fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՊՈԵԶԻԱ Պարույր Սևակ - Ուզում եմ

Պարույր Սևակ – Ուզում եմ

Ես ուզում եմ, որ պարապը լցվի լացով,
բայց ոչ թե մոր, այլ մանուկի։
Ես ուզում եմ, որ կարապը ոչ թե մեռնի,
որ կարապը ապրի՜ երգով։
Ես ուզում եմ, որ տարափը տեղա արտի,
ոչ թե՝ իզուր՝ ծովի վրա։
Ես ուզում եմ, որ քարափը քարայծ պահի,
ոչ թե օձեր ու մողեսներ:

Ու թե մահը անխուսափ է՝
Թող նա տանի ո՛չ հերոսին, այլ մարդուկին։
Թե կռիվը անխուսափ է՝
Թող չկռվեն երկու երկիր, այլ մարդ ու կին։
Թե արդուկելն անխուսափ է՝
Ահա շո՛րը – սի՜րտ մի հանձնեք տաք արդուկին։

Թաղե՞լ է պետք –
պառավ մորը որդին թաղի,
ոչ թե մայրը ջահել որդուն։

Եթե երգել՝
Այնպե՛ս երգել, որ մտքի մեջ չմտածեն. , «Հոգի հանեց»։
Եթե գրկել՝
Այնպե՛ս գրկել, որ նվազեք իրար գրկում։
Եթե հարգել՝
Այնպե՛ս հարգել, որ քծնանքի չվերածվի։
Եթե փրկել՝
Այնպե՛ս փրկել, որ փրկվածը երախտիքի խոսքեր չասի։
Ու թե պառկել՝
Այնպե՛ս պառկել, որ խափանվի տանկի՜ ճամփան,
ոչ թե հրշեջ մեքենայի։

Մի անգամ էլ թողեք ուզեմ.
Ես ուզում եմ՝
ինչպես մարդու նախահայրը իր օթևան քարանձավից՝
չար նախանձի կերպարանքով հին գազանն էլ
առանց ցավի մարդու սիրտը թողած՝ գնա՜ …

Ես ուզում եմ.
Եթե գերվել՝
ոչ թշնամուց,
այլ խելքահան աղջիկներից։
Եթե մերվել՝
ապա երբեք չթթվելով։
Եթե լարվել՝
ապա միայն ստեղծելիս։
Եթե ճարվել՝
ապա փրկել մահամերձին։
Եթե ներվել՝
էլ չվիճե՛լ, էլ չկռվե՛լ։
Եթե սիրվել՝
միայն մեկի՛ց և մե՜կ անգամ …

Ես ուզում եմ, ձեր կարծիքով անհնա՞րը։
Թո՛ղ, այդ դեպքում, կանայք ծնեն առանց ցավի՜,
Երկրները պատերազմեն, սակայն առանց արյան ծովի՜,
Հրդեհները առանց հրի՜ թող ճարակեն,
Մարդիկ իրար առողջությա՜մբ թող վարակեն։
Թե բարակել է հարկավոր՝
թող բարակի մե՛ջքը կանանց,
Թե տառակեր է հարկավոր՝
թող նա մնա մեզ անճանա՛չ։
Պատարագե՞լ է հարկավոր՝
համերգային մեծ բեմերի՜ց պատարագվի,
ո՛չ թե երգով դագաղ փակվի։
Կոտորակվե՞լ է հարկավոր՝
դպրոցական տետրակներո՛ւմ կոտորակվի,
ո՛չ թե մարդկանց սիրտը ծակվի։
Ի՞նչ, տրաքվե՞լ է հարկավոր.
թող տրաքվի մանկան փուչիկ-խաղալիքը,
այն էլ եթե անորակ է,
ոչ թե արդար և մեղավոր
մեր մարդկային մոլորակը …

Ես ուզում եմ …
Այն եմ ուզում՝ ինչ ամենքըդ …

25,26.05.1957թ.
Մոսկվա

կարդացեք նաև

ԹԵՍՏ․ Ճի՞շտ է, թե՞ սուտ: Ստուգեք Ձեր ինտուիցիան, տրամաբանությունն ու առողջ միտքը

Այս թեստի օգնությամբ դուք կարող եք ստուգել ոչ միայն փաստերի իմացության Ձեր մակարդակը, այլ նաև ինտուիցիան, տրամաբանությունն ու առողջ միտքը: Դե ի՞նչ, պատրա՞ստ եք...

ԹԵՍՏ․ Կկարողանա՞ք պատասխանել աշխարհի մասին այս 10 ոչ հեշտ հարցերին

Աշխարհում չկա այնպիսի մարդ, ով բացարձակ ամեն ինչ իմանա աշխարհի և իր շուրջը կատարվողի մասին: Բայց ո՞վ է խանգարում զարգանալ և իմանալ այնքան, որքան...

Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»: Մեջբերումներ գրքից

«Կեցության անտանելի թեթևությունը» Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև XX դարի վեպի որակական նոր մակարդակը։ Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական...
video

Արամ MP3, Միհրան Ծառուկյան, Արաբո Իսպիրյան, Մկրտիչ Արզումանյան, Արսեն Սաֆարյան – ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔ

Արամ MP3, Միհրան Ծառուկյան, Արաբո Իսպիրյան, Մկրտիչ Արզումանյան, Արսեն Սաֆարյան աստղաբույլը ներկայացրել է նոր երգ ու տեսահոլովակ «ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔ» անվանումով: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 21-ից 27-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 21-ից 27-ը: ԽՈՅԵՐ Ձեզ խորհուրդ չի տրվում ալկոհոլ օգտագործել` հատկապես ձեր սիրելիի ներկայությամբ: Դրա անգամ ամենաչնչին չափաբաժինը փորձելուց հետո դուք,...