Լավ ճաշակ ունեցող կինը կարիք չունի ցուցադրելու իր ունեցվածքը, ոտքից գլուխ կրելու հայտնի ապրանքանիշերի տարբերանշաններով հագուստ կամ կուրորեն ընդօրինակելու սոցիալական ցանցերում տեսած կերպարները։ Իսկական ճաշակն արտահայտվում է առաջին հայացքից աննշան թվացող մանրուքներում, որոնցից էլ ձևավորվում է մարդու մասին ընդհանուր տպավորությունը։ Դա իրերը ճիշտ համադրելու, չափի զգացում ունենալու և գեղեցիկը հարմարավետության հետ համատեղելու կարողությունն է։
Ոճի զգացումը նկատելի է ոչ միայն հագուստի ու արտաքին տեսքի, այլև առօրյա սովորությունների, սեփական անձի և շրջապատի նկատմամբ վերաբերմունքի մեջ։ Իսկ առօրյա ո՞ր մանրուքներն են մատնում նրբաճաշակ կնոջը։
01.
Հագուստ ընտրելու և համադրելու կարողությունը
Լավ ճաշակ ունեցող կինը գիտի, թե ինչպես համադրի հագուստը՝ ընդգծելով իր անհատականությունը։ Նրա համար կարևոր է, թե որքան լավ է հագուստը նստում իր կազմվածքին։ Անհրաժեշտության դեպքում նա չի վարանում դիմել դերձակի՝ տաբատի երկարությունը կամ հագուստի ուսագիծն իր կազմվածքին համապատասխանեցնելու համար։ Հագուստ ընտրելիս նա նախընտրում է պարզ կտրվածքներ, զուսպ երանգներ և որակյալ գործվածքներ, որոնք չեն կորցնում իրենց ձևը։
Պարտադիր չէ, որ նրա զգեստապահարանում միայն թանկարժեք կամ արտասովոր հագուստ լինի։ Նույնիսկ հասարակ ջինսն ու սպիտակ շապիկը կարող են գեղեցիկ ու ոճային կերպարի հիմք դառնալ։ Կարևորն այն է, որ հագուստը ճիշտ չափսի լինի, խնամված տեսք ունենա, իսկ կոշիկներն ու աքսեսուարները ներդաշնակորեն լրացնեն ընդհանուր կերպարը։
02.
Տան ձևավորումը և ուշադրությունը մանրուքների նկատմամբ
Լավ ճաշակն արտահայտվում է ոչ միայն հագուստի ընտրության, այլև տան կահավորման ու ձևավորման մեջ։ Նրբաճաշակ կինը չի ձգտում իր տունը կահավորել որևէ ամսագրում տեսած լուսանկարի նման կամ թանկարժեք իրերով ընդգծել իր սոցիալական դիրքը։ Նրա տան յուրաքանչյուր մանրուք ինչ-որ բան է պատմում հենց իր մասին՝ ինչով է նա հետաքրքրվում, ինչ է սիրում և ինչն է գեղեցիկ համարում։
Նման տան ձևավորման մեջ կարևոր տեղ ունի տարբեր նյութերի ու մակերեսների համադրությունը։ Օրինակ՝ մարմարի գեղեցիկ նախշերով խոշոր կերամոգրանիտե սալիկները կարող են դառնալ ինտերիերի ամենատպավորիչ տարրը, իսկ տրավերտինի կամ միկրոցեմենտի նուրբ մակերեսները՝ զուսպ ու նրբագեղ ֆոն ստեղծել կահույքի, արվեստի գործերի և դեկորատիվ իրերի համար։ Այստեղ կարևոր է ոչ թե հարդարման նյութերի գինը, այլ դրանք ճիշտ համադրելու, համաչափությունը, լուսավորությունն ու ընդհանուր տեսքը հաշվի առնելու կարողությունը։
Նրբաճաշակ ինտերիերը պարտադիր չէ, որ լինի մինիմալիստական կամ չեզոք գույներով։ Վառ գույները, հակադրությունները, արտասովոր հյուսվածքներն ու իրենց պատմությունն ունեցող իրերը նույնպես կարող են շատ նրբագեղ տեսք ունենալ։ Կարևորը չափի զգացումն է։ Երբ ամեն ինչ ներդաշնակ է, նույնիսկ ամենահամարձակ լուծումները գեղեցիկ են համադրվում միմյանց հետ։ Հենց այդպիսի տներում է զգացվում տանտիրուհու յուրահատուկ ձեռագիրն ու անհատականությունը։
03.
