Երբեմն հանդիպումը հանգիստ է անցնում։ Ոչ ոք չի վիճում, ձայնը չի բարձրացնում, բայց տուն եք վերադառնում այնպես հոգնած, կարծես ամբողջ օրը ծանր աշխատանք եք արել, և ինչ-որ մեկը խլել է Ձեր ողջ էներգիան: Ոչ մեկի հետ խոսելու ցանկություն չունեք, չեք ուզում որևէ գործով զբաղվել, նույնիսկ հաղորդագրություններին պատասխանելու ուժ չկա։ Միայն ուզում եք, որ Ձեզ հանգիստ թողնեն։
Եթե նկատել եք, որ նույն մարդու հետ շփվելուց հետո հաճախ եք այդպես զգում, արժե մի փոքր ավելի ուշադիր նայել Ձեր հարաբերություններին։ Գուցե խնդիրը ոչ թե Ձեր հոգնածությունն է կամ վատ տրամադրությունը, այլ հենց այդ շփումը։ Մարդկանց որոշ սովորություններ ու վարքագծային առանձնահատկություններ կարող են հուզական առումով շատ հյուծող լինել, նույնիսկ եթե արտաքուստ ամեն ինչ միանգամայն սովորական է թվում։
Ահա 6 նշան, որոնք կարող են հուշել, որ ինչ-որ մեկի հետ շփումը Ձեզանից չափազանց շատ ուժ ու էներգիա է խլում։
1. Ամեն հանդիպումից հետո ժամանակ է պետք՝ ուշքի գալու համար
Մինչև հանդիպումը Ձեզ լավ էիք զգում, բայց այդ մարդու հետ խոսելուց հետո կարծես ամբողջ ուժերը սպառվում են։ Դառնում եք դյուրագրգիռ, տրամադրությունն ընկնում է, ոչինչ անելու ցանկություն չեք ունենում։ Երբեմն էլ պարզապես ուզում եք առանձնանալ ու ոչ մեկին չտեսնել։
Հատկապես մտահոգիչ է, երբ նույնը կրկնվում է ամեն անգամ։ Ընդ որում, հաճախ նույնիսկ չեք կարողանում հասկանալ, թե ինչն այդքան հոգնեցրեց Ձեզ։ Մարդը ոչ մի վիրավորական բան չի ասել, վեճ չի եղել, ամեն ինչ կարծես նորմալ է անցել։ Բայց ինչ-որ պատճառով հանդիպումից հետո ավելի վատ եք զգում, քան դրանից առաջ։
Հնարավոր է՝ ամբողջ զրույցի ընթացքում ստիպված եք եղել հետևել նրա տրամադրությանը, ամեն բառ ասելուց առաջ մտածել, խուսափել անհարմար թեմաներից կամ փորձել թույլ չտալ, որ իրավիճակը լարվի։ Դրսից այս ամենը կարող է աննկատ մնալ, բայց նման շփումը բավականին ուժասպառ է անում։
2. Դուք անընդհատ լսում եք նրա խնդիրները, բայց նա Ձեզ լսելու ժամանակ չունի
Այդ մարդու կյանքում միշտ ինչ-որ բան այն չէ։ Մեկը խնդիրներ ունի աշխատանքի վայրում, մյուսը՝ հարազատների հետ, հետո հերթը հասնում է անհաջող հարաբերություններին, վիրավորանքներին ու բոլորից դժգոհ լինելուն։ Դուք լսում եք, հանգստացնում, խորհուրդներ տալիս, փորձում օգնել, որ նա իրավիճակին այլ կերպ նայի։
Բայց բավական է սկսեք պատմել սեփական դժվարությունների մասին, և նա անմիջապես ընդհատում է Ձեզ, խոսակցությունն իր վրա է տեղափոխում կամ պատասխանում մի քանի սովորական, ոչինչ չասող արտահայտությամբ։
Ժամանակի ընթացքում նման հարաբերությունները միակողմանի են դառնում։ Մեկը մշտապես ուշադրություն ու աջակցություն է ստանում, իսկ մյուսը շարունակ լսում, հասկանում ու օգնում է՝ փոխարենը գրեթե ոչինչ չստանալով։
Իհարկե, դա չի նշանակում, որ մտերիմ մարդիկ միշտ պետք է հավասար չափով ուշադրություն դարձնեն միմյանց։ Բոլորիս կյանքում էլ դժվար ժամանակներ են լինում, երբ սովորականից ավելի շատ աջակցության կարիք ենք ունենում։ Բայց եթե տարիներ շարունակ միայն դիմացինի խնդիրներն են կարևոր, իսկ Ձեր ապրումները մշտապես երկրորդ պլանում են, ուրեմն խոսքը ոչ թե ժամանակավոր դժվարության, այլ արդեն սովորական դարձած վերաբերմունքի մասին է։
3. Դուք անընդհատ մեղավոր եք զգում Ձեզ
Մի փոքր ուշ եք պատասխանում հաղորդագրությանը և արդեն ստիպված եք արդարանալ։ Հրաժարվում եք հանդիպումից, որովհետև հոգնած եք, բայց հետո Ձեզ եսասեր եք զգում։ Չեք կարողանում օգնել և ամբողջ երեկո մտածում եք՝ գուցե պետք էր այլ կերպ վարվել։
