fbpx

Ինչու է ուղեղն այդքան «սիրում» բացասական մտքերը․ հոգեբանը բացահայտել է 3 պատճառ

Այս հատկանիշը ձևավորվել է էվոլյուցիայի արդյունքում և սրվել ժամանակակից սթրեսի պատճառով։

Եթե ​​նկատել եք, որ հաճախ կենտրոնանում եք բացասական մտքերի վրա և հստակ հիշում եք տարիներ առաջ տեղի ունեցած ամենաանհարմար պահերը, բայց միևնույն ժամանակ միշտ մոռանում եք լավը, ապա իմացեք՝ դա անհատականության յուրահատկություն չէ, այլ ֆենոմեն, որը տասնամյակներ շարունակ արձանագրվել և ուսումնասիրվել է էվոլյուցիոն հոգեբանության մեջ։ Forbes-ի հոդվածում հոգեբան Մարկ Թրևերսը նշում է երեք հիմնական պատճառ, թե ինչու է ձեր ուղեղը հակված դեպի բացասականը, և պատմում է, թե ինչպես կարելի է դրա դեմ պայքարել։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. Ուղեղը էվոլյուցիայի է ենթարկվել՝ բացասական մտքերին առաջնահերթություն տալու համար

Անցյալում մարդիկ ունեին մեկ խնդիր՝ գոյատևել, իսկ դա նշանակում էր ուշադրություն դարձնել այն ամենին, ինչը կարող էր վնաս հասցնել։ Պոտենցիալ վտանգը բաց թողնելը կարող էր մահացու լինել, մինչդեռ որևէ դրական բանի բացակայությունը, օրինակ՝ գեղեցիկ ծառի կամ հաճելի ձայնի, հազվադեպ էր հանգեցնում լուրջ հետևանքների։

Նույնիսկ այսօր ուղեղը սոցիալական մերժումը, քննադատությունը, ֆինանսական մտավախությունները կամ անորոշությունը ընկալում է որպես գոյատևման պոտենցիալ սպառնալիքներ։

«Դուք կարող եք մտքում պտտել գործընկերոջ զայրացած տոնը կամ ձեր թույլ տված սխալը՝ նույնիսկ գտնվելով ֆիզիկական անվտանգության մեջ։ Նման պահին կարևոր է հիշեցնել ինքներդ ձեզ, որ ձեր ուղեղը չի փորձում տանջել ձեզ․ այն փորձում է պաշտպանել ձեզ իրեն հասանելի լավագույն եղանակով», — գրում է Թրևերսը։

2. Բացասական մտքերը փորձում են կանխել բացասական իրադարձությունները

Հոգեբանական հետազոտությունները վաղուց հաստատել են մեր հակումը՝ հիշելու բացասական փորձառությունները ավելի վառ, քան դրականները։ Ուսումնասիրությունները նաև փաստում են, որ բացասական փորձը մեծ ակտիվություն է առաջացնում ուղեղի տեղեկատվության մշակման կենտրոնում, մասնավորապես՝ նշաձև մարմնում (amygdala), որն առաջնահերթությունը տալիս է հուզական երանգավորում ունեցող հիշողություններին։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Սոցիալական հոգեբանները նաև պարզել են, որ մարդիկ ավելի մեծ հուզական կշիռ են տալիս կորուստներին, քան ձեռքբերումներին։

Այս սովորությունը ոչ միայն ձևավորում է հիշողությունը, այլև փոխում է որոշումների կայացման գործընթացը, մոտիվացիան և ինքնընկալումը՝ կանխելու կորուստները և այլ բացասական իրադարձությունները ապագայում։

Խնդիրն այն է, որ եթե դուք ակտիվորեն չաշխատեք դրական փորձը նկատելու և ամրապնդելու ուղղությամբ, ձեր ուղեղը «լռելյայն» (by default) կշարունակի կողմնորոշվել դեպի այն, ինչը սխալ է, այլ ոչ թե այն, ինչը ճիշտ է, և դա կարող է հանգեցնել կյանքում մշտական վախի ձևավորմանը։

Կարդացեք նաև՝ Ուղեղը բացասական մտքերից ազատելու 10 միջոց

3. Բացասական մտքերը ստեղծում են հուզական հետադարձ կապի ցիկլեր

2014 թվականին Psychoneuroendocrinology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ սթրեսային իրադարձությունից հետո բացասական մտքերի «պտտելը» կանխատեսում է կորտիզոլի ավելի բարձր արձագանք ապագա սթրեսային գործոնների նկատմամբ։ Ուղեղը հարմարվում է վտանգի սպասմանը (նույնիսկ եթե այն չկա) և ավելի ուժեղ է արձագանքում պոտենցիալ սպառնալիքի հաջորդ զգացողությանը։

Լավ նորությունն այն է, որ այս ցիկլերը կարելի է ընդհատել նպատակաուղղված մենթալ սովորությունների օգնությամբ, և ուղեղը կարող է վերակառուցվել կրկնության միջոցով։ Հետազոտություններով հաստատված պրակտիկաներից են՝

  • Գիտակցվածություն և հողանցում (заземление)․ Կիրառեք ձեր մտքերի դիտարկումը՝ առանց դատապարտման։ Եվ երբ նկատում եք բացասական մեկնաբանություն, կանգ առեք և հարցրեք ինքներդ ձեզ․ «Կարելի՞ է արդյոք սա այլ կերպ տեսնել»։
  • Կենտրոնացում երախտագիտության և դրականի վրա․ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն բաների կանոնավոր թվարկումը, որոնց համար շնորհակալ եք, բարձրացնում է ակտիվությունը ուղեղի՝ բարեկեցության հետ կապված հատվածներում և նվազեցնում սթրեսի մակարդակը։ Դրական պահը 10–20 վայրկյան գիտակցության մեջ պահելը օգնում է դրան ավելի խորը կոդավորվել՝ հակազդելով բացասական նախատրամադրվածությանը։
  • Կոգնիտիվ վերաիմաստավորում․ Օգտագործեք կոգնիտիվ-վարքային թերապիայի տեխնիկաները՝ բացասական վերագրումներին դիմակայելու համար։ Հարցրեք ինքներդ ձեզ․ «Սա իսկապե՞ս թշնամական մտադրություն է, թե՞ պարզապես թյուրիմացություն»։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչու է ուղեղն այդքան «սիրում» բացասական մտքերը․ հոգեբանը բացահայտել է 3 պատճառ
8 անհավանական փաստեր հղիության մասին, որոնց մասին չգիտեն նույնիսկ ապագա մայրիկները