Եսասեր մարդիկ միշտ չէ, որ բացահայտում են իրենց իրական բնավորությունն առաջին իսկ հանդիպումից։ Մարդը կարող է ուշադիր, հաճելի և նույնիսկ հոգատար թվալ, քանի դեռ ամեն ինչ իր ուզածով է ընթանում։ Բայց նրա իրական վերաբերմունքը շրջապատի հանդեպ հաճախ բացահայտվում է ավելի ուշ՝ հատկապես վեճերի ու տհաճ խոսակցությունների ժամանակ։ Նման պահերին որոշ մարդիկ կարծես մոռանում են, որ դիմացինն էլ զգացմունքներ ունի, և մտածում են միայն սեփական հարմարավետության մասին։ Ընդ որում, կարեկցանքի պակասի մասին կարող են հուշել ամենասովորական արտահայտությունները, որոնք առաջին հայացքից բոլորովին էլ անվնաս են թվում։
Խնդիրն այն է, երբ նույն խոսքերը կրկնվում են շարունակ, իսկ յուրաքանչյուր վեճ գրեթե նույն ընթացքն է ունենում։ Կան 10 արտահայտություններ, որոնք հաճախ լսելու դեպքում արժե ավելի ուշադիր հետևել մարդու պահվածքին։
01. «Դա իմ խնդիրը չէ»
Եսասեր մարդը հաճախ օգնության խնդրանքն ընկալում է որպես ավելորդ հոգս։ Եթե խնդիրը չի վերաբերում անձամբ իրեն կամ չի շոշափում իր շահերը, նա պարզապես մի կողմ է քաշվում։
Իհարկե, ոչ ոք պարտավոր չէ լուծել մտերիմների բոլոր խնդիրները։ Լինում են իրավիճակներ, երբ մարդն իսկապես չի կարող օգնել։ Բայց կարեկցանքի պակասն այստեղ երևում է ոչ թե օգնությունից հրաժարվելու, այլ հենց արձագանքի մեջ։ Ձեր ապրումները նրան այնքան էլ չեն հուզում, որ գոնե լսի Ձեզ կամ փորձի մի քանի քաջալերող խոսք ասել։
02. «Հանգստացի՛ր, ամեն ինչ սրտիդ շատ մոտ ես ընդունում»
Մտահոգիչ է նաև այն, երբ մարդը փորձում է Ձեզ համոզել, թե խնդիրը ոչ թե իր արածն է, այլ Ձեր արձագանքը։ Նա կարող է վիրավորական բան ասել կամ տհաճ արարք թույլ տալ, բայց սեփական պահվածքը քննարկել չի ցանկանում։ Փոխարենը պնդում է, թե Դուք չափազանց զգայուն եք և ամեն ինչին շատ սուր եք արձագանքում։
Երբ նման վերաբերմունքը կրկնվում է, ժամանակի ընթացքում մարդը կարող է սկսել կասկածել սեփական զգացմունքներին։ Եթե նրան անընդհատ համոզում են, թե իր ապրումները չափազանցված են, ի վերջո կարող է գերադասել լռել նույնիսկ այն ժամանակ, երբ իսկապես վիրավորված է կամ ցավ է զգում։
03. «Դու ինձ պարտք ես»
Առողջ հարաբերություններում մարդիկ օգնում են միմյանց՝ առանց ամեն լավություն հիշելու և փոխհատուցում ակնկալելու։ Եսասեր մարդու դեպքում ամեն ինչ այլ է։ Նույնիսկ ամենափոքր օգնությունը ամիսներ անց կարող է հիշեցվել հերթական վեճի ժամանակ։
Աստիճանաբար հարաբերությունները վերածվում են յուրօրինակ հաշվարկի։ Եթե նա մի անգամ Ձեզ օգնել է, ուրեմն հիմա Դուք էլ պարտավոր եք նրա համար ինչ-որ բան անել։ Եվ կարևոր չէ, որ նման պայմանավորվածություն երբեք չի եղել։
Նման պահվածքի հետևում հաճախ ոչ թե օգնելու անկեղծ ցանկությունն է, այլ դիմացինին պարտավորված զգալ տալու և անհրաժեշտ պահին նրա վրա ազդելու ձգտումը։
04. «Հա՛, պարզ է, հիմա էլ ե՞ս եմ վատը»
Բավական է նման մարդուն ասել, որ իր արարքը Ձեզ վիրավորել է, և խոսակցությունն անմիջապես այլ ընթացք է ստանում։ Կատարվածը քննարկելու փոխարեն նա սկսում է բողոքել, թե իրեն վատ մարդ են համարում, ամեն ինչում մեղադրում են, իսկ իր արած լավ բաները ոչ ոք չի գնահատում։
Այս կերպ շատ հեշտ է խուսափել պատասխանատվությունից։ Դուք արդեն ոչ թե խոսում եք Ձեր վիրավորանքի մասին, այլ ստիպված եք լինում արդարանալ և բացատրել, որ նրան վատ մարդ չեք համարում ու վիրավորելու մտադրություն էլ չունեիք։
Իսկ այն խնդիրը, որի պատճառով սկսվել էր խոսակցությունը, այդպես էլ մնում է չլուծված։
05. «Եթե ինձ իսկապես սիրեիր, ապա…»
Սա եսասեր մարդու ամենատհաճ արտահայտություններից մեկն է։ Դրա իմաստը պարզ է․ եթե սիրում եք ինձ, ուրեմն պետք է անեք այն, ինչ խնդրում եմ։ Իսկ եթե հրաժարվում եք, նշանակում է՝ այնքան էլ չեք սիրում կամ պարզապես անտարբեր եք իմ հանդեպ։
Բայց սերը չի նշանակում հրաժարվել սեփական ցանկություններից ու անձնական սահմաններից։ Նույնիսկ ամենամտերիմ մարդն իրավունք ունի ինչ-որ բան չցանկանալու, չհամաձայնելու կամ սեփական ծրագրերն ունենալու։
Եթե մարդը փորձում է Ձեզ մեղավոր զգալ տալ միայն այն պատճառով, որ չեք կատարել իր ցանկությունը, դա արդեն սովորական խնդրանք չէ, այլ հուզական մանիպուլյացիա։
06. «Վա՜յ, հիմա դրա ժամանակը չունեմ»
Երբ ամեն ինչ լավ է, հեշտ է շփվել, զրուցել ու միասին հաճելի ժամանակ անցկացնել։ Բայց մարդու իրական վերաբերմունքը շատ ավելի լավ է երևում այն ժամանակ, երբ Դուք դժվարության մեջ եք և աջակցության կարիք ունեք։
Եսասեր մարդիկ հաճախ ուրիշների խնդիրներն ընդունում են որպես ավելորդ անհանգստություն, որը խանգարում է իրենց գործերին։
Իհարկե, ոչ ոք պարտավոր չէ օրը 24 ժամ հասանելի լինել։ Խոսքն ամենևին դրա մասին չէ։ Կարեկցող մարդը, նույնիսկ եթե այդ պահին զբաղված է, գոնե կլսի Ձեզ, ցույց կտա, որ հասկանում է իրավիճակը, և կփորձի ավելի ուշ ժամանակ գտնել։
Իսկ անտարբեր մարդու համար Ձեր ապրումները պարզապես կարևոր չեն։ Նա դրանք մի կողմ է դնում և շարունակում զբաղվել իր գործերով։
07. «Գոնե շնորհակալ եղիր, ես քեզ համար ամեն ինչ արել եմ»
Օգնությունը դադարում է պարզապես լավ արարք լինելուց, երբ մարդը սկսում է ամեն հարմար առիթով հիշեցնել դրա մասին։
Սա հատկապես նկատելի է այն հարաբերություններում, որտեղ կողմերից մեկը սիրում է անընդհատ թվարկել, թե ինչեր է արել դիմացինի համար, և դրա դիմաց պահանջում է, որ իրեն լսեն ու ենթարկվեն։
Նման հոգատարությունն իրականում իր թաքնված գինն ունի։ Այսօր մարդն օգնում է Ձեզ, իսկ վաղը նույն այդ օգնությունը հիշեցնում է՝ որպես պատճառ, թե ինչու պետք է համաձայնեք իր հետ, զիջեք կամ պարզապես լռեք։
08. «Դրա մեջ ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում»
Եթե որևէ իրավիճակ մարդուն աննշան է թվում, դա դեռ չի նշանակում, որ մյուսներն էլ պետք է նույն կերպ վերաբերվեն դրան։ Սակայն որոշ մարդիկ հենց այդպես էլ մտածում են։ Եթե իրենք անհանգստանալու պատճառ չեն տեսնում, ուրեմն Դուք էլ չպետք է անհանգստանաք։
Մինչդեռ նույն իրադարձությունը տարբեր մարդկանց վրա կարող է բոլորովին տարբեր ազդեցություն ունենալ։
Կարեկցել նշանակում է հասկանալ և ընդունել դիմացինի զգացմունքները, նույնիսկ եթե Դուք նրա փոխարեն բոլորովին այլ կերպ կարձագանքեիք։
Եսասեր մարդը, հակառակը, ամեն ինչ գնահատում է միայն իր տեսանկյունից։ Եթե իրեն որևէ բան չի ցավեցնում, ուրեմն, իր կարծիքով, խնդիր ընդհանրապես չկա։
09. «Ես այսպիսին եմ, ինչպիսին կամ»
Այս արտահայտությամբ հաճախ փորձում են վերջ դնել անհարմար խոսակցությանը։ Մարդն ասում է, թե ինքն այդպիսին է, և իրեն փոխելն անիմաստ է։ Դրանով նա կարծես հասկացնում է, որ ոչինչ չի պատրաստվում փոխել, իսկ մյուսներին մնում է ընդամենը երկու տարբերակ՝ կա՛մ ընդունել իրեն այդպիսին, կա՛մ հեռանալ։
Բայց բնավորությունը չի կարող արդարացում լինել ցանկացած արարքի համար։ Այն, որ մարդը սովոր է որոշակի կերպ վարվել, դեռ չի նշանակում, թե նա պատասխանատվություն չի կրում իր պահվածքի համար։
Մարդիկ կարող են փոխել իրենց սովորություններն ու շփման ձևը։ Կարևորն այն է, որ իրենք տեսնեն խնդիրը և ցանկանան ինչ-որ բան փոխել։
10. «Ուրիշներին դա չի խանգարում»
Եսասիրության մեկ այլ նշան է, երբ մարդը Ձեր դժգոհությունը փորձում է անտեղի ներկայացնել՝ համեմատելով Ձեզ ուրիշների հետ։
Օրինակ՝ եթե նրա ընկերներին չեն վիրավորում իր կոպիտ կատակները, ուրեմն, իր տրամաբանությամբ, Դուք էլ իրավունք չունեք նեղանալու կամ խնդրելու, որ նման կատակներ այլևս չանի։
Բայց բոլոր մարդիկ տարբեր են, և յուրաքանչյուրն ունի իր անձնական սահմանները։ Այն, ինչ մի շրջապատում ընդունելի է, մեկ այլ միջավայրում կամ հարաբերություններում կարող է տհաճ ու վիրավորական լինել։
Այս տարբերությունը հասկանալը և դիմացինի սահմանները հարգելը կարեկցանքի ու փոխադարձ հարգանքի կարևոր դրսևորումներից են։
Մի անգամ անհաջող արտահայտություն օգտագործելը դեռ չի նշանակում, թե մարդը եսասեր է։ Վեճերի ժամանակ բոլորս էլ կարող ենք նյարդայնանալ, փորձել պաշտպանել մեզ և երբեմն ասել բաներ, որոնց համար հետո զղջում ենք։
Շատ ավելի կարևոր է հասկանալ՝ արդյոք նման պահվածքը պարբերաբար կրկնվում է։
Եթե մարդն անընդհատ անտեսում կամ արժեզրկում է Ձեր զգացմունքները, արած լավությունները վերածում պարտքի, իսկ խնդրի մասին խոսելու յուրաքանչյուր փորձ ավարտվում է մեղադրանքներով, ուրեմն դժվար թե գործ ունենաք պարզապես մեկ անզգույշ արտահայտության հետ։
Հենց նման կրկնվող վարքագիծն է օգնում հասկանալ, թե ինչպես ճանաչել եսասեր մարդուն և տարբերել սովորական վեճն այնպիսի հարաբերություններից, որտեղ Ձեր զգացմունքները շարունակ անտեսվում են։