Դիմացինը կարող է բացահայտ մեղադրել Ձեզ անտարբերության կամ անշնորհակալության մեջ։ Բայց երբեմն դա անում է ավելի աննկատ ձևով։ Օրինակ՝ ծանր հոգոց է հանում, ցուցադրաբար նեղանում կամ ասում. «Դե, քեզնից ուրիշ բան չէի էլ սպասում»։
Ի վերջո, սկսում եք համաձայնել նրա խնդրանքներին ոչ թե այն պատճառով, որ իսկապես ուզում եք օգնել, այլ որովհետև վախենում եք, թե ինչ կլինի, եթե մերժեք։
Սա ամենահյուծող իրավիճակներից մեկն է։ Ստացվում է, որ Դուք պետք է պատասխանատու լինեք ոչ միայն Ձեր որոշումների, այլև ուրիշի զգացմունքների համար։
Բայց մեկին կարեկցել չի նշանակում ամեն պահի հասանելի լինել նրա համար, լուծել նրա բոլոր խնդիրները կամ հրաժարվել սեփական ծրագրերից։
4. Նրա կողքին այլևս չեք կարողանում ինքներդ Ձեզ նման լինել
Նկատում եք, որ սկսել եք ավելի զգույշ խոսել, ավելի հազվադեպ պատմել Ձեր ուրախությունների մասին, թաքցնել հաջողությունները։ Երբեմն նույնիսկ նախապես մտածում եք, թե ինչ քննադատություն եք լսելու այս կամ այն լուրն ասելիս։
Հնարավոր է՝ այդ մարդը սովորություն ունի նսեմացնելու Ձեր ձեռքբերումները։ «Ուղղակի բախտդ բերել է», «Դա ի՞նչ մեծ բան է», «Հպարտանալու բան գտար»։ Կամ էլ Ձեր ցանկացած հաջողություն վերածում է մրցակցության՝ փորձելով ցույց տալ, որ ինքն ավելի լավն է։
Երբեմն բավական է նրա մեկ հայացքը կամ ծանոթ հեգնական տոնը, որ սկսեք կասկածել ինքներդ Ձեզ։
Երբ անընդհատ ստիպված եք պաշտպանել Ձեր արժանապատվությունն ու ինքնագնահատականը, դա մեծ ուժեր է խլում։ Դուք այլևս պարզապես չեք շփվում այդ մարդու հետ։ Փոխարենը շարունակ փորձում եք արժանանալ նրա հավանությանը կամ գոնե խուսափել հերթական վիրավորական դիտողությունից։
Առողջ հարաբերություններում մարդը չպետք է ստիպված լինի լռել, թաքցնել իր հաջողությունները կամ իրեն փոքրացնել միայն այն պատճառով, որ դիմացինն իրեն լավ զգա։
5. Ձեր անձնական սահմանները նա ընդունում է որպես վիրավորանք
Ասում եք, որ այսօր չեք կարող հանդիպել, չեք ուզում որևէ թեմայի մասին խոսել կամ պարզապես հանգստանալու կարիք ունեք։ Իսկ դիմացինը նեղանում է, սկսում ճնշում գործադրել, ծաղրել կամ ամեն կերպ փորձում է համոզել, որ փոխեք որոշումը։
Նա կարող է նույնիսկ համաձայնել Ձեր ասածին, բայց հետո նորից անել այն, ինչ ինքն է ուզում։ Օրինակ՝ զանգահարել ուշ գիշերով, թեև խնդրել եք այդ ժամին չզանգել, խառնվել Ձեր անձնական որոշումներին կամ պահանջել, որ անմիջապես պատասխանեք իր բոլոր հաղորդագրություններին։
Ամենավատն այն է, որ ժամանակի ընթացքում սկսում եք ինքներդ հրաժարվել Ձեր ցանկություններից, միայն թե հերթական տհաճ խոսակցությունը չլինի։
Դուք այլևս չեք մտածում՝ «Ես ի՞նչ եմ ուզում»։ Փոխարենը առաջին միտքն այն է, թե ինչպես կարձագանքի նա։
Եթե հարաբերությունները պահպանելու համար շարունակ ստիպված եք հրաժարվել Ձեր հանգստից ու հարմարավետությունից, զարմանալի չէ, որ աստիճանաբար ուժասպառ եք լինում։
6. Հանդիպումից առաջ անհանգստանում եք, իսկ հետո՝ թեթևություն զգում
Փորձեք ուշադրություն դարձնել, թե ինչ եք զգում այդ մարդու հետ հանդիպելուց առաջ։ Ուրախանո՞ւմ եք, որ շուտով տեսնելու եք նրան, թե՞ մտքում արդեն պատճառ եք փնտրում հանդիպումից հրաժարվելու համար։
Երբ հեռախոսը ստուգում եք, հետաքրքրությա՞մբ եք սպասում նրա հաղորդագրությանը, թե՞ վախենում եք, որ նորից ինքն է գրել։ Իսկ երբ նա Ձեզ հետ կապ չի հաստատում, կարո՞ղ եք հանգիստ անցկացնել օրը։
