Ինչու է ամռան վերջին ամիսն առաջացնում տագնապ և «ազատության ավարտի» զգացողություն. մեկնաբանում են հոգեբաններն ու հոգեբույժները։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Օգոստոսը, առաջին հայացքից, ամռան շարունակությունն է՝ արև, հանգիստ, երկար երեկոներ։ Սակայն շատերի համար հենց սեզոնի վերջին ամիսն է դառնում տագնապի և ներքին լարվածության աղբյուր։ Անգլալեզու սոցցանցերում այս երևույթն արդեն ստացել է «August Scaries» անվանումը, որը թարգմանվում է որպես «օգոստոսյան սարսափներ»։
«Երկար կիրակիի» էֆեկտը
Newsweek-ը գրում է, որ օգոստոսի համեմատությունը կիրակիի հետ վիրուսային է դարձել TikTok-ի շնորհիվ. օգտատերերը նկարագրում են այն որպես մի ժամանակահատված, երբ հանգիստը ձևականորեն դեռ շարունակվում է, բայց մտքերն ավելի ու ավելի հաճախ են վերադառնում աշխատանքային և ուսումնական պարտականություններին։
Բլոգեր Ռեգան Սուինին դա ձևակերպել է այսպես. «Հունիսն ուրբաթի է նման, հուլիսը՝ շաբաթի, իսկ օգոստոսը՝ կիրակիի»։ Այս նկարագրությունն արձագանք գտավ հազարավոր մարդկանց շրջանում. շատերը խոստովանեցին, որ օգոստոսին թախիծ և «վերջի նախազգացում» են ապրում։
Հոգեբանները նման վիճակը բնորոշում են որպես «անցումային սթրեսի» դրսևորում, երբ կենսակերպի ռիթմի փոփոխությունն ընկալվում է որպես հնարավոր սպառնալիք։
Ինչու է օգոստոսը տագնապ հրահրում
Փորձագետները նշում են մի քանի հիմնական գործոն.
Առօրյայի փոփոխություն
Կլինիկական հիպնոթերապևտ Ինգրիդ Ռեդֆորդի խոսքով՝ մեր ուղեղը ձգտում է կանխատեսելիության։ Արձակուրդների ավարտը և ուսումնական տարվա սկիզբը խախտում են սովորական կարգը, և ամիգդալան՝ ուղեղի՝ տագնապի համար պատասխանատու հատվածը, ակտիվանում է նույնիսկ առանց իրական վտանգի։
Ճանաչողական ծանրաբեռնվածություն
Հոգեթերապևտ Ջոզեֆ Քոնուեյն ընդգծում է՝ «արձակուրդային ռեժիմից» վերջնաժամկետներին ու աշխատանքային պարտականություններին վերադառնալն ուժեղացնում է սթրեսը։ Սա համընկնում է ամռան ավարտի հետ՝ «կրկնակի հարված» հասցնելով հոգեկանին։
Էվոլյուցիոն մեխանիզմներ
Հոգեբույժ Հաննա Նիրնին «օգոստոսյան տագնապը» համեմատում է ցուրտ սեզոնին պատրաստվելու հինավուրց բնազդի հետ։ «Մեր նախնիներն անհանգստություն էին զգում ձմռանը ընդառաջ։ Այսօր բնության խիստ պայմաններին փոխարինել են աշխատանքային խորհրդակցությունները, դպրոցական դասացուցակներն ու ծանրաբեռնվածությունը», – բացատրում է նա։
Գոյաբանական (էկզիստենցիալ) գործոն
Հոգեբան Ադինա Բաբադը նշում է, որ սեզոնային անցումները մեզ հիշեցնում են ժամանակի և դրա սրընթաց ընթացքի մասին։ Ամառն ասոցացվում է ազատության և անհոգության հետ, իսկ օգոստոսը դառնում է դրանց ավարտի խորհրդանիշը։
Կարդացեք նաև՝ Ինչպես պայքարել հետարձակուրդային դեպրեսիայի դեմ
Ինչպես մեղմել «օգոստոսյան սարսափները»
Մասնագետները համակարծիք են. գլխավորն ընդունելն է, որ այդ զգացողությունները նորմալ են, և հարմարվողականության ռազմավարություն մշակելը։ Ահա մի քանի խորհուրդ.
- Աստիճանաբար վերականգնեք առօրյայի տարրերը՝ դեռ մինչև սեպտեմբեր։
- Պահպանեք առնազն մեկ «ամառային» զբաղմունք, որպեսզի խուսափեք կտրուկ փոփոխության զգացումից։
- Հաճելի իրադարձություններ պլանավորեք աշնան սկզբի համար, որպեսզի ուշադրությունը «կորստից» տեղափոխվի «նորի սպասման» վրա։
- Ամրագրեք անցած ամռան դրական պահերը, որպեսզի սեզոնի ավարտն ընկալվի որպես ամբողջացված փուլ, այլ ոչ թե կորուստ։
Օգոստոսը՝ որպես վերաիմաստավորման շրջան
Հոգեթերապևտ Լեսլի Դևենպորտը առաջարկում է օգոստոսը դիտարկել ոչ թե որպես ավարտ, այլ որպես անցումային փուլ։ «Եթե այս վիճակն ընդունենք որպես ժամանակավոր և բնական երևույթ, լարվածությունը կթուլանա։ Աշունը կարող է դառնալ նոր բացահայտումների և սովորույթների ժամանակաշրջան, այլ ոչ թե միայն ազատության ավարտի խորհրդանիշ»։
Այսպիսով, «օգոստոսյան տագնապը» պարզապես համացանցային մեմ չէ, այլ կենսառիթմի փոփոխության և ժամանակի ընկալման հետ կապված խորքային հոգեբանական գործընթացների արտացոլում։ Եվ, ըստ մասնագետների, այս վիճակը հաղթահարելու լավագույն միջոցն ամռան ավարտը նոր սեզոնը գիտակցաբար սկսելու հնարավորության վերածելն է։








