Պուբլիլիոս Սիրոս (լատ.՝ Publilius կամ Publius Syrus), մ.թ.ա. առաջին դարում ապրած հռոմեացի բանաստեղծ, ծնունդով Ասորիքից։ Որպես ստրուկ բերվել է Հռոմ, որտեղ և հետագայում ազատություն է ստացել։ Գրել է մի շարք միմեր ( բեմականացման համար նախատեսված մանրապատումներ), որոնցից հետագայում առանձնացվել և հրատարակվել են խրատական բնույթի ասացվածքներ։ Ասացվածքների այդ ժողովածուն մեծ ժողովրդականություն էր վայելում հնում և միջին դարերում։ Եվ ահա ներկայացնում ենք այդ ասացվածքներից մի քանիսը։
1. Ագահին նույնքան պակասում է այն, ինչ ունի, որքան աղքատին այն, ինչ չունի:
2. Շատ բան, որի մասին ոչ ոք չի մտածել, ակնթարթն է բերում:
3. Լավ մարդուն բնությունն է ստեղծում, ոչ թե խավը:
4. Մարդու կյանքն ու համբավը համաքայլ են գնում:
5. Կյանքի ղեկավարը ճակատագիրն է և ոչ իմաստությունը:
6. Ավաղ, որքան ցավալի է վնաս կրել նրանից, ում չես համարձակվի պատժել:
7. Եթե ծովային ես, աշխատիր ցամաքում ապրողներից հեռու մնալ:
8. Բարեկամ ձևացողը ամենամեծ թշնամին է:
9. Պիտի վախենալ նրանից, ով վախենում է աղքատությունից:
10. Գորտը ոսկի գահից էլ կցատկի ճահճի մեջ:
11. Դառը դեղը թուլացնում է լեղու դառնությունը:
12. Որքան էլ հանդուրժես, կլինի մեկը, որին հանդուրժել չես կարող:
13. Չափազանց պարզ սիրտ մարդը շուտ է խաբվում:
14. Վախեցիր ծերությունից, որովհետև նա միայնակ չի գալիս:
15. Լավի հետ մեկտեղ աստված մարդուն երկու անգամ ավելի վատ բան է տալիս:
16. Մեռած առյուծին նույնիսկ շան ձագն է կծում:
17. Ամենահաճելի կյանքը անգետ լինելն է:
18. Ազնվացեղ ձին արհամարհում է շան հաչոցը:
19. Խոսքն անզոր է, երբ մեջտեղ է գալիս ոսկին:
20. Մարդկային կյանքը կարճ է, դրա համար էլ փառավոր մահն անմահություն է:
Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.