Մոնա Լիզայի ժպիտը փոխվում է, երբ ուղիղ նայում եք դրան․ գիտությունը բացատրում է՝ ինչու

Ինչո՞ւ է Մոնա Լիզան երբեմն ավելի արտահայտիչ ժպտում, իսկ երբ ուղիղ նայում ենք նրա շուրթերին, ժպիտը գրեթե անհետանում է։ Գիտությունը գտել է այս առեղծվածի բացատրությունը։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Մոնա Լիզայի ժպիտը երբեմն ավելի արտահայտիչ է թվում, երբեմն՝ գրեթե աննկատ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե նկարի որ հատվածին եք նայում։ Բայց պատճառը կտավը չէ, որը ստեղծվել է հազվագյուտ նյութ պարունակող ներկերով։ Ավելի քան 500 տարվա ընթացքում ժպիտն ինքնին չի փոխվել։ Փոխվում է այն, թե ինչպես ենք մենք տեսնում այն։ Եվ այս տարօրինակ երևույթն ունի գիտական բացատրություն։

Ինչո՞ւ է Մոնա Լիզայի ժպիտը փոխվում՝ կախված մեր հայացքից

2000 թվականին Հարվարդի բժշկական դպրոցի նյարդակենսաբան Մարգարեթ Լիվինգսթոնն առաջարկեց այս երևույթի գիտական բացատրությունը։ Նա պարզել էր, որ Մոնա Լիզայի ժպիտը տարբեր կերպ է ընկալվում՝ կախված նրանից, թե մարդը նկարի որ հատվածին է նայում։

Բանն այն է, որ մենք մեր տեսադաշտի բոլոր հատվածները նույն հստակությամբ չենք տեսնում։ Այն, ինչին ուղիղ նայում ենք, տեսնում ենք շատ պարզ՝ մինչև ամենափոքր մանրուքները։ Օրինակ՝ հենց այդպես ենք կարդում հեռախոսի էկրանին գրված տեքստը։ Իսկ այն, ինչ գտնվում է մեր հայացքի կենտրոնից դուրս, տեսնում ենք ավելի աղոտ։ Գիտնականները սա անվանում են ծայրամասային տեսողություն։ Այդպես մենք կարողանում ենք նկատել առարկաների ընդհանուր ուրվագծերը, շարժումը, լույսի ու ստվերի խոշոր հատվածները, բայց մանրուքներն այլևս հստակ չենք տարբերում։

Երբ նայում եք Մոնա Լիզայի աչքերին, նրա բերանը հայտնվում է Ձեր ծայրամասային տեսադաշտում։ Շուրթերի նուրբ գծերն աղոտ են երևում, մինչդեռ այտերի և բերանի անկյունների ստվերները շարունակում են նկատելի մնալ։ Հենց այդ ստվերների շնորհիվ էլ ուղեղը կնոջ դեմքին բավական արտահայտիչ ժպիտ է տեսնում։

Բայց բավական է հայացքը տեղափոխել շուրթերին, և տպավորությունը փոխվում է։ Այժմ արդեն հստակ երևում են բերանի մանր գծերը, իսկ ժպիտը շատ ավելի թույլ է թվում։ Ստացվում է տարօրինակ բան․ որքան ուշադիր ենք զննում Մոնա Լիզայի ժպիտը, այնքան ավելի քիչ ենք այն նկատում։ Ընդ որում, կտավի վրա ոչինչ չի փոխվում։ Ամբողջ գաղտնիքն այն է, թե ինչպես է մեր ուղեղն ընկալում տեսածը։

Մոնա Լիզայի ժպիտը փոխվում է, երբ ուղիղ նայում եք դրան․ գիտությունը բացատրում է՝ ինչու
Շրթունքների և բերանի անկյունների խոշորացված պատկերը ճաքած նկարի վրա

Սֆումատո․ ինչպես Լեոնարդոն ժպիտը թաքցրեց մեղմ ստվերների մեջ

Եթե դիմանկարը հստակ ուրվագծերով նկարված լիներ, նման պատրանք չէր առաջանա։ Սովորաբար նկարիչները հստակ գծերով են առանձնացնում շուրթերը դեմքի մաշկից, քիթը՝ այտերից։ Սակայն Լեոնարդո դա Վինչին այլ կերպ էր նկարում։ Նրա ստեղծագործություններում դեմքի մի հատվածն այնքան սահուն է անցնում մյուսին, որ այդ անցումը գրեթե չի նկատվում։

Այս տեխնիկան կոչվում է սֆումատո։ Անվանումն առաջացել է իտալերեն բառից, որը կապված է մշուշի հետ։ Լեոնարդոն ներկը քսում էր չափազանց բարակ, կիսաթափանցիկ շերտերով։ Ամեն նոր շերտ փոքր-ինչ փոխում էր նախորդի գույնն ու լուսավորությունը։ Արդյունքում լույսի և ստվերի միջև կտրուկ սահմաններ գրեթե չէին մնում։

