Ոմանք կյանքի դժվար պահերին իրենց ապրումներով կիսվում են սոցիալական ցանցերում, իսկ մյուսները հանկարծ անհետանում են։ Դադարում են լուսանկարներ հրապարակել, պատասխանել հաղորդագրություններին և նույնիսկ հավանել ուրիշների գրառումները։ Առանց որևէ բացատրության։ Պարզապես լռություն։ Եվ դա միշտ չէ, որ ուշադրություն գրավելու փորձ է։ Կան կենդանակերպի նշաններ, որոնց ներկայացուցիչները պարզապես նախընտրում են դժվարությունները հաղթահարել միայնակ՝ հեռու ուրիշների աչքից։
Այսօր, երբ մարդիկ սոցիալական ցանցերում պատմում են իրենց կյանքի գրեթե ամեն մանրուքի մասին, նման անհետացումը հատկապես նկատելի է դառնում։ Բայց ոչ բոլորն են ցանկանում իրենց անձնական խնդիրներն ու ապրումները հանրային քննարկման թեմա դարձնել։ Աստղագուշակների կարծիքով՝ Խեցգետինը, Կարիճը, Կույսն ու Այծեղջյուրը հենց այն նշաններից են, որոնք կյանքի ծանր պահերին հաճախ նախընտրում են առանձնանալ և լռել։
Իհարկե, սոցիալական ցանցերում մարդու պահվածքը միայն կենդանակերպի նշանով չի պայմանավորված։ Այնուամենայնիվ, աստղագուշակությունը հետաքրքիր բացատրություն է առաջարկում, թե ինչու են ոմանք դժվար պահին ուզում մեկի հետ խոսել, սիրտը բացել, իսկ մյուսները փակում են բոլոր դռներն ու մնում մենակ իրենց մտքերի հետ։
Խեցգետին․ երբ զգացմունքներն այնքան շատ են, որ չես ուզում դրանց մասին խոսել
Խեցգետինները շատ զգայուն են և հաճախ դժվարությունները շատ ավելի ծանր են տանում, քան կարող է թվալ կողքից։ Երբ հոգում ամեն ինչ խառնվում է իրար, նրանք այլևս ցանկություն չեն ունենում սոցիալական ցանցերում նախկինի պես ակտիվ լինելու։ Ինչպե՞ս կարելի է անհոգ լուսանկարներ հրապարակել ու ձևացնել, թե ամեն ինչ լավ է, երբ իրականում բոլորովին այլ զգացողություններ ունես։
Խեցգետնի համար տունն ու մտերիմների շրջապատն այն վայրն են, որտեղ կարող է հանգիստ լինել ինքն իրենով։ Այստեղ կարիք չկա որևէ դեր խաղալու կամ զգացմունքները թաքցնելու։ Իսկ սոցիալական ցանցերում ամեն ինչ այլ է։ Միշտ կա մեկը, ով կարող է սխալ հասկանալ, քննադատել կամ անցանկալի հարցեր տալ։ Եվ միայն այն միտքը, որ իր անձնական ապրումները կարող են ուրիշների քննարկման առարկան դառնալ, ստիպում է Խեցգետնին ավելի շատ փակվել իր մեջ։
Ահա թե ինչու Խեցգետինը կարող է մի օր պարզապես անհետանալ սոցիալական ցանցերից, թեև մինչ այդ ամեն օր ակտիվ էր։ Այդ ընթացքում նա փորձում է վերականգնել հոգեկան հանգստությունը՝ ժամանակ անցկացնելով հարազատ միջավայրում։ Գուցե խոսի միայն ամենամտերիմ մարդկանց հետ, գուցե ընդհանրապես ոչ մեկին ոչինչ չպատմի։ Իսկ երբ կրկին իրեն հանգիստ ու ապահով զգա, կամաց-կամաց կվերադառնա սովորական կյանքին։
Կարիճ․ անձնական ցավը բոլորի աչքի առաջ չեն ցուցադրում
Կարիճը չի սիրում, երբ ուրիշները տեսնում են իր թույլ կողմերը։ Նա սովոր է խնդիրները լուծել ինքնուրույն և շատ ուշադիր է ընտրում, թե ում ինչ պատմի իր կյանքի մասին։ Նրա համար անկեղծանալը նշանակում է վստահել մարդուն, իսկ սոցիալական ցանցերի պատահական հետևորդները հաստատ այն մարդիկ չեն, որոնց հետ կցանկանար կիսվել իր ամենացավոտ ապրումներով։
Կարիճի համար սոցիալական ցանցերում յուրաքանչյուր հրապարակում պետք է մտածված լինի։ Զգացմունքների ազդեցության տակ գրված երկար խոստովանությունները նրա սրտով չեն։ Հետո կարող է զղջալ, որ չափից շատ բան է պատմել իր մասին։ Այդ պատճառով, երբ կյանքում ծանր շրջան է սկսվում, նա հաճախ ընտրում է ամենապարզ տարբերակը՝ ընդհանրապես ոչինչ չհրապարակել։
Երբեմն Կարիճը նույնիսկ ջնջում է նախկին գրառումները, փակում իր էջը կամ դադարում պատասխանել հաղորդագրություններին։ Նրան պարզապես ժամանակ է պետք՝ հասկանալու, թե ինչ է կատարվում իր ներսում։ Եվ այդ ընթացքում ամենաքիչը ցանկանում է լսել ուրիշների խորհուրդներն ու կարծիքները։ Իսկ երբ կրկին սկսում է ակտիվություն ցուցաբերել, սովորաբար փորձում է չանդրադառնալ անցած դժվարություններին և շարունակել ապրել այնպես, կարծես այդ ամենն արդեն մնացել է հետևում։
Կույս․ նախ ամեն ինչ հասկանալ, հետո միայն վերադառնալ
Կույսերը սիրում են, երբ ամեն ինչ հստակ է, կարգավորված ու իրենց վերահսկողության տակ։ Դա վերաբերում է նաև սոցիալական ցանցերում իրենց պահվածքին։ Նրանց համար կարևոր է, թե ինչպես են ներկայանում ուրիշներին, ինչ են հրապարակում և ինչ տպավորություն են թողնում։ Իսկ երբ ներսում իսկական խառնաշփոթ է, դժվար է պահպանել այդ սովորական պատկերը։
Եթե կյանքում ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես նախատեսված էր, Կույսը կարող է որոշել, որ ավելի լավ է առայժմ լռել։ Նա չի ցանկանում հույզերին տրվել ու հետո զղջալ ասածների համար։ Առավել ևս չի ուզում հանրայնացնել մի խնդիր, որի պատճառներն ու լուծումը դեռ ինքն էլ չի հասկանում։ Այդ օրերին նրա ակտիվությունը կարող է սահմանափակվել հազվադեպ հավանումներով կամ կարճ պատասխաններով։ Իսկ երբեմն էլ նա ընդհանրապես անհետանում է սոցիալական ցանցերից։
Կույսին այդ լռությունն անհրաժեշտ է, որպեսզի կարողանա հանգիստ մտածել և ամեն ինչ իր տեղը դնել։ Նա փորձում է հասկանալ, թե ինչու է հայտնվել նման իրավիճակում, ինչն է իրեն անհանգստացնում և ինչպես կարելի է դուրս գալ այդ վիճակից։ Երբ մտքերը վերջապես հստակվում են, իսկ խնդիրներն այլևս անլուծելի չեն թվում, նա աստիճանաբար վերադառնում է իր սովորական ակտիվությանը։
Այծեղջյուր․ խնդիրների մասին չեն պատմում, դրանք լուծում են
