա կարող է ձեր կողքով անցնելիս գրկել ձեզ, զբոսանքի ժամանակ բռնել ձեր ձեռքը, տնից դուրս գալուց առաջ համբուրել կամ պարզապես երեկոյան բազմոցին նստած՝ փարվել ձեզ։
Պարտադիր չէ, որ այդ հպումները սեռական հարաբերության հանգեցնեն։ Երբեմն նա պարզապես ուզում է ձեզ ավելի մոտ լինել։
Հենց նման մանրուքներում է հաճախ արտահայտվում հուզական կապվածությունը։ Մարդը ցանկանում է գրկել կամ դիպչել ձեզ ոչ թե ինչ-որ ակնկալիքով, այլ պարզապես այն պատճառով, որ հաճելի է իրեն ձեր կողքին լինելը։
Իհարկե, ֆիզիկական շփման կարիքը բոլորի մոտ տարբեր է։ Սակայն եթե ձեր հարաբերություններում քնքշությունը միայն սեռական մտերմության նախերգանքը չէ, դա լավ նշան է։
8. Նա իր ընտրությունն ապացուցում է ոչ թե խոսքերով, այլ ամենօրյա արարքներով
Նա չի ստիպում ձեզ անընդհատ պայքարել իր ուշադրության համար։ Չի փորձում միտումնավոր խանդ առաջացնել, ժամանակ առ ժամանակ չի անհետանում՝ ձեզ անորոշության մեջ թողնելով, և չի ստիպում կռահել, թե որքանով եք կարևոր իր համար։
Նրա վերաբերմունքը երևում է առօրյա պահվածքից։ Նա կապի մեջ է ձեզ հետ, կատարում է իր խոստումները, ժամանակ գտնում երկուսիդ համար և ձեր ներկայությունն իր կյանքում չի համարում մի բան, որն անվերապահորեն իրեն տրված է։
Դուք ստիպված չեք ամեն օր ապացուցել, որ արժանի եք նրա ուշադրությանը։ Ոչ էլ ստիպված եք անընդհատ մտածել, թե արդյոք ձեր հարաբերություններն ապագա ունեն։
Ինչպե՞ս հասկանալ, որ տղամարդն իսկապես գնահատում է ձեզ
Չարժե տղամարդու զգացմունքների մասին դատել միայն հաճոյախոսությունների, նվերների կամ ռոմանտիկ անակնկալների քանակով։ Մարդիկ տարբեր կերպ են արտահայտում իրենց սերը։ Ոմանք հեշտությամբ են խոսում իրենց զգացմունքների մասին, իսկ մյուսները նախընտրում են սերն արտահայտել հոգատարությամբ ու արարքներով։
Սակայն մի կարևոր բան պետք է հիշել․ գեղեցիկ խոսքեր ասելու անկարողությունը չի կարող արդարացնել հուզական սառնությունը, անուշադրությունը կամ անհարգալից վերաբերմունքը։
Առանձին արարքներից եզրակացություններ անելու փոխարեն փորձեք ընդհանուր առմամբ գնահատել նրա վերաբերմունքը ձեր հանդեպ։ Հետաքրքրվո՞ւմ է նա ձեզնով։ Կարևորո՞ւմ է ձեր ցանկությունները։ Կարելի՞ է հույս դնել նրա վրա։ Պատրա՞ստ է հաշվի առնել ոչ միայն իր, այլև ձեր կարիքները։
Եվ հիշեք՝ տղամարդը կարող է ամեն օր չասել «Ես սիրում եմ քեզ»։ Սակայն այն մարդու կողքին, որն իսկապես գնահատում է ձեզ, կարիք չեք ունենա անընդհատ ապացույցներ փնտրելու, որ կարևոր եք նրա համար։
Մարդու իրական վերաբերմունքը երևում է ոչ թե մեկ տպավորիչ արարքից, այլ նրանից, թե ինչպես է նա ձեզ հետ վարվում ամեն օր։