Այս ամենը հատկապես լավ է երևում աչքերի և բերանի շուրջ։ Շուրթերի անկյունները հստակ ուրվագծեր չունեն։ Դրանց փոխարեն մեղմ ստվերներ են, որոնք կարելի է տարբեր կերպ ընկալել։ Երբ նայում ենք ամբողջ դեմքին, այդ ստվերները ժպիտի տպավորություն են ստեղծում։ Իսկ երբ ուշադրությունը կենտրոնացնում ենք բերանի վրա, ժպիտը կարծես խամրում է։

Լուվրի մասնագետները նշում են, որ հենց այս դիմանկարում Լեոնարդոն ներկի չափազանց բարակ շերտերով աշխատելու տեխնիկան հասցրել է բացառիկ կատարելության։

Պարզ փորձ, որը կարող եք անել մեծ էկրանի առաջ

Այս հետաքրքիր երևույթը սեփական աչքերով տեսնելու համար պարտադիր չէ Լուվր այցելել։ Բավական է նկարը մեծ չափսով բացել համակարգչի կամ մեկ այլ էկրանի վրա։

1
Նայեք Մոնա Լիզայի աչքերին

Մի՛ տեղափոխեք հայացքը նրա բերանին։ Փորձեք հասկանալ, թե որքան նկատելի է ժպիտը։

2
Այժմ նայեք ուղիղ շուրթերին

Հնարավոր է՝ կնոջ դեմքն ավելի հանգիստ թվա, իսկ ժպիտը՝ պակաս արտահայտիչ։

3
Կրկին նայեք աչքերին կամ կնոջ հետևում պատկերված բնապատկերին

Ժպիտը կարող է նորից ավելի նկատելի դառնալ։

4
Թեթևակի կկոցեք աչքերը

Այդպես մանրուքները կկորցնեն իրենց հստակությունը, և ժպիտը կարող է ավելի արտահայտիչ թվալ։

Իհարկե, բոլորի մոտ այս փորձը նույն արդյունքը չի տալիս։ Շատ բան կախված է նկարի չափից, էկրանից ունեցած հեռավորությունից և Ձեր տեսողության առանձնահատկություններից։ Բայց այս պարզ փորձի միջոցով կարելի է զգալ այն երևույթը, որն ուսումնասիրել էր Լիվինգսթոնը։

Մոնա Լիզա խոշոր պլանով

Ինչո՞ւ է մեր ուղեղը փորձում գուշակել Մոնա Լիզայի զգացմունքները

Մոնա Լիզայի ժպիտի առեղծվածը միայն տեսողությամբ չի սահմանափակվում։ Մենք ոչ միայն նկատում ենք նրա ժպիտը, այլև փորձում ենք հասկանալ, թե ինչ է զգում այդ կինը։

Սովորական լուսանկարում մարդու տրամադրությունը հասկանալը համեմատաբար հեշտ է։ Շուրթերի բարձրացած անկյունները, աչքերի շուրջ առաջացած կնճիռներն ու այտերի դիրքը հաճախ անմիջապես հուշում են՝ մարդն ուրախ է, տխուր, թե զարմացած։

Մոնա Լիզայի դեպքում, սակայն, այդ նշանները շատ թույլ են արտահայտված։ Ժպիտը հազիվ է նկատվում, հայացքը հանգիստ է, իսկ դեմքի արտահայտությունից դժվար է հասկանալ, թե նա իրականում ինչ է զգում։

Այդ պատճառով մեր ուղեղը փորձում է ինքնուրույն գտնել պատասխանը։ Մեկին Մոնա Լիզան գոհ ու երջանիկ է թվում, մյուսին՝ մտախոհ, երրորդին՝ փոքր-ինչ տխուր։ Ավելին՝ նույնիսկ նույն մարդը կարող է մեկ այլ անգամ նկարին նայելիս բոլորովին այլ տպավորություն ստանալ։

Իհարկե, Լեոնարդոն միևնույն կտավի վրա մի քանի տարբեր դեմքեր չի նկարել։ Պարզապես կնոջ դեմքի արտահայտությունն այնքան անորոշ է, որ ամեն մարդ այն յուրովի է ընկալում։

Հենց այստեղից էլ առաջանում է այն զգացողությունը, թե դիմանկարը կենդանի է։ Մենք սովոր ենք, որ մարդկանց դեմքի արտահայտություններն անընդհատ փոխվում են։ Իսկ Մոնա Լիզայի դեպքում նույն տպավորությունն ունենում ենք անշարժ նկարի առաջ։

Ո՞վ է իրականում պատկերված Մոնա Լիզայի դիմանկարում

Տարիներ շարունակ բազմաթիվ վարկածներ են շրջանառվել այն մասին, թե ով է պատկերված հանրահայտ կտավում։ Ոմանք կարծում էին, թե դա անհայտ ազնվականուհի է, իսկ մյուսները նույնիսկ ենթադրում էին, որ Լեոնարդոն նկարել է ինքն իրեն՝ կնոջ կերպարանքով։

Սակայն պատմական փաստաթղթերն ավելի պարզ պատասխան են տալիս։ Դիմանկարում Լիզա Գերարդինին է՝ մետաքսի առևտրով զբաղվող հարուստ ֆլորենցիացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը։