Այծեղջյուրի համար սոցիալական ցանցերը հաճախ ավելի շատ աշխատանքային հարթակ են կամ սեփական հաջողությունները ներկայացնելու միջոց, քան անձնական օրագիր։ Նա սովոր է պատասխանատու, ինքնավստահ ու կազմակերպված մարդու տպավորություն թողնել։ Իսկ դժվարությունները նախընտրում է հաղթահարել առանց ավելորդ օգնության ու ուշադրության։ Նույնիսկ ամենածանր պահերին Այծեղջյուրի համար կարևոր է ցույց տալ, որ կարողանում է գլուխ հանել իրավիճակից։
Նրա համար հեշտ չէ հրապարակայնորեն խոստովանել, որ կյանքում ինչ-որ բան այնպես չի ստացվում, ինչպես կցանկանար։ Եվ պատճառը միշտ չէ, որ ուրիշների կարծիքն է։ Երբեմն Այծեղջյուրն ինքն էլ դժվարությամբ է ընդունում, որ շփոթված է, չգիտի ինչ անել կամ կորցրել է իրավիճակի վերահսկողությունը։ Այդպիսի պահերին նա նախընտրում է մի կողմ դնել շփումներն ու ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել խնդրի լուծման վրա։
Այդ ընթացքում Այծեղջյուրը կարող է շարունակել միայն սովորական, ոչ անձնական հրապարակումները կամ ընդհանրապես դադարել որևէ բան տեղադրել։ Բայց դա չի նշանակում, թե նա ոչինչ չի անում։ Հնարավոր է՝ շարունակում է աշխատել, զբաղվել առօրյա գործերով ու լուծել իր խնդիրները՝ պարզապես ոչ մեկին չպատմելով, թե իրականում ինչերի միջով է անցնում։ Իսկ երբ զգում է, որ իրավիճակը կրկին իր ձեռքում է, վերադառնում է նախկին ակտիվությանը և շարունակում առաջ շարժվել։
Երբ է լռությունն օգտակար, և երբ արժե անհանգստանալ
Սոցիալական ցանցերից որոշ ժամանակով հեռանալն իսկապես կարող է օգտակար լինել։ Երբեմն հաճելի է պարզապես չտեսնել ուրիշների նորությունները, չհամեմատել սեփական կյանքը նրանց կյանքի հետ և չզգալ, որ պարտավոր ես անընդհատ հասանելի լինել բոլորին։ Այդպիսի դադարը կարող է օգնել հանգստանալ, հավաքել մտքերն ու ավելի լավ հասկանալ սեփական զգացմունքները։
Բայց պետք է տարբերել այն առանձնությունը, որն օգնում է մարդուն վերականգնվել, այն մեկուսացումից, որը միայն ավելի է ծանրացնում նրա վիճակը։ Եթե մարդը երկար ժամանակ խուսափում է բոլորից, դադարում է շփվել նույնիսկ հարազատների ու մտերիմների հետ, և նկատելի է, որ ինչ-որ բան այն չէ, հնարավոր է՝ նա աջակցության կարիք ունի։
Միևնույն ժամանակ, միայն այն փաստը, որ մարդը հանկարծ անհետացել է սոցիալական ցանցերից, դեռ չի նշանակում, թե նրա հետ վատ բան է պատահել։ Յուրաքանչյուրն ունի իր անձնական սահմաններն ու գաղտնիության իրավունքը։ Պետք չէ անմիջապես բացատրություններ պահանջել կամ ստիպել պատմել, թե ինչ է կատարվում։ Երբեմն բավական է պարզապես հասկացնել, որ նրա կողքին եք և պատրաստ եք լսել, երբ ինքը ցանկանա խոսել։
Ի վերջո, եթե մարդը ոչինչ չի հրապարակում, դա դեռ չի նշանակում, թե նրա կյանքում ոչինչ չի կատարվում։ Էկրանից այն կողմ յուրաքանչյուրն ունի իր զգացմունքները, խնդիրներն ու անձնական պատմությունները։ Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ ամենի մասին իմանա ամբողջ աշխարհը։







