«Հավաքվի՛ր, թուլամո՛րթ». 7 նշան, որ հոգեբանական բռնության եք ենթարկում ինքներդ ձեզ

Շատ հաճախ մենք նույնիսկ չենք նկատում, թե երբ ենք սկսում հոգեբանական բռնության ենթարկել ինքներս մեզ։ Անընդհատ ավելին ենք պահանջում մեզնից, նվաստացնում ենք ինքներս մեզ, զրկում աջակցությունից և այդ ամենն անվանում ինքնակատարելագործում։ Հոգեբանը բացատրում է, թե ինչպես ճանաչել նման վարքագիծը և ինչ անել դրանից ազատվելու համար։

1. Ինքներդ ձեզ հետ ավելի կոպիտ եք խոսում, քան ուրիշների

Երբ ուրիշն է սխալվում, դա բացատրում եք հոգնածությամբ, անփորձությամբ կամ անբարենպաստ հանգամանքներով։ Բայց երբ նույն սխալը դուք եք թույլ տալիս, անմիջապես սկսում եք ձեզ հիմար կամ թույլ անվանել։ Սեփական սխալը ձեզ համար դառնում է հերթական ապացույցը, որ ձեզ հետ ինչ-որ բան այն չէ։

2. Ձեզ թույլ եք տալիս հանգստանալ միայն այն ժամանակ, երբ այլևս ուժ չունեք

Քանի դեռ ոտքի վրա եք, հանգիստը ծուլություն եք համարում։ Շարունակում եք աշխատել նույնիսկ այն ժամանակ, երբ հոգնածությունից ուժասպառ եք, ջերմություն ունեք կամ միգրենից տառապում եք։ Կանգ եք առնում միայն այն ժամանակ, երբ օրգանիզմն այլևս չի դիմանում և ինքն է ձեզ ստիպում դադար վերցնել։

Իսկ օգնություն խնդրելը կամ աշխատանքային ծանրաբեռնվածությունը նվազեցնելը ձեզ թուլության նշան է թվում։ Նույնիսկ նման մտքից կարող եք մեղքի զգացում ունենալ։

3. Ամոթի զգացումով եք փորձում ձեզ գործի մղել

Ձեր ներքին ձայնը ձեզ ոչ թե քաջալերում է, այլ նվաստացնում. «Հավաքվի՛ր, թուլամո՛րթ», «Մի՛ նվնվա», «Էլի ամեն ինչ ձեռքիցդ բաց կթողնես»։

Երբեմն նման խոսքերն իսկապես օգնում են հավաքել ուժերն ու գործի անցնել։ Բայց ժամանակի ընթացքում սովորում եք ինքներդ ձեզ առաջ մղել միայն ամոթի ու ճնշման միջոցով։ Աստիճանաբար սկսում եք հավատալ, որ առանց ինքներդ ձեզ նվաստացնելու ոչնչի չեք հասնի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպես փրկել ինքնագնահատականը. շտապ հոգեբանական օգնության 10 հնարք

Ինչպես ազատվել ներքին քննադատի ազդեցությունից, դադարել մեղադրել ինքներդ ձեզ և վերականգնել ինքնավստահությունը։

4. Արժեզրկում եք ձեր ձեռքբերումները

Ինչի էլ հասնեք, դա համարում եք պատահականություն կամ մի սովորական բան, որի համար առանձնապես ուրախանալու պատճառ չկա։ «Ուղղակի բախտս բերեց», «Դա ընդամենը իմ աշխատանքն է»՝ այսպես եք արձագանքում սեփական հաջողություններին։ Փոխարենը՝ ամենափոքր սխալն անգամ չափազանց մեծ նշանակություն եք տալիս և համարում ձեր անկարողության հերթական ապացույցը։

5. Երես եք թեքում ինքներդ ձեզնից հենց այն ժամանակ, երբ ամենից շատ եք աջակցության կարիք զգում

Երբ ձեզ մերժում են, պարտություն եք կրում կամ դավաճանության եք բախվում, ինքներդ ձեզ օգնելու փոխարեն ավելի եք խորացնում սեփական ցավը։ Հրաժարվում եք հանգստից, դադարում եք նորմալ սնվել, մեկուսանում եք մարդկանցից կամ ամբողջությամբ խորասուզվում աշխատանքի մեջ։

Պատկերացրեք՝ կյանքն արդեն կոտրել է ձեր մի ոտքը, իսկ դուք, վերքը բուժելու փոխարեն, կոտրում եք նաև մյուսը։ Մոտավորապես նույն բանն եք անում ինքներդ ձեզ հետ, երբ ամենադժվար պահերին զրկում եք ձեզ հոգատարությունից ու աջակցությունից։

6. Անտեսում եք սեփական կարիքները

Ձեր գլխում անընդհատ նույն հրահանգներն են հնչում՝ «Պետք է», «Պարտավոր ես», «Դիմացի՛ր»։

Սեփական կարիքները համարում եք խանգարող հանգամանք և փորձում անտեսել դրանք։ Մինչդեռ հաճախ հենց այդ կարիքներն են հուշում, որ ձեր ուժերը սպառվում են, և ժամանակն է կանգ առնելու։

7. Ինքներդ ձեզ համոզում եք, որ ձեր զգացմունքներն անհիմն են

Դուք շարունակ կասկածի տակ եք դնում սեփական զգացմունքները և չեք վստահում դրանց։

Երբ ինչ-որ բան ձեզ ցավ է պատճառում, վիրավորվում եք կամ վախենում, փոխանակ ընդունեք ձեր ապրումները, սկսում եք ինքներդ ձեզ համոզել, թե պարզապես չափազանցնում եք, ամեն ինչ ողբերգություն եք դարձնում և ընդհանրապես իրավունք չունեք այդպես արձագանքելու։

Ի՞նչ անել, եթե այս նշանները ձեզ ծանոթ են

Ինքներդ ձեզ մի պարզ հարց տվեք. «Եթե նույն իրավիճակում հայտնվեր իմ սիրելի մարդը, ես նրա հետ նույն կե՞րպ կվարվեի։ Նրան կասեի՞ այն ամենը, ինչ ասում եմ ինքս ինձ»։

Եթե պատասխանը «ոչ» է, ուրեմն խնդիրը կարգապահության պակասը չէ։ Դուք պարզապես սովորել եք ինքներդ ձեզ հետ ավելի դաժան վարվել, քան երբևէ թույլ կտայիք ձեզ վարվել ուրիշների հետ։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Հոգեբանական բաժնի գլխավոր վերլուծաբան

Աննան մասնագիտացած է մարդկային վարքագծի, զգացմունքային ինտելեկտի և միջանձնային հարաբերությունների ուսումնասիրության մեջ։ Նրա հոդվածների գլխավոր նպատակն է բարդ հոգեբանական երևույթները ներկայացնել պարզ, կիրառելի և հասկանալի լեզվով։ Հավատացած է, որ ճիշտ ինքնաճանաչողությունը ներդաշնակ կյանքի միակ բանալին է:

MediaMag
«Հավաքվի՛ր, թուլամո՛րթ». 7 նշան, որ հոգեբանական բռնության եք ենթարկում ինքներդ ձեզ
Միայնություն – Photoshop Speed Art
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց