Ճիշտն ասած ես չգիտեմ պադաո՞քս է սա, օրինաչափությու՞ն, թե՞ դեգրադացիայի հետևանք, սակայն երևի նկատած կլինեք, որ հայկական ինտերնետում մեծ հանրաճանաչություն և այցելություններ են ձեռք բերում ամենաանորակ ու ամենա ոչ ինտելեկտուալ կայքերն ու բլոգները, իսկ այն կայքերն ու բլոգները, որոնք քիչ թե շատ օգտակար ու ուսուցողական ինֆորմացիա են պարունակում՝ մնում են ստվերում: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ ես խորությամբ չեմ ուսումնասիրել այլ ազգերի մոտ համացանցում ինչ է կատարվում, այդ իսկ պատճառով խոսում եմ միայն հայկական համացանցի մասին:
Երևի նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր հայկական համացանցում ամենաայցելվող բլոգներն ու կայքերը դրանք կամ օդնոկլասնիկի կամ այլ կայքերի կամ ծրագրերի անիմաստ և անօգուտ հնարքներ տրամադրողներն են, կամ իրար հետ մրցող հարցումների կայքերը (ասենք հարց է տրված. Հայաստա՞ն թե՞ Ադրբեջան և լայքերի միջոցով որոշվում է հաղթողը) և կամ վերջերս մեծ տարածում գտած, իմ կողմից անչափ ատելի, այսպես կոչված մեմոներով կամ տրոլինգով (որոնց հայերը մեծ սխալմամբ կոմիքս են անվանում) կայքերը: Այս կայքերի այցելությունները անհամեմատելի մեծ են, քան ասենք Պարույր Սևակին կամ այլ հայ մեծերին նվիրված կայքերինը, ավելի մեծ են, քան ասենք գեղարվեստին, գիտությանը նվիրված կայքերինը: Եվ նույնիսկ վերջերս ինձ համար պարզ դարձավ, որ մեր ազգի մեջ նույնիսկ ավտոսիրողներն են չափազանց քիչ: Իսկ ես սխալմամբ միշտ կարծում էի, որ հայերս ավտոսիրող ժողովուրդ ենք:
Սեփական փորձից ելնելով և մի քանի տարվա հայկական համացանցի ուսումնասիրությունները ինձ թույլ տվեցին եզրակացնել, որ համացանցից օգվողների մեծ մասը խուսափում է ուսուցողական և մի փոքր ուղեղի լարում պահանջող նյութերից, հոդվածներից և ընդհակառակը՝ ձգտում է ավելի թեթև, առավելագույն կերպով ուղեղի լարում չպահանջող նյութերի, նկարների: Ցավոք չեմ կարող նույնիսկ ասել, որ նրանք ձգտում են ժամանցային նյութերի, որովհետև այդ ամենի մեջ իրականում ժամանցը ամենավերջին տեղն է գրավում, եթե իհարկե գրավում է:
Մի կարծեք, որ ես մեղադրում եմ այս կայքերը ստեղծողներին: Ոչ, ամենևին, ես նույնիսկ նրանց հասկանում եմ: Իհարկե նրանք լավ են անում և ճիշտ, որովհետև նրանք իրենց սեփական շահն ունեն: Կա պահանջարկ և ուրեմն մեղք չէ ստեղծել առաջարկ: Այս ամենի՝ ըստ իս, դեգրադացիայի միակ մեղավորը այն մարդիկ են, որոնք այցելում են այդ կայքեր:
Ու այս ամենը տեսնելով չեմ ուզում հավատալ դեգրադացիային, բայց և չեմ էլ կարողանում հասկանալ սա պարադո՞քս է, թե՞ օրինաչափություն…
Ի վերջո ինչի՞ արդյունք է սա և մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու: