Քիմիա բառը լայն տարածում է ստացել 18-րդ դարում։ Շատ լեզուներում այն ունի միևնույն ձայնարկությունը՝ հնչեղությունը։ Օրինակ անգլերեն – chemistry, ֆրանսերեն – chimie, գերմաներեն – chemie, ռուսերեն –химия։ “Քիմ” և “քեմ” արմատները կան նաև այլ լեզուներում քիմիա գիտության անվանման մեջ։ Բայց մինչ օրս պարզ չէ թե երբ է առաջացել “քիմիա” բառը և ինչ նշանակություն է այն ունեցել։ “Քիմիա” տերմինը անտիկ հունական գրականության մեջ առաջին անգամ օգտագործել է հույն փիլիսոփա Զոսիմը 5-րդ դարում և այն ունեցել է նստեցում, լցնում և խառնում նշանակությունը։ Շատ հետազոտողներ ենթադրում են, որ “Քիմիա” տերմինը առաջացել է մ.թ.ա, 5-րդ դարում հունական տիրապետության տակ գտնվող հին Եգիպտոսի անվանումից Chemi կամ Chumi – , “սևահող” կամ “սևահող երկիր”, այսինքն եգիպտական գիտություն։ Հին հունական լեզվում կան մի շարք բառեր, որոնցից ևս կարող էր առաջանալ “Քիմիա” տերմինը։ Այսպես քիմոս՝ χυμός բառը որը օգտագործվում էր բժշկության և դեղագործության մեջ նշանակում է “հյութ”, իսկ քիմա՝ χύμα բառը նշանակում է “ձուլում” և վերաբերվում է մետաղների հալմանն ու ձուլմանը։ Այսպիսով շարադրվածից երևում է առաջին, որ “Քիմիա” տերմինի առաջացումը կապված է հելենական Եգիպտոսի և անտիկ Հունաստանի հետ, որոնց հետ մեծ շփումներ ունեին հայերը, և, երկրորդ, որ այն այն նշանակել է գիտություն, որը կապված է մետաղների ձուլման, հանքերի շահագործման և տարբեր դեղերի ու թուրմերի պատրաստման հետ։ Հավաստի հայտնի է, որ Հայաստանի տարածքում, դեռևս հինգ հազար տարի առաջ յուրացվել է մետաղների ստացումն ու մշակումը, որի լավագույն ապացույցն է Մեծամորում հայտնաբերված աշխարհի ամենահին մետաղաձուլարանը։ Այսպես անտիկ ժամանակներում հայտնի յոթ մետաղները և մոլիբդենը հայտնի են եղել հայերին և իրենց արտացոլումն են ստացել բուն հայկական արմատ ունեցող իրենց անուններում։ Պետք է նշել, որ Հայաստանում զարգացած է եղել նաև խեցեգործությունը, ապակեգործությունը, արծնու և ներկերի արտադրությունը, դեղերի, թուրմերի, խմիչքների պատրաստումը և այլն։ Ասվածից հետևում է, որ հին հայերը ծանոթ են եղել “Քիմիա” գիտության ուսումնասիրության ոլորտին պատկանող նյութերի հատկություններին, նրանց ստացման եղանակներին։ Հետևաբար այս բոլորը պետք իրենց արտացոլումը գտնեին հայկական բառերի և բառարմատների մեջ։ Հայտնի է, որ մ.թ.ա 17-դ դարում հիքսոսները (Hiksos, Haikos) գրավել և 1750-1580 թթ կառավարել են Եգիպտոսը, հիմնելով Ավարիս մայրաքաղաքը։ Ըստ Ս.Այվազյանի հիքսոս բառը ստուգաբանվում է, որպես հայեր Սասունից։ Հայերը եգիպտացիներին փոխանցեցին իրենց իմաստությունը մետաղների ձուլման և հանքերի մշակման վերաբերյալ, նրանց ծանոթացրին անիվի, մարտակառքերի պատրաստման գաղտնիքներին։ Վերհիշենք հայերեն գրերով Մեսրոպ Մաշտոցի գրած առաջին նախադասությունը՝ Ճանաչել զիմաստությիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։ Այստեղ Մաշտոցը խրատում է ճանաչել գիտությունը, հասկանալ հանճարի խոսքն ու գիրը։ Ըստ մեզ իմաստ բառը նշանակում է գիտելիք-գիտություն։ Հետևաբար կարելի է ենթադրել, որ եգիպտացիները հիքսոսներից ստացած գիտելիքները անվանում են Hikimast – հայերի գիտություն։ Մ.թ.ա 5-րդ դարում Եգիպտոսը ընկնում է Հունաստանի տիրապետության տակ և հույները եգիպտացիներից ծանոթանում են հայերի գիտությանը՝ Հիմաստին Քիմիային: Կարելի է նշել, որ հայերենում քամ և քիմ արմատով կան մի շարք բառեր, որոնք առնչվում են լուծույթներին և հոտերին, օրինակ՝ քամել և քիմք բառերը:
Գրականություն
1. Н.А.Фигуровский- “Очерк общей истории химии. От древнейших времен до начала XIXв.” Издательство “Наука”, Москва, 1969 г.
2. Айвазян С. М. Об этнической принадлежности гиксосов // Доклады / АН Арм. ССР. Т. 34, № 5. 1962. С. 231–234.
3. Վ.Սարգսյան Հայոց գրերի ծագումը,ԵՐԵՎԱՆ -1999
4. Ռ.Ադամյան, Գ.Սիմոնյան, Ա.Սիմոնյան- Հայերեն այբուբենը և մետաղների հայկական անվանակարգումը, Բնագետ 2008, N5, էջ 48-50
Նյութը սիրով տրամադրեց հոդվածի համահեղինակ, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Սիմոնյանը:
Աղբյուրը՝ Գ.Սիմոնյան, Ռ.Ադամյան, Ա.Սիմոնյան- Քիմիան՝ հայերի գիտություն, Բնագետ 2009, հատուկ թողարկում, էջ 69-70: