fbpx

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Քուրդը գոմեշի ուսը շոյելով գնաց, գավակը շոյելով պտտվեց, մեջքը շոյելով եկավ, եկավ քորեց ականջը և հանկարծ ճղեց ականջի ծայրն ու մոխիր քսեց։ Քուրդը հիմա ունեցավ ձախ ականջի ծերը ճղած հիսուն ոչխար, մի գոմեշ, չորս կով, իրեք էծ, քուռակը տակին մի մադյան, էրկու շուն։ Գոմեշի անունը՝ Նարղոզ։ Ո՞վ է ասում թե մադյանն իբր ուրիշի է եղել, բաշպորտը հրեն, թող գնան բաշպորտը նայեն։ Քուռակ ժամանակներից է մադյանն իրենը։
– Կթե,– ասաց նա մորը,– կուրծը լիքն է, կթե։ Աղ լիզե,– ասաց նա գոմեշին,– ականջդ քիչ է ցավում, լիզե։
Քրդի մայրը կանգնել էր կռները խաչած ու լաց էր լինում, հետո ժպտալով ասաց որդուն.
– Շկո, որ թողնես գնա՝ գելը ուտի, ափսոս է, չէ՞, Շկո։
Քուրդը քորում էր գոմեշի ականջատակը, քուրդն ասաց.
– Բա կուտի, հիմար գել է, բա ինչ կանի։ Տասնմեկ տարեկան է։
Քրդի աղջնակն աղբյուրից զույգ դույլով եկավ։ Արծաթե զարդերը զնգզնգացնելով ծափ զարկեց ու մատներն իրար հագցրած կանգնեց գոմեշի դեմ.
– Ինչ լավ գումշուկ ունե՜մ։ Ձագուկն ո՞ւր է։

Քրդի մայրը պղնձե ամանը լվաց, լուռ արտասվելով մտավ գոմեշի տակ և լացով ու երգով սկսեց կթել փափուկ-փափուկ՝ փըխ-փըխ, փըխ-փըխ. վիզը ծռելով գոմեշը հոտ քաշեց, նրանից ոչխարի հոտ էր գալիս, ետ դրեց ոտը և թույլ-թույլ բացեց կաթի երակները։ Սարին քսվելով հովն անցնում-գնում էր, իսկ ոչխարի կծու հոտը ուրթին կպած էր մնում, արև էր ու շոգ չէր, ուրթի գլխին կապերը լուռ տնքալով քանդում էր խանձարուրի չափ մի սպիտակ ամպ, ամպի տակ իր երգի ճոճքում մի փոքրիկ արտույտ հրճվում էր՝ թե արև է, հով է, ամպ է, ես եմ, պառավը գոմեշին կթում է, ինչ ուրախ է։

Եվ հանկարծ կաթի երակները կարծրացան ու միանգամից փակվեցին։
– Վո՜ւյ էս ինչ էր,– փշաքաղվեց քրդի մայրը,– չարքը զարկեց։
Փափուկ նիրհի մեջ գոմեշը հանկարծ տեսավ, որ ընդարմությունից արթնանում ու շնչավորվում է ներքևի փոքրիկ հարթավայրը։ Շրջապատը մթնում էր, իսկ ներքևի փոքրիկ հարթավայրը լուսավորվում ջերմ ու առկայծող։ Ու մեկ էլ ներքևի շոգ հարթավայրում գոմեշների խմբից զատվեց, սևացավ ու վիթխարիացավ գոմշացուլը և, գլուխը բարձր, տաք ու խուլ մռլնգաց շատ ավելի ողնաշարով և ուսով, քան թոքերի ուժգնությամբ։

Գոմեշը կանգնեց սպասեց, աչքերը տամկացան, և հետո նրա կանչին պատասխանեց ուշ, շատ ուշ։ Ապա խլացավ, կուրացավ, խելագարվեց ու մղվեց գլուխը բարձր, ինքը գետնից կտրված։ Մի բան կտրուկ շուռ տվեց նրա վիզը և կոտրեց, գրեթե կոտրեց։ Պարանն ու ցիցը։ Նա սպասեց որ քուրդը կապն արձակի, բայց քուրդը կպել էր ցցին ու, փաթաթներ տալով, կարճացնում էր պարանը։ Նա ետ-ետ արեց, պարանը պինդ էր, եղջյուրների արմատները ցավեցին, իսկ ցիցն ու քուրդը տեղահան ելան, քարշ եկան նրա կողքից։ Նա գնաց ցատկելով, դնչի տակ թե կողքերին մի շուն էր դեսուդեն նետվում, պարանը կճղակի արանքն ընկավ, դուրս պրծավ ու ցիցը զարկեց փորին, իսկ շունը վնգստում էր հեռու մի տեղ, պարանը դարձյալ մտավ կճղակի արանքը, և նա գայթեց, ծնկեց ու ելավ տաքության մեջ խուլ։ Նա կանգ առավ, նայեց տամուկ աչքերով ու մռլնգաց։
Պարանոցը թեք՝ գոմշացուլը կանգնած էր անշարժ ու մռլնգում էր ինքն իր ներսում։

