Անկեղծ խոստովանեք՝ երբևէ ձեզ զգացե՞լ եք կենդանի դիակ՝ աշխատող ուղեղով։ Երբ ներսումդ բացարձակ լռություն է, իսկ դրսում՝ բարեկեցության դիմակ։ Կարծես ապրում ես ապակե գմբեթի տակ, ուր հույզերը պարզապես քեզ չեն հասնում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Երբևէ փորձե՞լ եք կույր մարդուն բացատրել, թե ինչ է կարմիր գույնը։ Ահա ուրիշին սեփական հուզական սառեցումը նկարագրելը գրեթե նույնքան դժվար է։ Թե ինչ անել, երբ ոչինչ չես ուզում և կարծես ոչինչ չես զգում, պատմում է հոգեբանը։
Ալեքսիթիմիա․ երբ հոգեկանը հույզերը «դադարի» վրա է դնում
Եկեք անկեղծ լինենք․ ալեքսիթիմիան թուլություն կամ հիվանդություն չէ, այլ պաշտպանության մտածված մեխանիզմ է։ Պատկերացրեք մի մարդու, որն ապրում է սև-սպիտակ ֆիլմում, մինչդեռ մյուսները դիտում են 4K որակով՝ ծավալային ձայնով։ Նա չի ձևացնում, նա իսկապես գույներ չի տեսնում։ Եվ ոչ, դա չի նշանակում, որ նա անզգա կոճղ է․ պարզապես նրա ուղեղն է որոշել յուրահատուկ խաղեր խաղալ։
Ձեր ուղեղը պարզապես որոշել է, որ ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չզգալ, քան շարունակել կրել հուզական ցավը։ Բայց ի՞նչն է ստիպել ձեր հոգեկանին միացնել այս ռեժիմը։
Ինչո՞ւ է դա տեղի ունենում
Պատկերացրեք՝ ձեր հոգեկանը խելացի պահակ է, որը որոշել է, թե հույզերը չափազանց վտանգավոր են։ Եվ ահա դուք արդեն ապրում եք հուզական անզգայացմամբ՝ չհասկանալով, թե ինչու է կյանքը վերածվել սև-սպիտակ ֆիլմի։ Ձեր կյանքի ո՞ր իրադարձությունները կարող էին հիմք դառնալ այս պաշտպանական մեխանիզմի համար։
Անկեղծ խոստովանեք՝ ե՞րբ եք վերջին անգամ հոգնածությունից բացի իրապես այլ բան զգացել։
Հուզական սառեցման նշանները
Ստուգեք ինքներդ ձեզ․
- Դուք կարող եք ժամերով վերլուծել իրավիճակը, բայց ոչ մի զգացմունք չեք ապրում։
- Ձեր մարմինը հիվանդություններով և ցավերով է արձագանքում, մինչդեռ հոգեկանն անվրդով է։
- Երբ ուրիշները լաց են լինում երջանկությունից, դուք անտարբեր եք մնում։
Իսկ միգուցե դա անտարբերություն չէ, այլ պարզապես արգելափակված զգացմունքնե՞ր։ Ինչպե՞ս կփոխվեր ձեր կյանքը, եթե կարողանայիք դրանք ապաարգելափակել։
Հոգեբանական արմատները
Ամենից հաճախ ալեքսիթիմիայի պատճառները թաքնված են՝
- Հույզերի բազմամյա ճնշման մեջ։
- Տրավմատիկ փորձառության մեջ, որից հետո հոգեկանն «անջատել» է զգացմունքները։
- Դաստիարակության մեջ, որտեղ հույզերը համարվել են թուլության նշան։
Իսկ հիմա գլխավոր հարցը․ ինչո՞ւ է հոգեկանը հանկարծ որոշում արգելափակել հույզերը։ Գուցե որովհետև չափազանց շատ եք մտածել ապագայի մասին և մոռացել ապրել ներկայո՞վ։ Կամ որովհետև ժամանակին ինքներդ ձեզ ասել եք․ «Այլևս ոչ մի զգացմունք, միայն տրամաբանությո՛ւն»։
