ԱՄՆ գիտնականները վերջերս համակարգչային վերլուծության են ենթարկել 38 միլիոն մահախոսական՝ ուսումնասիրելով դրանցում ամենահաճախ օգտագործվող բառերը։ Արդյունքները զարմանալի էին. պարզվում է՝ հրաժեշտի խոսքում մարդիկ հազվադեպ են շեշտում հանգուցյալի կարգավիճակը, պաշտոնները կամ տիտղոսները։ Դրանցից անհամեմատ կարևոր է այն, թե ինչպիսի մարդ է նա եղել՝ բարի, հուսալի, հոգատար, մեկը, ով հարգել է ավանդույթները։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ո՞ր արժեքներն են իրականում կարևոր
Մահախոսականների շուրջ 80%-ում որպես հանգուցյալի գլխավոր առաքինություն նշվել է ավանդույթներն ու կրոնը հարգելը, իսկ 76%-ում՝ ուրիշների նկատմամբ հոգատարությունը, հենարան լինելու և վստահություն ներշնչելու ունակությունը։ «Շատ հաճախ էին հանդիպում կրոնին և հավատքին առնչվող բառեր, ինչպիսիք են՝ «հավատացյալ», «Աստվածաշունչ», «քարոզիչ»», — բացատրում է հետազոտության ղեկավար Դեյվիդ Մարկովիցը՝ Միչիգանի պետական համալսարանի դոցենտ։
Պարզ ասած՝ մեր մահից հետո մարդիկ հիշելու են ոչ թե այն, թե որքան գումար ենք վաստակել կամ ինչ բարձունքների ենք հասել, այլ այն, թե ինչպիսի մարդ ենք եղել մեր մտերիմների համար՝ հավատարիմ, ուշադիր, օգնության ձեռք մեկնելու պատրաստ։
Ինչպե՞ս են հիշում տղամարդկանց և կանանց
Հետազոտությունը ցույց է տալիս նաև, որ հիշատակվող հատկանիշները հաճախ կախված են լինում մարդու սեռից, տարիքից և նույնիսկ հասարակական իրադարձություններից։
- Կանանց դեպքում հատկապես կարևորվում է բարությունն ու մտերիմների մասին հոգ տանելու ունակությունը։
- Տղամարդկանց պարագայում՝ ձեռքբերումները և ընտանիքի ու հասարակության հանդեպ պարտքի զգացումը։
- Տարեցներին հիշում են նաև որպես ավանդույթների պահապանների։
Ինչպե՞ս են սոցիալական ճգնաժամերը փոխում մեր արժեքները
Գիտնականները պարզել են, որ հասարակական ցնցումները ուղղակիորեն ազդում են այն բանի վրա, թե մենք ինչն ենք կարևորում մարդու մեջ։
Ոչ թե անվտանգություն, այլ մարդասիրություն
Օրինակ, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո մահախոսականներում նվազել են այնպիսի որակների հիշատակումները, ինչպիսիք են հուսալիությունը կամ ընտանիքի անվտանգությունն ապահովելու կարողությունը։ Փոխարենը, շեշտը դրվել է բարության և ավանդույթներին հավատարմության վրա, հատկապես Նյու Յորքի ողբերգության զոհերի դեպքում։
«Մարդիկ իրենց ավելի քիչ պաշտպանված զգացին, ուստի դադարեցին դա կարևորել», — բացատրում է Մարկովիցը։ Անկայուն ժամանակներում առաջին պլան են մղվում մարդկային որակներն ու ավանդույթները։
Ոչ թե ձեռքբերումներ, այլ ճգնաժամը հաղթահարելու ունակություն
2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո մարդիկ սկսեցին ավելի քիչ կարևորել սոցիալական ձեռքբերումները։ Հասարակության մեջ կարծես հոգնածություն էր առաջացել «արդյունքների մրցավազքից»։ Հետաքրքրական է, որ նվազել էին նաև կրոնականության և ավանդույթներին հավատարմության մասին հիշատակումները։ Քանի որ ճգնաժամը բանկային էր, իսկ բանկերը համարվում են ավանդական կառույցներ, սա սասանեց վստահությունը ոչ միայն տնտեսության, այլև ցանկացած ինստիտուտի, այդ թվում՝ եկեղեցու նկատմամբ։
Կարդացեք նաև՝ Զիգմունդ Ֆրեյդի այս երեք իմաստուն մեջբերումները բացատրում են կյանքի իմաստը՝ կարճ և պարզ
Ոչ թե կապեր, այլ ավանդույթներ
Covid-19 համավարակը նորից փոխեց շեշտադրումները։ Մարդիկ ավելի հազվադեպ էին հիշատակում շրջապատի նկատմամբ ցուցաբերած բարի վերաբերմունքը։ «Պարադոքսն այն էր, որ մենք շարունակում էինք հոգ տանել միմյանց մասին, բայց մնալով տանը՝ ֆիզիկապես հեռացանք, ինչը ստեղծեց նաև զգացմունքային տարածություն», — ասում է Մարկովիցը։ Փոխարենը, ավանդույթների, կրոնի և սոցիալական պարտականությունների թեմաներն ավելի հաճախ էին շոշափվում, քան մինչ համավարակը։
Ուրիշ ինչի մասին են պատմում մահախոսականները
Մարկովիցը նշում է, որ բացի կրոնական հավատքից, մահախոսականներում հաճախ են հնչում նվիրվածության, հոգևոր արժեքների և ընդհանուր բարօրության մասին մտքեր։ Ամենաշատ հանդիպող բառերի շարքում են՝ «կին», «մայր», «հոգատար», «ընկեր»՝ այն ամենը, ինչը վերաբերում է սոցիալական կապերին և մտերիմների աջակցությանը։
Իսկ ամենաքիչ հիշատակվողները իշխանության կամ անձնական ազդեցության հետ կապված բառերն են՝ «ուժեղ», «միշտ պայքարող» և այլն։ Համավարակի ժամանակ մարդու զբաղեցրած պաշտոնը կամ կարիերան դարձան էլ ավելի երկրորդական։
Ինչո՞ւ է այս ամենը պետք իմանալ ապրողներիս
Գիտնականների կարծիքով, մահախոսականները եզակի հնարավորություն են՝ հասկանալու, թե իրականում ինչն է արժևորվում այս աշխարհում, և որն է կյանքի խորքային իմաստը։ Դրանք ցույց են տալիս, թե ինչի համար են մեզ հիշելու մեր երեխաները, թոռներն ու ծոռները։
Եվ վերջում, ևս մեկ անգամ ակնհայտի մասին. կյանքի վերջում մեզ հիշելու են ոչ թե վաստակած գումարի կամ ունեցած իշխանության համար, այլ դժվար պահին մեկմեկու աջակցելու, մարդկանց մասին հոգ տանելու և բարի ավանդույթները պահպանելու համար։ Մի բան, որի մասին մենք շատ հաճախ մոռանում ենք առօրյա հոգսերի մեջ։