Կանգ առնելով յուրաքանչյուր քայլից հետո, նա վերևից իջավ հանգիստ, նա նրան մոտեցավ քայլ առ քայլ։ Նրանք կանգնեցին իրարից հեռու և նայեցին իրար։ Եվ դրանից հետո նրանք ոչինչ չարեցին, այլ արեց նախիրների ու գոմեշների աստվածը։ Նա նրանց արանքի հեռավորությունը հանեց, նրա վիզը դրեց նրա բկի տակ, խառնեց նրանց սաթե հոսանքները միմյանց, նրանց փաթաթեց խուլ գվվոցների, կարոտների, խլության, կուրության, անամոթության ու արյան ցնդող տաքության նույն թանձր թաղիքի մեջ։ Եվ երբ նրանք նույնացան, նա ինքն այլևս չկար, նա գոմեշ չէր, այլ այրվող, բաց, շեկ արգանդ։ Եվ երբ իր արյունը բռնկվեց ու հանգավ, նա անջատվեց նրանից, ինքը փակեց իրեն, դարձավ առանձին, սև, մայրացու, գոմեշ։ Սարերի ձայները խշշոցով լցվեցին ականջները, մութը ետ գնաց, պարզ լույս եղավ, լեռների ու գոմեշների գծերը ճոճվեցին ու կայունացան։ Աշխարհը դարձավ աշխարհ։

Քուրդն ուզում էր նրան տիրանալ, չգիտես շունն ինչ էր ուզում՝ որ ցատկոտում էր դնչի տակ, ցիցը դիտումնավոր հարվածի պես չարությամբ էր խփվել փորին, իսկ քրդի պարանը խանգարում էր։ Նա գնաց ջուր խմեց և, գլուխը բարձր, մշուշների ու օրերի միջով տեսավ նանին։ Նա ուզեց ճանապարհ ընկնել, բայց պարանը մտավ կճղակի արանքն ու խանգարեց։ Աչքի պոչով նա տեսավ գոմշացուլին, որ անհեթեթ ու անհասկանալի գոյություն էր։ Պարանը դարձյալ խանգարեց, և նա կանգ առավ։ Մեկը ետևից գալիս էր. դա գոմշացուլն էր և նրա գալն անիմաստ էր, որովհետև նա նրա սարերի բնակիչ չէր։ Պարանը ջղայնացնում էր. նա հուսահատ կանգ առավ, և այդ ժամանակ մեկի գլուխը քսվեց նրա մեջքին։ Նա կտրուկ շուռ եկավ ու պոզահարեց գոմշացուլին, և այդ գոմշացուլը հիմար կենդանի էր։ Այդ գոմշացուլը կանգնել էր արահետին և վիզը հիմարի պես ծռել էր ու ետ էր նայում։ Պարանն այս անգամ ցավեցրեց կճղակի արանքը և ճզմեց աչքը. նա կանգ առավ ականջ դնելու ցավերին – արգանդը խաղաղիկ սաղմ էր հյուսում նրա մեջ, ցավում էր կճղակի արանքը, աչքը մարմրում էր, ողի ցավը հին, բութ ու կայուն էր, մերթ ժայթքում ու մերթ հանդարտ ծխում էր ցցի խփածը, ականջի ծայրը քոր էր գալիս, երևի ճանճ էր նստել ականջի ծայրին։ Հանդարտ իրար եկող ցավերի միջից նա խուլ ոտնաձայներ լսեց, նա ֆշշոցով շուռ եկավ, վիզը կեռեց ու սպասեց. այդ ժամանակ գոմշացուլը մոլորված կանգ առավ, նայեց դես, նայեց դեն, ապա հիմարի պես սկսեց արածել։

Երկրաբանները նրան շրջապատեցին, կացինը ձեռքներին՝ փակեցին նրա ճանապարհը, ծիծաղելով վրա թափվեցին, մեկը բարկացավ, նրան ծնկի բերին, ապա, երբ նա բոլորովին հաղթվել էր ու իրեն հանձնել նրանց՝ ետ քաշվեցին։
– Դե հիմա գնա։
Նա քայլեց զգույշ, լարված, գայթեց ու կանգ առավ, բայց աչքը չէր ճզմվել և կճղակի արանքը չէր սղոցվել։ Նա մի պահ սպասեց ու քայլեց, իսկ պարանը չէր խանգարում։ Նա կանգ առավ, գլուխը թափահարեց, եղջյուրներն ազատեց պարանի հուշից ու գնաց արագ, նպատակով, անկանգ։ Աշխարհը կայուն էր նրա գնացքի տակ և առանց դողի էր տանում նրա անթրթիռ գոյությունը։
Հինգերորդ օրվա երեկոյան, աղջամուղջի հետ, երբ տավարը ծանր կրծերով կթի էր գալիս, նա հոգնա՜ծ-հոգնած մտավ ուրթ։ Նա ուրթ մտավ հերկից եկող եզան պես, հնձից դարձող մշակի, դարբնոց գնացող գութանի պես, կեսգիշերին տեղ հասնող ճանապարհի նման, որպես գյուղի ամռան երեկո։ Ծանրումեծ սպասող կովերի միջով նա եկավ, կանգնեց թաղիքե հին վրանի դռանը, և ինքը վրանի չափ էր, ու հոգնած մռլնգաց. ը՜ըըմ։
– Ջա՜ն,– ասաց նանը,– եկա՞ր։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag