Ու մի ամառային երեկո ես քեզ հեքիաթ կպատմեմ…
Նայիր աստղազարդ երկնքին, ու մենք միասին կսպասենք մինչև մի աստղ կընկնի երկնքից… Ու դու երազանք կպահես… Չէ, ես դադարել եմ հավատալ երազներին ու հեքիաթներին, բայց քո մազերը դեռ թաց են, թրջել են նաև իմ չոր ծնկներն ու բուրում են կակաչների սուր հոտով… Միասին հաշվենք աստղերը՝ մեկ, երկու, երեք… Այս մեկն էլի էինք հաշվել, նորից՝ մեկ, երկու…
Գիտե՞ս, ուզում եմ, որ կատարվեն քո բոլոր երազանքներն, ու դու միշտ հեքիաթում լինես, որտեղ բարին հաղթում է չարին… Այդ ժամանակ ես էլ չեմ լինի, չեն լինի քո թաց մազերն ու իմ՝ սևացած, ցամաքած աչքերը…
Արահետներում միշտ գարուն կլինի, իսկ օվկիանոսից փչող սառը քամին կմտնի մեր բարակ ոսկորների մեջ ու կջերմացնի… Հեռվում մի շուն է հաչում… Գիշերային լռության մեջ երթուղայինի վարորդն էլի հայհոյում է, ու հեքիաթի մեջ սողոսկում է քրտինքի՝ հոգի մաշող բույրը…
Չէ, աստղ չի ընկնում…
Թո՛ղ քո անիմաստ երազներն ու հեքիաթները, որովհետև փողոցները լինքն են թափառականներով, մարդկանց բերանից դեռ թուք է կաթում, դեռ իմ թոքերից գալիս է սիգարետի ծուխը, դեռ խառնում է սիրտս, ամենը տգեղ է, քո աչքերը խամրել են, իմ գույները՝ սպառվել…
Պետք է մեխել բոլոր պատուհանները: Բեր մոխիր լցնենք մեր ոտքերի տակ, ցուրտ է արդեն, դողում են քո կապտած շուրթերը, իսկ ես՝ ես էլ ինչ… Երկինքը շատ հեռու է, իսկ աստղ… աստղ չի ընկնում…
Ու ականջների մեջ դեռ հնչում է՝ «ով ես դու» ճնշող բառերն ու խառնվելով մի կաթիլ արցունքի հետ՝ փոշիանում է ամենը, փոշիանում են բոլոր արահետներն, ու հեռանում ենք մենք՝ հեռու… հեռու բոլոր աղբանոցներից ու գետնանցումներից, որտեղից մեզի հոտ է փչում, տուր համբուրեմ քո թաց վարսերը, դրանք թարմ են ու մաքուր, դրանցում ես ինձ եմ գտնում ու տեսնում քո չարացած աչքերը, քո մոխրակալած ոտքերն ու… Դողում են ոսկորներդ… Ով ենք մենք… Իմ մեջքից թափվում է մի խուրձ կարոտ, մենակություն ու ծանրություն…
Մի երեկո ես քեզ հեքիաթ կպատմեմ, ու դու կդառնաս իմը, իսկ ես… ես էլ ինչ… Թքա՛ծ, թող անձրև գա, դու էլի կասես՝ «ես տխուր եմ», իսկ մի բուռ կաթիլները կթակեն մեխած պատուհանները, մենք մոխիր կուլ կտանք ու կսպասենք, որ աստղ ընկնի…
Դեռ շուտ է… Կարոտում ենք արահետները, օվկիանոսից փչող սառը քամին, այն շանը, որ հաչում էր գիշերն ու… երազներն ենք կարոտում… Թաց են ծնկները, թաց են քո մազերն ու… երկինքն է թաց… Ես ուզում եմ, որ մենք միշտ այստեղ լինենք, այս ամառային երկնքի տակ, ու գիտեմ, որ մի օր աստղ կընկնի… Ամենը պարզ կդառնա, թարմ, ինչպես կակաչի բույրը…
Ուրեմն, ավելի ամուր գրկիր ինձ, ու թող անորոշությունից դողան մեր ծնկները, մինչև… մինչև աստղ կընկնի…
Իսկ ես հեքիաթ կպատմեմ, ինչպես էր… հա՛, հիշեցի՝ լինում է, չի լինում…
[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]