Օծանելիքի ճիշտ ընտրությունը
Օծանելիքը պետք է լրացնի կնոջ կերպարը, այլ ոչ թե ստվերի այն։ Բույր ընտրելիս կարևոր է հաշվի առնել, թե ուր եք գնում և օրվա որ ժամին։ Աշխատանքի կամ առօրյա գործերի համար հարմար են թեթև ցիտրուսային ու ծաղկային բույրերը՝ բերգամոտի, ներոլիի կամ կանաչ թեյի նոտաներով։ Երեկոյան կարելի է նախապատվությունը տալ ավելի հագեցած բույրերին՝ ամբրայի, ճանդանի, վանիլի կամ համեմունքների նոտաներով։
Չարժե միաժամանակ օգտագործել մի քանի ընդգծված բույր, քանի որ դրանց համադրությունը կարող է չափազանց սուր լինել։ Օծանելիք օգտագործելիս անհրաժեշտ է նաև չափի զգացում ունենալ, հատկապես եթե պատրաստվում եք ժամանակ անցկացնել փակ տարածքում կամ այլ մարդկանց շրջապատում։
04.
Հանգիստ խոսելու և դիմացինին լսելու կարողությունը
Շփման ձևը նույնքան կարևոր է, որքան արտաքին տեսքը։ Լավ ճաշակ ունեցող կինը կարողանում է արտահայտել իր կարծիքը, հետաքրքիր զրույց վարել՝ առանց ամբողջ ուշադրությունն իր վրա հրավիրելու։ Նա չի փորձում ամեն պատեհ առիթով ցուցադրել իր գիտելիքները կամ ամեն գնով այնպես անել, որ վերջին խոսքն իրենը լինի։ Ի վերջո, շատ ավելի հաճելի է շփվել այն մարդու հետ, որը հստակ ու հանգիստ է արտահայտում իր մտքերը և հարգում ուրիշների կարծիքը։
Նույնքան կարևոր է նաև դիմացինին լսելու կարողությունը։ Կարևոր է թույլ տալ նրան ավարտել միտքը, չծաղրել նրա տեսակետը և խայթող արտահայտություններ չանել ուրիշների հաշվին։ Հենց առաջին հայացքից աննշան թվացող այս մանրուքներն են վկայում մարդու շփման մշակույթի մասին և որոշում, թե ինչ տպավորություն է նա թողնում շրջապատի վրա։
05.
Հոգատարությունն առօրյա մանրուքների նկատմամբ
Իսկական նրբաճաշակությունը նկատելի է նույնիսկ ամենասովորական առօրյա սովորություններում։ Այն արտահայտվում է նրանում, թե ինչպես է կինը վերաբերվում ինքն իրեն, իր տանն ու իրեն շրջապատող իրերին։ Նա գեղեցիկ ապրելու համար հատուկ առիթների չի սպասում և գեղեցիկ սպասքը պահարանում չի պահում միայն հյուրերի համար։ Նա հաճույքով առավոտյան սուրճը խմում է նրբագեղ բաժակից ու գեղեցիկ սեղան է գցում նույնիսկ այն ժամանակ, երբ միայնակ է նախաճաշում։
Նման կինը խնամքով է վերաբերվում իր իրերին՝ սկսած տնային հագուստից մինչև ձեռքի պայուսակը, որի մեջ չեն կուտակվում ճմրթված կտրոններ ու ավելորդ աղբ։ Նա կարևորում է նաև, թե ինչպես է փաթեթավորում ու մատուցում մտերիմների համար նախատեսված նվերները։ Նույնիսկ ամենահամեստ նվերը նա կարողանում է այնպես ներկայացնել, որ այն հաճելի լինի նաև աչքին։
Հենց այս փոքրիկ, ամենօրյա սովորություններից, սեփական անձի և շրջապատող աշխարհի նկատմամբ հարգանքից է ձևավորվում իսկական նրբաճաշակությունը, որը հնարավոր չէ կեղծել։








