fbpx

Պարույր Սևակ – Անծանոթուհուն

9175Ես մտածում եմ.
Կանցնի մի շաբաթ,
Ու ես վերստին կտեսնեմ նրան,
Ում հանդիպեցի առաջի՜ն անգամ,
եվ մի – երկու բառ փոխանակեցինք`
Չծանոթացած:
Կտեսնեմ նրան
Ու կասեմ «դու»-ով.
-Թույլ տուր տամ մի հարց,
Բայց շատ եմ խնդրում,
Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք:
Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,
Եվ ողջ մի շաբաթ ժպտացել ես ինձ,
Անվե՜րջ – անդադա՜ր ժպտացել:
Ինչու՞:
Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ ինձ ասես`
Ես գոհ կմնամ,
Իսկ եթե շիկնես`
Առավե՛լ ևս:
Իսկ եթե շիկնես`
Կշարունակեմ.
-Երկու փոսիկիդ,
Որ կա երեսիդ,
Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել
Հմայքի ծովո՜վ:
Ես նոր հասկացա,
Թե ոնց է լինում,
Որ հողագնդի կլոր կողերից
Ծովերը երբեք չեն թափվում ներքև,
Ու չեն դատարկվում այն փոսիկները,
Որ մենք կոչում ենք ծովերի հատակ…
Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ որ ասես,
Ես գոհ կմնամ:
Միայն… միայն թե դու չնկատես,
Որ հանկարծ ես քեզ`
Անծանոթուհուդ,
Դիմել եմ «դու»-ով:
Թե չնկատես`
Ես այնժամ կասեմ.
-Դե՜ , անունդ ասա…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Պարույր Սևակ – Անծանոթուհուն
ԻՄ ՍԻՐՏԸ (3d max, թեսթային անիմացիա)