fbpx

Լեգենդ իմ երկրի մասին: Նվիրվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին

[infobox title=’Մեր ընթերցողներից Ալլա Լույսը գրում է.’]

Ձեզ  եմ  ներկայացնում «Լեգենդ  իմ  երկրի մասին» ստեղծագործությունը, որով դպրոցական տարիներին հաղթել եմ գրական մրցույթում : Այժմ լրացրել և փոփոխության եմ  ենթարկել, քանի որ տարիներ անց  ընդլայնվել է իմ մտահորիզոնը: Լեգենդի անգլերեն տարբերակը հրապարակված է   www.massispost.com   կայքում : Այս  նոր տարբերակը նվիրում եմ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին:

Հարգանքներով՝  Ալլա Լույս

[/infobox]

Լեգենդ իմ երկրի մասին

Եղել է, կա ու կլինի իմ երկիր Հայաստանը, որին դարեր շարունակ կոչում էին դրախտավայր,  չքնաղ երկիր, դյուցազունների աշխարհ…

Արևով լցված մի բարի հրեշտակ՝ Հրաշք-աղջիկը, պաշտպանում էր իմ երկիրը: Նրա  վարդալուրթ  զգեստի ծիրանե շյուղերը փայլում էին ոսկեթավ լույսի ցոլքերի նման: Կարմիր  քարերի նրբին շարանը պարուրում էր փեշերը:

Հրաշք-աղջկա աջ բազկին կապված էր մի կանաչ թևնոց, որի փիրուզե քարերը շողուն  ուլունքներ էին կազմում, ինչպես խաղողի հյութեղ ողկույզներ:

Աղջիկն ապրում էր դրախտի չորս գետերի՝ Եփրատի, Տիգրիսի, Ճորոխի և Արաքսի  չքնաղագեղ հովիտներում, ուր դայլայլում էին եդեմի սոխակներն ու ծփում կապուտակ լճերը:

Ոսկեթել մազերի դեղին ալիքը վառվում էր հայոց լեռների զմրուխտե ծովում: Շաղոտ ոտքերի  սահուն քայլվածքով նա զբոսնում էր հակինթե դաշտերում և իր գեղեցկության շուքով զարդարում  շուրջբոլորը:

Երբ Արարիչը ջրհեղեղով լցրեց ողջ երկրագունդը, չքնաղ աղջիկն իր վարսերով ծածկեց իմ  երկիրը, պաշտպանելով այն անհաղթ աղետի հուժկու օրհասից:

Աշխարհակործան անձրևների դադարելուն պես, ճերմակ աղավնին կյանքի ավետիս տարավ  Նոյին՝ մի կանաչ երկրի գոյության մասին, որը տոկուն հայերի լեռնոտ աշխարհն էր: Նոյը նայում է  ներքև և բացականչում.«Այո, երևում է կանաչ երկիրը, ես տեսնում եմ այն»:

Նա կանգնեցրեց տապանն ու որոշեց նախ իջնել իմ երկրի հողին և շրջել…

Վայելելով կանաչ երկրի գեղեցկությունը` նա տեսնում է Հրաշք-աղջկան, զմայլվում նրանով և  ցանկանում կատարել նրա բարի ցանկությունները:

– Սրբացրու իմ երկիրը, որպեսզի այնտեղ ամեն ինչ լինի գեղեցիկ և համեղ: Թող ազգիս  դարերի երթը երբեք չընկրկի հավերժի առաջ, – խնդրում է աղջիկը:

Եվ օրհնում է Նոյը, որ այս երկրի մարդիկ ջուրը խմեն ակունքից, վայելեն մեղրածոր մրգերն  ու անուշաբույր գինին:

– Քո երկրում աճող ծիրանի ծառերը նման կլինեն զգեստիդ շյուղերին, խաղողի տունկից  բացվող ողկույզը՝ թևնոցիդ փայլող կանաչ քարերին: Դառնանուշ նռան թարմ հատիկները  կբացվեն իբրև փեշդ զարդարող կարմիր ուլունքներ: Այն լինելու է հայ ժողովրդի խորհրդանիշը:

– Երևի այս ուլունքները նռնաքարե՞ր կկոչվեն,- հարցրեց աղջիկը:

– Այո’,- պատասխանեց Նոյն ու շարունակեց,- այդ մրգերն աշխարհի ոչ մի անկյունում այնքան  համեղ չեն լինի, որքան քո երկրում:

Հայկական կոնյակի անմոռաց համը դրոշմ կթողնի ըմպողի շուրթերին: Մարգարտյա լճի  կապույտ հայելում կլողան երազով լցված լուսե ամպերը: Քաղցրահամ ջրի եզակի պաշարը  կյանքի աղբյուր կդառնա հայ ազգի համար: Արարատյան դաշտի ոսկեթագ արևը զարդաքող  գարուններ և հուրհրուն ամառներ կվառի:

Նա աղջկա պարանոցից մի խաչ կախեց և ասաց.«Քո ազգն աշխարհում առաջինն է  ընդունելու քրիստոնեությունը»:

Հրաշք-աղջիկն ուրախությամբ լսում էր Նոյի խոստումները:  Սակայն Նոյը գիտեր, որ խարույկի դիմաց մոխիր է տրվում:

– Այո’, Արարատ լեռան պես վեհ ու գեղեցիկ կլինեն ազգիդ անուրջները, նրանց լուսե  ձգտումները: Սակայն դրանց հասնելու ուղին այնքան դժվար կլինի, որքան լեռան բարձունքին  տիրելու պայքարը,- ասաց Նոյը և հրաժեշտ տալով աղջկան՝ հանկարծ անհետացավ:

Հրաշք-աղջիկը հավաքեց վարսերի փունջը, ուրախ շրջեց իմ երկրի խաղաղ արտերով և  բլրազարդ դաշտերով:

Անցնում են դարեր: Թշնամիները լսում են իմ երկրի բարիքների մասին և գալիս են այն  գրավելու: Նրանց գազանային ճիրանների և անհագ ախորժակի դեմ անզոր է լինում նաև  պահապան-հրեշտակը: Այնքան համեղ էին իմ երկրի բարիքները, որ պատառ-պատառ բզկտում  էր ոսոխը, ավերում երկիրը: Այս տեսնելով՝ Հրաշք-աղջիկը ընկերանում է քամուն, վազում է  սարերով ու գետերով, լինում է ամենուր: Նա գնում էր խաղաղ ապրելու երազի ճամփով, ձեռքը  պարզելով գոյության դափնու դալար շիվերին: Արևի խամրած ցոլքերը ստվերաթավ մութ էին  կաթում, աշխարհը լցնում մոխրացող լույսի տարտամ շողերով: Դա ազգային վիշտ էր, բայց և  խոստում էր վերածնության: Անհուն կարոտի մաշող հառաչը տագնապ էր բերում Հրաշք-աղջկան: Արյունող վերքի կարմիր բարբաջը մորմոքի երգեր էր հյուսում, որին աշխարհը չէր արձագանքում :

Հրաշք-աղջկա ոտնահետքերը դառնում էին քարեր և փորձում փակել ոսոխի ճանապարհը:   Ահա թե ինչու, իմ երկիրը լի է քարերով: Ամենուր քարեր են, քարեր ու քարքարոտ լեռներ:

Վազում է աղջիկը, վազում և բարձրանում սուրբ լեռան՝ Արարատի գագաթը: Ներքև նայելով՝  նա տեսնում է հուժկու ոսոխի անսանձ ավերը: Անզոր են լինում անգամ քարերը: Ով ինչքան  կարողանում թալանում էր, կոտորում…

Դրախտավայր երկրից մնում է մի փոքրիկ կտոր: Վշտից սպիտակում են Հրաշք-աղջկա ոսկեթել  մազերը: Նա վարսերի ճերմակ ջրվեժը փաթաթում է սուրբ լեռան գագաթին, ծածկում այն և մնում  նստած-քարացած՝ արև հայացքը հառած դեպի բզկտված երկրի տառապող սիրտը:

Ամեն հայի երազանքն է բարձրանալ Արարատ լեռան գագաթն ու կանգնել նրա սառցե  կատարին: Սակայն քչերին է հաջողվում այդ անել. Հրաշք-աղջկա սառնաշունչ ոգին փակում է  ելնողի ճանապարհն ու դժվարացնում վերելքի ընթացքը: Արարատը համառների լեռն է: Հրաշք-աղջիկը եզակի մարդկանց է թողնում բարձրանալ լեռն ու մոտենալ իրեն:

Նոյի խոստումները, որպես գոյության կանաչ ծվեններ, ձուլվում են կյանքի հարատև շնչին. իմ  ժողովուրդը դարձավ մոլորակի առաջին քրիստոնյա ազգը, Հրաշք-աղջկա հագուստի գույներն  այսօր զարդարում են Հայաստանի դրոշը:

Մեր հույսերը ձուլվում են պայքարի ոգուն, վշտերը հյուսվում հաղթող հավատի լուսե  շողանքին: Հոգսաշատ կյանքի ճամփեքում թրծված՝ անցնում է հայը, անմար պահելով վսեմ իղձերի  ոսկե կանթեղը:

Այս լեգենդը չվերջացավ, մնաց անավարտ…

Մի օր աղջիկը շունչ կառնի, կիջնի լեռան գագաթից, կշրջի Հայաստանի ճամփեքով, անթիվ,  անհամար քարերը կդարձնի դյուցազուն զինվորներ, կամոքի ազգիս արյունոտ վերքերը և ապահով  կապրի իմ երկրում: Իր արև-աչքերով նա կբերի ուրախ առավոտներ և լույս-երեկոներ:

Հեղինակ՝ Ալլա լույս


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Լեգենդ իմ երկրի մասին: Նվիրվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին
Աշխարհագրության ԹԵՍՏ, որի հարցերի պատասխանները պարտավոր է իմանա յուրաքանչյուրը