fbpx

Ալլա Լայթ – Երանի (գրում են ընթերցողները)

Կյանքը լույսի ու ստվերի հանդիպման խաչմերուկն է: Երանի ստվերները չդողային լույսից, զգալով, որ կյանքի թելերով կապված են նրան:

Աշխարհում ավելի հեշտ է կասկածել, քան՝ հավատալ: Երանի մարդիկ հավատային, որ երազանքը կարող է ավելի հզոր լինել, քան իրականությունը:

Մարդիկ զմայլվում են ծովով և փորձում գտնել նրա անծայրածիր ափերի եզրերը: Երանի ծովին նայելիս մարդիկ հիշեին, որ նրա անսահման կապույտը երկնքից է գալիս:

Ազատություն սիրող թռչունները գերի են գարնան ջերմությանը: Երանի նրանք դիմանային ձմռան սառնամանիքին և վայելեին ձյան գեղեցկությունը:

Դժվար է սառույցի վրա քայլել և չմտածել ընկնելու մասին: Երանի մարդիկ վստահ քայլեին, քանի որ ընկնելու մասին միտքը թուլացնում է ոտքերը:

Մարդիկ անհամբերությամբ են սպասում բնության զարթոնքին: Երանի նրանք հասնեին գարնանը և իրենց սրտերի ջերմությամբ վառեին բնության գույները: Այդ կախարդական գույների թափվող ալիքներից է ջրվեժը, որի գեղեցկությունը մարդիկ վայելում են այնքանով, որքանով կարողանում են բարձրացնել իրենց գլուխը: Երանի մարդիկ ջրվեժը տեսնելիս հիշեին, որ նրա ջուրը սկսում է ցած թափվել շատ ավելի վերևից:

Բնությունը գեղեցկացնում են ծաղիկները, որոնց թերթերը հիշեցնում են բարի սրտերի քնքշությունը: Երանի մարդկանց համար ծաղիկներ նվիրելն ավելի հաճելի լիներ, քան՝ ստանալը:

Մարդիկ ապրում են՝ սպասելով ճակատագրի կողմից պատրաստված բարեբախտությանն ու հաջողությանը: Սակայն այն միշտ չէ, որ բարի է և երբեմն մարդկանց մատուցում է տհաճ անակնկալներ: Երանի մարդիկ ճակատագրից առաջ ընկնեին և իրենք ստեղծեին իրենց բախտը:

Կյանքի «երթուղին» մարդկանց տանում է վեր ու վար: Երանի կյանքում կողմնորոշվելն ավելի հեշտ լիներ, քան՝ մոլորվելը:

Հաճախ մարդիկ դժգոհում են աշխարհում իրենց զբաղեցրած տեղից: Երանի նրանք դժգոհելու փոխարեն փորձեին հասնել այն վայրը, ուր տանում է իրենց երազանքը:

Երկրագունդը պտտվում է և գիշերն անխուսափելի է: Երանի առավոտն այնքան հավերժական թվար, որքան՝ գիշերը:

Կյանքը լի է փորձություններով, որոնցով սնվում է ուժի աղբյուրը: Երանի մարդիկ չհուսահատվեին փորձություններից, քանի որ նրանցով կոփվում է կամքը:

Կյանքի գինն ապրելու խնդիրն ու մահն է: Երանի ապրելն այնքան հեշտ լիներ, որքան՝ մեռնելը:

Մարդիկ փնտրում են երջանկություն, որը կյանքի քաղցրությունն է: Երանի երջանկությունը խոսել իմանար և մարդիկ կհասկանային, որ այն իրենց ներսում է:

Անհնար է խուսափել սխալներից: Երանի սխալներն ընդունելն ավելի հեշտ լիներ, քան ուրիշներին մեղադրելը:

Կանգնած լինելով գետնի վրա՝ շատերը զգում են իրենց ամպերի մեջ: Երանի մարդիկ զգային հողի ամրությունը, որպեսզի վեր բարձրանալն ավելի հեշտ լիներ:

Մարդիկ սպասում են, թե երբ է հայտնվելու ինչ-որ մեկն ու հարթելու իրենց հաջողության ճանապարհը: Երանի նրանք չսպասեին որևէ մեկի օգնությանը, քանի որ յուրաքանչյուր ճանապարհ սկսվում է իրենցից:

Մարդկանց հաճախ է այցելում հոգնածությունը, որը հանգստի խոստում է: Երանի մարդիկ հասկանային, որ այն տրված է բացահայտելու չօգտագործված ուժերը:

Երանի-երանի… Այս բառը մարդկանց երկու խմբերի է բաժանում: Առաջին խմբի համար այն կարոտ ու տենչանք է: Մյուսների համար՝ երազանքներ ունենալու և դրանց հասնելու շարժառիթ:

Երանի ունենանք մեծ երազանքներ և փորձենք հասնել նրանց իրականացմանը: Կյանքը տալիս է այն՝ ինչն ուզում ենք վերցնել ինքներս: Երանի կարողանանք մեր երազներից իրականություն վերցնել…

Հեղինակ՝ Ալլա Լայթ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ալլա Լայթ – Երանի (գրում են ընթերցողները)
Ծաղկաձորի էկոլոգիական վիճակը (վիդեո)