Այսօր ամբողջ աշխարհը տարված է գաջեթներով՝ սմարթֆոններով, պլանշետներով և թվային այլ տեխնոլոգիաներով։ Նրանց հետ միասին աշխարհ է մտնում թվային թուլամտության վիրուսը։ Եվ սա կատակ չէ, սա ախտորոշում է։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
2007 թվականին մասնագետները նկատել են, որ թվային սերնդի ավելի շատ երեխաներ ամեն տարի տառապում են ուշադրության խանգարումներից, հիշողության կորստից, ինքնատիրապետման ցածր մակարդակից, ճանաչողական խանգարումներից, ճնշվածությունից և դեպրեսիայից: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թվային սերնդի ուղեղում այնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ի հայտ են գալիս ուղեղի տրավմատիկ վնասվածքից հետո կամ թուլամտության վաղ փուլերում՝ տկարամտություն, որը սովորաբար զարգանում է մեծ տարիքում:
Դժվար է հավատալ, բայց միջին յոթ տարեկան եվրոպացին իր կյանքի ավելի քան մեկ տարին արդեն անցկացրել է էկրանների մոտ (օրական 24 ժամ), իսկ 18-ամյա երիտասարդն անցկացրել է ավելի քան չորս տարի:
Ուզում եք ասել, որ երեխաները հիմա լրիվ ուրի՞շ են։ Այո, երեխաները տարբեր են, բայց նրանց ուղեղը նույնն է, ինչ մարդն ուներ հազար տարի առաջ՝ 100 միլիարդ նեյրոն, որոնցից յուրաքանչյուրը կապված է իր տեսակի տասը հազարի հետ։
Ուղեղը պետք է զարգացնել և կերակրել: Մեր բոլոր մտքերը, գործողությունները, բարդ խնդիրների լուծումը և խորը մտորումները հետք են թողնում մեր ուղեղում։ «Ոչինչ չի կարող փոխարինել այն, ինչ երեխաները ստանում են իրենց սեփական, ազատ և անկախ մտածողությունից, երբ նրանք ուսումնասիրում են ֆիզիկական աշխարհը և բախվում ինչ-որ նոր բանի», – ասում է հոգեբանության բրիտանացի պրոֆեսոր Տանյա Բիրոնը:
Դուք կապշեք, բայց 1970 թվականից ի վեր երեխաների ակտիվության շառավիղը (տան շուրջ տարածությունը, որտեղ երեխաները ազատորեն ուսումնասիրում են իրենց շրջապատող աշխարհը) նվազել է 90%-ով: Աշխարհը փոքրացել է մինչև սմարթֆոնի էկրանը։ Երեխաները մոռացել են և, ինչը որ ավելի վատ է, պարզապես չգիտեն, թե ինչ է անձրևի տակ վազելը, նավակներ բաց թողնելը, ծառեր մագլցելը կամ պարզապես միմյանց հետ զրուցելը: Նրանք նստում են ժամերով՝ մտած իրենց սմարթֆոնի մեջ։ Բայց նրանք պետք է զարգացնեն իրենց մկանները, տեղյակ լինեն այն ռիսկերի մասին, որոնք աշխարհը պատրաստել է նրանց համար և պարզապես շփվել իրենց ընկերների հետ:
«Զարմանալի է, թե որքան արագ է ձևավորվել մի ամբողջ նոր տիպի միջավայր, որտեղ համը, հոտը և հպումը չեն խթանվում, որտեղ մենք շատ ժամանակ նստում ենք էկրանների առջև և չենք քայլում մաքուր օդում և ժամանակ չենք անցկացնում դեմ առ դեմ զրույցներում», – ասում է Սյուզան Գրինֆիլդը: Մենք հաստատ անհանգստանալու բան ունենք։
Ուղեղը ձևավորվում է, երբ կան արտաքին գրգռիչներ և որքան շատ լինեն, այնքան լավ ուղեղի համար։ Ուստի շատ կարևոր է, որ երեխաները ֆիզիկապես ուսումնասիրեն աշխարհը, բայց ոչ վիրտուալ: Աճող ուղեղը դրա կարիքն ունի, ինչպես հազար տարի առաջ:
Նաև երեխային անհրաժեշտ է առողջ և լիարժեք քուն։ Սակայն ժամանակակից երեխաները չեն կարողանում հեռանալ համացանցից ու կտրվել համակարգչային խաղերից։ Սա մեծապես նվազեցնում է նրանց քնի տևողությունը և հանգեցնում խանգարումների։ Ինչպե՞ս կարող է զարգացում լինել, երբ հոգնած ես, և գլուխդ ցավում է, իսկ դպրոցական առաջադրանքները պարզապես չեն տեղավորվում քո գլխում:
Ինչպե՞ս կարող է թվային տեխնոլոգիան փոխել երեխայի ուղեղը, հարցնում եք: Նախ՝ արտաքին գրգռիչների թիվը սահմանափակ է ինտերնետում միապաղաղ ժամանցի պատճառով։ Երեխան չի ստանում այն փորձը, որն անհրաժեշտ է՝ զարգացնելու ուղեղի բավական կարևոր հատվածները, որոնք պատասխանատու են կարեկցանքի, ինքնատիրապետման, որոշումների կայացման համար… Իսկ այն, ինչ չի աշխատում, մեռնում է: Ի վերջո, մարդու մոտ, ով դադարել է քայլել, ատրոֆիայի են ենթարկվում ոտքերը: Երեխաները սովոր չեն հիշել տեղեկատվությունը։ Նրանց համար ավելի հեշտ է գտնել այն որոնման համակարգերում: Ահա ձեզ խնդիրներ նաև հիշողության հետ: Նրանք այն ընդհանրապես չեն մարզում։
Կարդացեք նաև՝ Խնձոր խնձորենուց. 7 բան, որ ձեր երեխաները կանեն այնպես, ինչպես դուք
Ի՞նչ եք կարծում, երեխաները շատ ավելի խելացի են դարձե՞լ ինտերնետի շնորհիվ։ Գիտե՞ք, որ այսօրվա 11-ամյա երեխաները կատարում են առաջադրանքներ այն մակարդակով, ինչ ութ-ինը տարեկանները ցույց էին տալիս 30 տարի առաջ: Հետազոտողները նշում են, որ դրա հիմնական պատճառներից մեկը վիրտուալ աշխարհում կյանքն է։
«Ես վախենում եմ, որ թվային տեխնոլոգիաները մանկամտացնում են ուղեղը՝ վերածելով այն փոքր երեխաների ուղեղի, որոնց գրավում են բզզացող ձայները և վառ լույսերը, ովքեր չեն կարողանում կենտրոնանալ և ապրել ներկա պահին», – ասում է Սյուզան Գրինֆիլդը:
Բայց դուք դեռ կարող եք փրկել ձեր երեխաներին: Բավական է միայն սահմանափակել բոլոր տեսակի գաջեթների օգտագործման ժամանակը։ Դուք կզարմանաք, բայց թվային արդյունաբերության գուրու Սթիվ Ջոբսը հենց դա էլ արեց։ Նրա երեխաներն ընդհանրապես չեն օգտագործել iPad-ը, իսկ գիշերներն ու հանգստյան օրերին նրանց արգելվում էր օգտագործել այլ գաջեթներ։
Ամերիկյան Wired ամսագրի գլխավոր խմբագիր Քրիս Անդերսոնը, որը 3D Robotics-ի հիմնադիրներից մեկն է, նույնպես սահմանափակում է իր երեխաներին գաջեթներ օգտագործելու հարցում։ Անդերսոնի կանոնը՝ ննջասենյակում էկրաններ կամ գաջեթներ չկան: «Ես, ինչպես ոչ ոք, վտանգ եմ տեսնում ինտերնետի նկատմամբ չափազանց մեծ ոգևորության մեջ։ Ես ինքս զգացել եմ այս խնդիրը և չեմ ուզում, որ իմ երեխաները նույն խնդիրներն ունենան»։
Blogger-ի և Twitter-ի ծառայությունների ստեղծողի որդիները կարող էին օգտագործել իրենց պլանշետներն ու սմարթֆոնները օրական ոչ ավելի, քան 1 ժամ, իսկ OutCast Agency-ի տնօրենը սահմանափակում է գաջեթների օգտագործումը տանը օրական 30 րոպեով։ Նրա կրտսեր երեխաներն ընդհանրապես գաջեթներ չունեն։
Ահա «Ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։ Հոգ տանել հաջորդ սերնդի մասին: Մտածեք, թե ինչ է սպասվում նրանց 10-20 տարի հետո, եթե այսօր նրանք կես օր անց են կացնում իրենց գերժամանակակից գաջեթների էկրանների առաջ։