Երբեմն մեր մարմինն ավելի շուտ է արձագանքում լարվածությանը, քան մենք հասցնում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում։ Լարվում են ուսերը, սրտի զարկերն արագանում են, առանց ակնհայտ պատճառի նյարդայնանում ենք։ Իսկ երբ զրույցն ավարտվում է, այնպիսի թեթևություն ենք զգում, կարծես ծանր բեռ է ընկել մեր ուսերից։ Վերջապես ամեն ինչ ավարտվեց։
Իհարկե, մեկ անհաջող հանդիպումից դեռ պետք չէ լուրջ եզրակացություններ անել։ Բոլորս էլ երբեմն հոգնում ենք, դժվար ժամանակներ ունենում, վիճում նույնիսկ ամենասիրելի մարդկանց հետ։
Բայց եթե արդեն սովորություն է դարձել հանդիպումից առաջ անհանգստանալը, իսկ դրանից հետո թեթևություն զգալը, արժե մտածել, թե ինչու է այդպես։
Գուցե այդ հարաբերություններում վաղուց այլևս չեք զգում այն հանգստությունն ու ապահովությունը, որոնք թույլ են տալիս մարդուն ազատ լինել և չվախենալ ինքն իրեն նման լինելուց։
Ի՞նչ անել, եթե այս նշաններում ճանաչեցիք Ձեր մտերիմներից մեկին
Առաջին հերթին մի շտապեք նրան «էներգետիկ վամպիր» անվանել։ Սա պարզապես տարածված արտահայտություն է, ոչ թե հոգեբանական ախտորոշում։
Երբեմն մարդիկ մեզ հոգնեցնում են ոչ թե այն պատճառով, որ գիտակցաբար փորձում են ազդել մեզ վրա, այլ որովհետև մեր բնավորությունները չեն համընկնում, հարաբերությունները երկարատև ճգնաժամի մեջ են, կամ մենք ինքներս արդեն հուզականորեն հյուծված ենք։
Դիմացինի մտադրությունները գուշակելու փոխարեն փորձեք ուշադրություն դարձնել կոնկրետ իրավիճակներին և այն զգացողություններին, որոնք ունենում եք նրա հետ շփվելիս։
Սկսեք այս երեք քայլից։
ՔԱՅԼ 01
Դադարեք ամեն անգամ Ձեզ փրկչի դերում դնել։
Մարդուն լսելն ու հասկանալը դեռ չի նշանակում, որ պետք է նրա փոխարեն լուծեք բոլոր խնդիրները։ Երբեմն բավական է պարզապես հարցնել. «Ուզո՞ւմ ես, որ ուղղակի լսեմ քեզ, թե՞ միասին փորձենք լուծում գտնել»։
ՔԱՅԼ 02
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է նա ընդունում Ձեր մերժումը։
Կարո՞ղ եք հանգիստ «ոչ» ասել՝ առանց դրա համար մեղադրանքներ լսելու, ճնշման ենթարկվելու կամ պատժվելու ցուցադրական լռությամբ։ Մարդու արձագանքը Ձեր մերժմանը երբեմն նրա մասին ավելի շատ բան է ասում, քան բոլոր գեղեցիկ խոսքերը միասին։
ՔԱՅԼ 03
Թույլ տվեք Ձեզ որոշակի հեռավորություն պահել։
Պարտադիր չէ անմիջապես խզել հարաբերությունները։ Երբեմն բավական է ավելի կարճ հանդիպել, մի փոքր ուշ պատասխանել հաղորդագրություններին կամ պարզապես չմասնակցել այն խոսակցություններին, որոնցից հետո ամեն անգամ հոգեպես դատարկված եք զգում Ձեզ։
Եվ ևս մի կարևոր բան։ Եթե շփումից հետո հոգնածություն եք զգում, դա դեռ չի նշանակում, որ Ձեր կողքին անպայման «թունավոր» մարդ կա։
Եթե վերջին շրջանում ընդհանրապես ոչ մի բանի ուժ չունեք, և նույնիսկ հաճելի հանդիպումներն են Ձեզ հոգնեցնում, արժե ուշադրություն դարձնել նաև սեփական ինքնազգացողությանը։ Գուցե չափազանց լարված եք ապրում, շատ եք սթրեսի ենթարկվում կամ պարզապես բավարար չափով չեք հանգստանում։
Պարտադիր չէ, որ Ձեր ամբողջ ուժն ու էներգիան ծախսեք ուրիշների մասին հոգ տանելու վրա՝ մոռանալով սեփական կարիքների մասին։
Դուք կարող եք սիրել, կարեկցել, օգնել և լավ մարդ մնալ՝ առանց պարտավորված զգալու, որ պետք է օրվա ցանկացած ժամի հասանելի լինեք բոլորին և անընդհատ զբաղվեք նրանց հոգսերով։