Լեոնարդոն դիմանկարը սկսել է նկարել մոտավորապես 1503 թվականին և դրանից հետո դեռ երկար տարիներ շարունակել է աշխատել դրա վրա։

«Մոնա Լիզա» անվանումը մոտավորապես նշանակում է «տիկին Լիզա»։ Իսկ նկարի մյուս անվանումը՝ «Ջոկոնդա», առաջացել է կնոջ ամուսնու ազգանունից։

Հետաքրքիր է, որ իտալերեն giocondo բառը նշանակում է «ուրախ» կամ «զվարթ»։ Լուվրի մասնագետները չեն բացառում, որ Լեոնարդոն կնոջ ժպիտի միջոցով փորձել է խաղալ հենց այդ բառի իմաստի հետ։

Կա նաև մի հետաքրքիր պատմություն, որը մեզ է փոխանցել 16-րդ դարի նկարիչ և արվեստի պատմաբան Ջորջո Վազարին։ Նրա պատմելով՝ Լեոնարդոն դիմանկարը նկարելիս երաժիշտներ, երգիչներ և ծաղրածուներ էր հրավիրում, որպեսզի Լիզան չտխրի, և նրա դեմքը մռայլ չերևա։

Սակայն այս պատմությունը պետք է որոշ վերապահումով ընդունել։ Վազարին անձամբ ներկա չի եղել դիմանկարի ստեղծմանը։ Հետևաբար նրա պատմածն ավելի շուտ փոխանցված ավանդազրույց է, քան ականատեսի վկայություն։

Լեոնարդո դա Վինչիի անսպասելի զբաղմունքը․ նա օծանելիքներ էր ստեղծում, որոնցից մարդկանց սրտխառնոց էր առաջանում

Արդյո՞ք Լեոնարդոն միտումնավոր էր ստեղծել անհետացող ժպիտի պատրանքը

Լեոնարդո դա Վինչին միայն նկարիչ չէր։ Նա խորությամբ ուսումնասիրում էր մարդու անատոմիան, աչքի կառուցվածքը, լույսն ու ստվերը։ Ուստի միանգամայն հնարավոր է, որ նա նկատել էր այս տեսողական երևույթը դեռ այն ժամանակ, երբ ուղեղի աշխատանքի մասին ժամանակակից գիտությունը գոյություն չուներ։

Սակայն որևէ ապացույց չկա, որ Լեոնարդոն միտումնավոր էր ստեղծել անհետացող ժպիտի պատրանքը։

Գիտնականներն այսօր բավական վստահ են բացատրում, թե ինչու է առաջանում այդ երևույթը։ Բայց արդյոք նկարիչը նախապես մտածե՞լ էր այդ ամենը, թե՞ նման արդյունքի էր հասել իր բացառիկ վարպետության շնորհիվ, հնարավոր չէ հաստատ ասել։

Լուվրի հետազոտողների կարծիքով՝ Լեոնարդոն ցանկանում էր ցույց տալ ոչ միայն Լիզայի արտաքին տեսքը, այլև նրա ներաշխարհը։

Կնոջ ժպիտը կարծես հրավիրում է շփման, բայց միևնույն ժամանակ ոչինչ չի բացահայտում նրա զգացմունքների մասին։ Գուցե հենց դա էլ եղել է նկարչի մտահղացումը՝ ստեղծել մի դեմք, որը կենդանի կթվա, բայց որի գաղտնիքը մինչև վերջ բացահայտել հնարավոր չի լինի։

Ի վերջո, Մոնա Լիզայի ժպիտի առեղծվածը երեք հիմնական բացատրություն ունի՝ Լեոնարդոյի ստեղծած մեղմ ստվերները, կենտրոնական և ծայրամասային տեսողության տարբերությունը, ինչպես նաև կնոջ դեմքի ոչ միանշանակ արտահայտությունը։

Ավելի քան հինգ դար է անցել, բայց կտավի վրա պատկերված ժպիտը նույնն է մնացել։ Փոխվում է միայն այն, թե ինչպես ենք մենք նայում դրան։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Գիտաճանաչողական նյութերի խմբագիր

Միքայելը բնական գիտությունների (հատկապես քիմիայի և ֆիզիկայի) նկատմամբ մեծ կիրք ունեցող մասնագետ է։ Նա պատասխանատու է MediaMag-ում գիտահանրամատչելի հոդվածների, տեխնոլոգիական նորությունների, տնտեսական և մշակութային փաստերի ճշգրտության (fact-checking) համար։ Նրա առաքելությունն է գիտությունն ու պատմությունը դարձնել առօրյա ընթերցանության ամենահետաքրքիր մասը: Ներկայացնել գիտական, մշակութային, տնտեսական նորություններն ու անցուդարձը:

MediaMag
Մոնա Լիզայի ժպիտը փոխվում է, երբ ուղիղ նայում եք դրան․ գիտությունը բացատրում է՝ ինչու
Բնապատկերներ մարդկային մարմնից (13 նկար)
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց