Բորտուղեկցորդուհիներ. նրանց աշխատանքը հաճախ չափազանց ռոմանտիկ են պատկերացնում՝ հեռավոր երկրներ, նոր ծանոթություններ, ժպիտներ, անթերի համազգեստ։ Սակայն քչերն են մտածում այն մասին, որ այս մասնագիտությունը նաև վտանգավոր է։ Եվ պատճառն ամենևին էլ երկնքում գտնվելը չէ։ Երբեմն վտանգը գալիս է հենց ուղևորներից։
Այս հոդվածի հերոսուհիները բորտուղեկցորդուհիներ են, որոնք ամենածանր պահերին չեն կորցրել իրենց սառնասրտությունը և մինչև վերջ կատարել են իրենց պարտքը՝ երբեմն անգամ սեփական կյանքի գնով։
Նիրջա Բհանոտ

Հնդկաստանից 23-ամյա բորտուղեկցորդուհի Նիրջա Բհանոտը զոհաբերեց սեփական կյանքը՝ հարյուրավոր ուղևորների փրկելու համար։ Դա տեղի ունեցավ Պակիստանի Կարաչի քաղաքում, որտեղ իսլամիստ ծայրահեղականներն առևանգել էին Pan Am ավիաընկերության 73-րդ չվերթի ինքնաթիռը։
Նիրջան չշփոթվեց և կարողացավ ժամանակին զգուշացնել օդաչուներին։ Դրա շնորհիվ հնարավոր եղավ կանխել ինքնաթիռի օդ բարձրանալը։
Ինքը՝ Նիրջան, մնաց ուղևորների կողքին։ Երբ պարզ դարձավ, որ ահաբեկիչները մտադիր են սպանել ԱՄՆ քաղաքացիներին, խիզախ աղջիկը կարողացավ թաքցնել նրանց անձնագրերը։ Այդ կերպ նա փրկեց նրանց կյանքը։
Երբ ուղևորների կյանքին անմիջական վտանգ սպառնաց, Նիրջան օգնեց նրանց դուրս գալ ինքնաթիռից։ Նա արդեն կարող էր ինքն էլ փրկվել, սակայն վերջին պահին նկատեց, որ ինքնաթիռում դեռ երեք երեխա կա։
Երեխաներին փրկելիս Նիրջան մահացու վիրավորվեց։ Երիտասարդ աղջիկն իր կյանքի գնով փրկեց փոքրիկներին։
Նիրջա Բհանոտի կյանքի և հերոսական սխրանքի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքում ավելի վաղ հրապարակված հոդվածում՝ «Նա մահացավ 23 տարեկանում, բայց փրկեց 360 մարդ և իր մարմնով ծածկեց 3 երեխայի»։
Նադեժդա Կուրչենկո

1970 թվականի հոկտեմբերի 15-ին խորհրդային 19-ամյա բորտուղեկցորդուհի Նադեժդա Կուրչենկոն զոհվեց՝ փորձելով կանխել ինքնաթիռի առևանգումը։
Ան-24 ինքնաթիռը, որում աշխատում էր Նադեժդան, Բաթումից Սուխում էր մեկնում։ Թռիչքը պետք է տևեր ընդամենը կես ժամ։
Սակայն այդ կարճատև թռիչքը վերածվեց ողբերգության։ Նկատելով, որ ուղևորներից մեկի պահվածքը կասկածելի է, Նադեժդան հասկացավ, որ վտանգ է սպառնում ինքնաթիռի անձնակազմին և ուղևորներին։
Չնայած ուժերի անհավասարությանը՝ երիտասարդ աղջիկն ամեն գնով փորձում էր կանխել ինքնաթիռի առևանգումը։ Ինքնաթիռի հրամանատարը նույնպես փորձում էր փրկել իրավիճակը։ Ցավոք, ահաբեկիչների դեմ պայքարում Նադեժդան մահացու վիրավորվեց։
Անձնակազմի անդամներից շատերը նույնպես վիրավորվեցին։ Այդուհանդերձ, հրամանատարին հաջողվեց օգնության ազդանշան հաղորդել և ինքնաթիռը վայրէջքի բերել Թուրքիայի Տրապիզոն քաղաքի օդանավակայանում։ Ահաբեկիչները ստիպված եղան հանձնվել։

Ցուցաբերած խիզախության և հերոսության համար Նադեժդա Կուրչենկոն հետմահու պարգևատրվեց Մարտական կարմիր դրոշի շքանշանով։
Վիկտորյա Զիլբերշտեյն

Ինչպես շատ աղջիկներ, Վիկտորյա Զիլբերշտեյնը նույնպես երազում էր բորտուղեկցորդուհի դառնալ։ Նրան գրավում էին հեռավոր երկրներն ու գեղեցիկ համազգեստը։ Եվ նրա երազանքն իրականացավ։ Աղետի պահին Վիկտորյան արդեն երկու տարի աշխատում էր որպես բորտուղեկցորդուհի։
Այդ օրը նա Իրկուտսկ մեկնող ինքնաթիռում էր։ Վայրէջքից առաջ ամեն ինչ ընթանում էր սովորականի պես։ Հնչում էին բոլորին ծանոթ խոսքերը.
«Հարգելի՛ ուղևորներ, խնդրում ենք ամրացնել անվտանգության գոտիները և ուղղել նստատեղերի թիկնակները»։
Վայրէջքից հետո Վիկտորյան նկատեց, որ ինքնաթիռը սովորականից երկար է շարժվում և կանգ չի առնում։ Հանկարծ ուժեղ հարված զգացվեց, սրահի լույսերը մարեցին, և ամենուր ծուխ տարածվեց։
Այդ պահին Վիկտորյան միայն մի բանի մասին էր մտածում՝ ինչպես փրկել ուղևորներին։ Նա իսկույն հիշեց իր հրահանգչի խոսքերը.
«Աղջիկնե՛ր, վթարի ժամանակ ամենակարևորը ինքնաթիռից դուրս գալու ճանապարհ բացելն է»։
Վիկտորյան քաշեց վթարային ելքի լծակն ու բացեց դռնակը։ Ուղևորները դուրս էին գալիս ինքնաթիռից՝ սահելով թեքված թևի վրայով։ Ինքը, հազիվ շնչելով թանձր ծխի մեջ, շարունակում էր օգնել մարդկանց։ Միայն նրանց դուրս գալուց հետո Վիկտորյան լքեց ինքնաթիռը։
Աղջիկը շոկային վիճակում էր։ Միայն հիվանդանոցում նա իմացավ, որ ուղեղի ցնցում է ստացել, ինքնաթիռը պայթել է, իսկ իր խիզախության շնորհիվ բազմաթիվ ուղևորներ ողջ են մնացել։
Շեյլա Ֆրեդերիկ

Այդ չվերթը սկսվեց ինչպես ցանկացած այլ չվերթ։ Ուղևորները զբաղեցնում էին իրենց տեղերը, իսկ բորտուղեկցորդուհիները կատարում էին իրենց աշխատանքը։ Սակայն երկու ուղևոր առանձնապես գրավել էին Շեյլայի ուշադրությունը։
Թվում էր, թե տղամարդն իր դստեր հետ է ճանապարհորդում։ Միայն թե տղամարդը շատ կոկիկ էր հագնված, իսկ աղջկա հագուստը ցնցոտիներ էր հիշեցնում։ Բացի այդ, աղջկա աչքերում ակնհայտ վախ կար։
Շեյլան առաջարկեց աղջկան ուղեկցել զուգարան։ Այնտեղ նա մի գրություն թողեց, որտեղ հարցնում էր՝ արդյոք աղջիկն օգնության կարիք ունի։ Աղջիկը պատասխանեց, որ ունի։
Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, ոստիկաններն արդեն սպասում էին սանդուղքի մոտ։
Պարզվեց, որ աղջկան իսկապես իր կամքին հակառակ էին տեղափոխում՝ սեռական ստրկության ենթարկելու նպատակով։
Մոր Լևի և Նիցան Ռաբինովիչ

Բորտուղեկցորդուհիները կարող են մարդկային կյանքեր փրկել ոչ միայն երկնքում, այլև գետնի վրա։ Իսրայելցի բորտուղեկցորդուհիներ Նիցան Ռաբինովիչն ու Մոր Լևին մահից փրկեցին 80-ամյա մի տղամարդու։
Այդ օրը աղջիկները Պեկինի օդանավակայանում էին։ Նրանք արդեն պատրաստվում էին մեկնել, երբ Նիցանը նկատեց, որ հեռախոսը չկա։ Նա ընկերուհուն խնդրեց իր հետ վերադառնալ մետրոյի կայարան՝ կորած հեռախոսը փնտրելու։
Երբ աղջիկները հասան կայարան, տեսան մի կնոջ, որն օգնություն էր կանչում։ Նրա կողքին անգիտակից վիճակում մի տղամարդ էր պառկած։
Նիցանն ու Մորը փորձեցին ստուգել տղամարդու անոթազարկը, սակայն այն չէր զգացվում։ Աղջիկներն անմիջապես սկսեցին վերակենդանացման միջոցառումներ իրականացնել՝ կիրառելով առաջին օգնության դասընթացների ժամանակ ձեռք բերած հմտությունները։
Մորը խնդրեց ներկաներին շտապ օդանավակայանից դեֆիբրիլյատոր բերել, իսկ ինքն այդ ընթացքում շտապօգնություն կանչեց։
Աղջիկները հասցրին ժամանակին օգնություն ցուցաբերել։ Տղամարդու սրտի աշխատանքը վերականգնվեց։ Երբ բժիշկները ժամանեցին, նա նույնիսկ մի փոքր բացեց աչքերը։
Մոտ կես ժամ տևած փրկարարական աշխատանքից հետո աղջիկները վազեցին դեպի իրենց ինքնաթիռը։ Նրանց հաջողվեց չուշանալ չվերթից և, կարծես ոչինչ չէր պատահել, ժպիտով դիմավորել ուղևորներին ու օգնել նրանց զբաղեցնել իրենց տեղերը։
Միայն ինքնաթիռի օդ բարձրանալուց հետո աղջիկներն իրենց թույլ տվեցին արտասվել։
Ի դեպ, կորած հեռախոսն էլ գտնվեց։







