Սիրելի’ մաեստրո, ես երկար ժամանակ վարանել եմ գրել այս նամակը, քանի որ չունեմ երաժշտական կրթություն: Սակայն, ի վերջո եկա այն համոզմանը, որ երաժշտությունը հասու է բոլորին և ամեն ոք այն ընկալում է յուրովի: Քանզի գեղեցիկի վայելքը վեր է ճանաչումից: Երաժշտության աշխարհն անհուն տիեզերք է, ուր հնչյունները սրտեր են փոթորկում: Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել լինելու մեծ արվեստագետի ու մտավորականի ժամանակակիցը:
Այս նամակով հայտնում եմ Ձեզ, որ ես խոնարհվում եմ բարձունքից նայող Ձեր տարիների առջև: Ստեղծելով համամարդկային գործեր, միաժամանակ ընդգծել եք հայկականը: Դուք գտել եք կատարելություն տանող ճանապարհի անհաս արահետը:
Մեր ներաշխարհում կա մի մութ անձավ, ուր կարկաչում է խոստովանանքի վճիտ աղբյուրը: Այնտեղ թափվում է կորցրած եսի կապարե փոշին, որ մղում է մեզ ինքնորոնման: «Սիրո մեղեդի»-ն հասնում է հոգու այնպիսի խորքերի, ուր մարդ ինքը հաճախ վախենում կամ ամաչում է մոտենալ: Ինձ գերում է Ձեր արվեստը: Ես չեմ կարող լսել Ձեր գործերն առանց հուզմունքի. զգացել եմ արցունքներս զսպելու անզորությունը:
Ծանոթ եմ Ձեր Ռեքվիեմին, սիմֆոնիկ երաժշտությանն ու սոնատներին: Ձեր բազմաժանր ստեղծագործությունների մեջ իմ հոգուն առավել հարազատ են ֆիլմերի համար գրված գործերը:
«Ճերմակ անուրջներ» մեղեդին արթնացնում է մանկությունս, դիպչում կարոտիս զարկերակին և վառում հուշերիս լապտերը: Միևնույն ժամանակ, այն հատում է կորստից դեպի երազանք ձգվող շավիղները, որոնք կերտում են կյանքի մայրուղին: Երբ փոքր էի, իրականությունը ներկայանում էր դպրոցական կյանքի տարեգրությամբ, անհոգ խաղերի միամիտ երջանկությամբ: «Ճերմակ անուրջներս» սքողում էին աշխարհի մոխրաբույր կողմերը: Հեռացավ մանկությունս, ինչպես այն ամենը, որ ծաղկում է ժամանակի շյուղին և տարիների հետ թափում թերթերը:
«Մեր մանկության տանգոն» կաշկանդում, խեղճացնում է մարմինս, քանզի ծավալվում է հոգիս: Այն ներառում է անընդգրկելին, զսպված հույզերը դարձնում երգող կոթողներ: Գործած սխալի ափսոսանքները բարեգութ սրտին ներում են բերում:
Անցյալիս հեռվում դեռ հնչում է «Հին օրերի երգը»: Այն ղողանջում է ներկայով և արձագանքվում կորստի ցավով:
Ես միշտ ձգտել եմ աստղերով ցողված այն վեհությանը, որ թև է տալիս անկում ապրողին: Ժամանակը նորացրեց վեհության մասին ունեցած պատկերացումներս, սակայն դեպի գեղեցիկը տածած ձգտումս մնաց անփոփոխ:
«Աշնան արև»-ի դալուկ շողերը ոսկեզօծում են գունաթափ այգին: Խոնավ դաշտերի ցուրտ սարսուռները գարնան կարոտի դողն են տարածում:
«Գիքոր» ֆիլմի մեղեդին անպաշտպան մարդու երգն է, ում հարվածում են բիրտ քամիները: Մեռնող հույսերի պաղ հառաչանքը վերածննդի փորձեր է անում: Պայքարի բովում երբեմն մարդ Գիքորի պես անպաշտպան է զգում: Սակայն զարթնում է գոյության ոգին և վերադարձնում կյանքի բերկրանքը:
«Կտոր մը երկինք». այս մեղեդու մեջ ես գտնում եմ Աստծո հետ խոսող մարդու երկյուղած խիղճը: Նոտաների թռիչքն անցնում է տառապանքի ու երջանկության սահմանից անդին, հասնում է այնտեղ, ուր կյանքը ոչ թե վերջանում, այլ՝ սկսվում է նորովի: Զարտուղի կյանքի քարակիրճերում ճախրում է կապույտ երազս: Վշտի երախից փրկված անուրջս «Կտոր մը երկինք» է հյուսում իմ հոգում:
Կանցնեն տարիներ: Ժամանակի շյուղին կբացվի գալիք օրերի նորաբողբոջը: Կյանքի հորձանուտ մտած երազներս հույսի փարոսներ կվառեն: Այնժամ իմ սրտում դարձյալ կշողան Ձեր հնչյունների մարգարիտները:
Սիրելի’ մաեստրո, իմ խորին շնորհակալությունը կարող էր հոդվածի վերածվել, եթե չլիներ Ձեր հանդեպ տածած հարազատության զգացումը: Ուստի, չէի կարող գրել Ձեր մասին երրորդ դեմքով: Մաղթում եմ, որ Ձեր բարձր արվեստն անցնի դարերի պատնեշն ու դառնա հավերժի սիմֆոնիա:
Մեծագույն հարգանքներով՝ Ալլա Լույս