Կալիումը կարևոր էլեկտրոլիտ է, որն օգնում է օրգանիզմին կատարել գործառույթների լայն շրջանակ: Այն, մասնավորապես, մասնակցում է հեղուկի հավասարակշռության կարգավորմանը, աջակցում է մկանների կծկմանը և նյարդերի աշխատանքին: Այս մասին գրում է Prevention-ը:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Նշվում է, որ կալիումով հարուստ սննդակարգը նույնպես նպաստում է արյան ճնշման իջեցմանը և կաթվածի ռիսկի նվազեցմանը: Ըստ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալների՝ այս միկրոտարրի առաջարկվող օրական նորման կազմում է մոտ 3400 մգ տղամարդկանց և 2600 մգ կանանց համար: Միջին չափի բանանն ապահովում է մոտ 422 մգ կամ օրական պահանջարկի մոտավորապես 9%-ից 12%-ը:
Հոդվածի հեղինակ, գրանցված սննդաբան Լորեն Մանակերը նշել է 7 մթերք, որոնցում կալիումի պարունակությունն ավելի բարձր է, քան բանանում՝ համաձայն ԱՄՆ Գյուղդեպարտամենտի տվյալների:
1. Ավոկադո
100 գ այս մրգի մեջ պարունակվում է մոտ 690 մգ կալիում կամ օրական նորմայի 15-21%-ը:
Ավոկադոն համեղ է և միևնույն ժամանակ հանդիսանում է սննդարար նյութերի աղբյուր: Այն հարուստ է ոչ միայն կալիումով, այլև օգտակար մոնոչհագեցած ճարպերով, բջջանյութով և վիտամին K-ով, ինչը դարձնում է այն հիանալի մթերք սրտի առողջության և մարսողության համար:
2. Բատատ
130 գ ջեռոցում եփած քաղցր կարտոֆիլը պարունակում է 542 մգ կալիում կամ օրական նորմայի 12-16%-ը:
Այս մթերքը նաև բետա-կարոտինի առատ աղբյուր է․ հակաօքսիդանտ, որը ձեր օրգանիզմը վերածում է վիտամին A-ի: Վերջինս կենսական նշանակություն ունի տեսողության և իմունային համակարգի գործառույթների համար:
3. Սպանախ
180 գ խաշած սպանախի մեջ կա մոտավորապես 558 մգ կալիում կամ օրական նորմայի 12-16%-ը:
Բացի կալիումից, այս կանաչին հարուստ է վիտամիններ K-ով և A-ով, երկաթով, մագնեզիումով՝ նյութեր, որոնք անհրաժեշտ են ոսկորների առողջության և էներգիայի արտադրության համար:
4. Ձմերուկ
572 գ ձմերուկը պարունակում է 640 մգ կալիում, ինչը կազմում է օրական նորմայի մոտավորապես 14-18%-ը:
Ձմերուկը նաև ցիտրուլինի հիանալի աղբյուր է՝ ամինաթթու, որը կարող է բարելավել ֆիզիկական աշխատունակությունը, և լիկոպինի՝ հզոր հակաօքսիդանտի, որը կապված է բորբոքային գործընթացների ռիսկի նվազեցման հետ: Բացի այդ, ձմերուկը հիանալի կերպով հագեցնում է օրգանիզմը ջրով:
Կարդացեք նաև՝ Ինչպես է սև պղպեղն ազդում սրտի վրա. սննդաբաններն անվանել են այս համեմունքի 4 զարմանալի հատկությունները
5. Սպիտակ լոբի
130 գ մթերքը պարունակում է 600 մգ կալիում՝ օրական նորմայի մոտավորապես 13-17%-ը:
Բացի այդ, լոբին բուսական սպիտակուցի և բջջանյութի մատչելի աղբյուր է: Այս մթերքի ներառումը սննդակարգում նպաստում է հագեցվածության զգացողությանը և մարսողական համակարգի առողջության պահպանմանը:
6. Ծիրանաչիր
65 գ մթերքը պարունակում է 755 մգ կալիում, ինչը կազմում է օրական նորմայի մոտավորապես 16-22%-ը:
Մրգերից ջրի հեռացումը խտացնում է դրանց սննդարար նյութերը: Սակայն հիշեք, որ մեծ քանակությամբ չրեղենը կարող է հանգեցնել օրգանիզմում շաքարի մակարդակի բարձրացմանը:
7. Սաղմոն
142 գ ձուկը պարունակում է 624 մգ կալիում՝ օրական նորմայի մոտավորապես 13-18%-ը:
Բացի կալիումից, սաղմոնը հայտնի է օմեգա-3 ճարպաթթուների բարձր պարունակությամբ, որոնք անհրաժեշտ են ուղեղի առողջության և բորբոքումների նվազեցման համար:








