fbpx

Պարույր Սևակ – Ուշացած իմ սեր (հատվածներ)

Սևակ բայց ինչ հարազատ է քո մտածելակերպը՝ հարազատ ու իմը.

“Սեր”, 1997, ©Արամ Հակոբյան (Արխանգելո)
http://arxangelo.info/mypaints

…Իսկ դուք նկատե՞լ եք,
Բոլոր մանուկները
Ե՛վ նման են իրար,
Ե՛վ իրարից տարբեր:
Չե՞ք նկատել արդյոք, որ աշխարհում
Տգեղ մանո՞ւկ, երբե՛ք.
Աշխարհումըս բոլո՜ր մանուկներն են սիրուն…
…Ու եթե ես թափառում եմ այգիներում,
Որ վերստին լսեմ զանգ-ծիծաղը նրանց,
Տեսնեմ ինքնամոռաց – տարված խաղը նրանց,
Տեսնեմ,
Թե ինչպես են կավից տնակ շինում,
Գոտի շինում խոտից.
Տեսնեմ,
Թե ինչպես ենք իրենք իրենց զինում
Լաց լինելով ստից.
Լսեմ,
Թե ոնց նրանք բլբլում են անվերջ
Ու մոր հոգին հանում.
– “Իսկ այս ի՞նչ է, մա՛մա”…
Լսե՛մ,
Թե հալվելով՝
Ի՜նչ սիրով է նրանց մայրը պատասխանում,
Մերթ էլ.
– “Բավական է, դե մի՛ հանիր համը”…
Տեսնե՛մ,
Թե ինչպես են մեկը մեկի առաջ
Իրենց հայրիկներով հպարտանում.
Սրանն ինժեներ է,
Նրանն օդաչու է,
Որ…երկընքի՜ց անգամ անց է կենում…

Այստեղ ես հասկանում,
Զգում ու հասկանում ամբողջ սրտով,
Որ դու ի՞նչ էլ լինես՝
Ճարտարապե՛տ,
Վարպե՛տ,
Միլիցիոնե՛ր, –
Դու ամենի՜ց առաջ՝
Այս ամենից առաջ և կամ հետո՝
Պարտավոր ես կյանքում… “հայրիկ” լինել…
Եվ խենթ մի ցանկություն
Լափլիզում է քո սիրտն ու հոգին
Որ քե՛զ,
Եվ քե՛զ,
Եվ քե՜զ
“Հայրիկ” կոչի ձայնը ինչ-որ մեկի:

Ինչո՞ւ ինչ-որ մեկի:
Ո՛չ թե ինչ-որ մեկի,
Այլ, սիրելի՜ս, ձայնը մե՛ր մանկիկի…

___________

Ես աղջիկ եմ ուզում,
Որ քեզ նման լինի.-
Քեզ պես՝ կախարդանքով իրեն զինի.
Քո հասակի նման՝ մանրանկար հասակ,
Ինչպես քո դեմքի շուրջ՝ լուսապսակ.
Լինի քեզ պես նազո՛ւկ,
Քեզ պես նազո՜ւն,
Եվ քեզ նման զգաստ,
Ե՛վ երազուն.
Ու երբ ժպտա քեզ պես՝
Բացվի արշալույսը.
Ու երբ նայի քեզ պես՝
Վառվի մարած հույսը.
Երբ ծիծաղի քեզ պես՝
Զգաս –
Կյանքն է զնգում.
Ու երբ սիրի –
Զգաս՝
Արժե՜ ապրել կյանքում:
Ամե՛ն ինչով նման,
Թուլությունո՜վ անգամ,
Քե՛զ պես,
Միայն… քեզ պես դառնություննե՜ր չզգա…

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պարույր Սևակ – Ուշացած իմ սեր (հատվածներ)