Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։
Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։
Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։
Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն՝ ես ու դուն։