Բնածին ալեքսիթիմիան նման է դալթոնիկ ծնվելուն։ Ոչինչ անել հնարավոր չէ, այդպիսին է նյարդային համակարգի առանձնահատկությունը։ Իսկ ձեռքբերովի ալեքսիթիմիան այն է, երբ հոգեկանն ասում է․ «Վե՛րջ, բավական է, ես այլևս չեմ կարող դիմանալ» և միացնում է էներգախնայողության ռեժիմը։
Ինչպե՞ս սկսել «հալվել»
Սկսեք պարզ քայլերից․
- Հետևեք մարմնական ռեակցիաներին․ հենց մարմնում են պահվում ձեր թաքցրած հույզերը։
- Կիրառեք գիտակցված շնչառություն․ դա զարթուցիչի պես է հույզերի համար։
- Վարեք մարմնական զգացողությունների օրագիր, ոչ թե մտքերի։
Իսկ միգուցե սկսե՞նք ամենափոքրից՝ ընդունելուց, թե իրականում ինչ եք զգում։
Կարդացեք նաև՝ Երբ քեզ համար դժվար է, իսկ հոգիդ էլ հոգնել է, կարդա այս տողերը
Գործնական տեխնիկաներ
Ուշադրությո՛ւն, օգտակար հնարք․ հույզերն ապրում են մարմնում։ Սկսեք փոքրից՝ զգացեք, թե ինչպես է բաբախում սիրտը, ինչպես է կուրծքը բարձրանում ու իջնում շնչելիս։ Այո՛, այո՛, հնչում է շաբլոնային, բայց աշխատում է։
Փորձեք հետևյալը․
- Լոգանք ընդունեք փակ աչքերով՝ կենտրոնանալով զգացողությունների վրա։
- Երաժշտություն լսեք առանց ականջակալների՝ թույլ տալով, որ հնչյունները համակեն ձեզ։
- Նկարագրեք ձեր զգացողություններն ուտելիքից՝ չօգտագործելով «համեղ է» կամ «անհամ է» բառերը։
- Գուգլեք «հույզերի բառարան» և պահեք այն ձեռքի տակ։ Օրվա ընթացքում մի քանի անգամ ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչ հույզ եք հիմա ապրում։ «Ոչ մի» պատասխանը չի ընդունվում։ Եթե չեք կարողանում ճանաչել հույզը, բառարանը կօգնի։
Այս տեխնիկաներից ո՞րն է ձեզ մոտ ամենամեծ դիմադրությունն առաջացնում։ Ինչո՞ւ։
Ի՞նչ անել հետո
Կարևոր է գիտակցել․ ալեքսիթիմիայի հետ աշխատանքն արագ գործընթաց չէ, սակայն արդյունքն արժե դրան։ Սա ճանապարհ է դեպի ավելի լիարժեք և գիտակցված կյանք, որտեղ դուք նորից կսովորեք զգալ։
Ո՞րն է այն առաջին փոքրիկ քայլը, որը պատրաստ եք անել հենց հիմա։
P.S. Եվ այո, գիտեմ, թե ինչ եք մտածում․ «Էլի այս հոգեբանն իր խորհուրդներով»։ Բայց եկեք անկեղծ լինենք․ եթե դա պարզ լիներ, բոլորը վաղուց սովորած կլինեին զգալ։ Խնդիրն այն է, որ մենք տարիներ շարունակ մարզվել ենք ՉԶԳԱԼՈՒ համար։
P.P.S. Միգուցե ժամանակն է սովորել զգալ նորովի՞։ Առանց վախի, առանց ցավի, պարզապես՝ լինել կենդանի։ Իսկ եթե հենց հիմա անե՞ք առաջին քայլը դեպի ձեր զգացմունքները։ Ո՞րը կլինի այն։
ԿԱՐԵՎՈՐ Է
Առաջին հույզերը, որոնք կսկսեք զգալ, լինելու են հենց այն հույզերը, որոնց պատճառով «սառել» եք՝ ցավ, վախ, ամոթ կամ ոչ պակաս ծանր որևէ այլ բան։ Անցե՛ք այս փուլի միջով՝ թույլ տալով ինքներդ ձեզ ապրել այդ հույզերը։ Օգնության համար դիմեք մասնագետի՝ վիճակը թեթևացնելու և այս ճանապարհն ավելի հեշտ անցնելու համար։
Ծանր հույզերին կհետևեն ուրախալիները։ Մենք չենք կարող ապրել միայն հաճելի հույզեր․ կա՛մ մենք ապրում ենք ամբողջ ներկապնակը, կա՛մ «սառում» ենք։ Իսկ հույզերի ամբողջական ներկապնակին դիմանալը հասուն անհատի որակ է։








