Երբևէ պատահե՞լ է, որ առավոտյան արթնանաք արդեն հոգնած, ասես ամբողջ գիշեր ծանր աշխատանք եք կատարել։ Մի բաժակ թունդ սուրճ եք խմում, փորձում եք մի կերպ առույգանալ, բայց զգում եք, որ ուժերը չեն վերականգնվում։ Եվ միշտ չէ, որ պատճառը ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է կամ վիտամինների պակասը։ Հաճախ մեր առօրյայում կան սովորություններ, որոնք առաջին հայացքից անվնաս են թվում, բայց օրեցօր սպառում են մեր կենսական էներգիան:
Եթե ժամանակին չնկատեք, թե ինչն է ձեզ ուժասպառ անում, նույնիսկ ամենաերկար արձակուրդը միայն ժամանակավոր հանգիստ կպարգևի։ Ներկայացնում ենք յոթ սովորություն, որոնք ամեն օր աննկատ խլում են ձեր ուժերը։

1. Կիսատ թողած գործերը
Ինքներդ ձեզ կամ ուրիշներին տված ու չկատարած խոստումներ, անավարտ աշխատանքային առաջադրանքներ, աշխատասեղանին կուտակված իրեր, տհաճ խոսակցություն, որն անընդհատ հետաձգում եք․․․ Այս ամենը պարզապես չկատարված գործեր չեն։
Մեր ուղեղի համար դրանք նման են հեռախոսում բաց թողած հավելվածների, որոնք շարունակում են աշխատել նույնիսկ այն ժամանակ, երբ չենք օգտվում դրանցից։ Կիսատ գործերը նույնպես մնում են մեր մտքում և աննկատ խլում ուշադրությունն ու էներգիան։ Ուղեղը շարունակում է հիշեցնել դրանց մասին, նույնիսկ երբ զբաղված ենք բոլորովին այլ բանով։ Արդյունքում առաջանում է ներքին լարվածություն, իսկ երբեմն նաև անհանգստություն, որի պատճառը դժվարանում ենք հասկանալ։
2. Այն, ինչ չեք կարող փոխել, ամեն գնով վերահսկելու ցանկությունը
Մենք հսկայական էներգիա ենք վատնում՝ պայքարելով այնպիսի բաների դեմ, որոնք արդեն տեղի են ունեցել կամ պարզապես մեզանից կախված չեն։
Ճանապարհային խցանումը, անսպասելիորեն փոխված եղանակը, մեկ ուրիշի վատ տրամադրությունը կամ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները միշտ չէ, որ կարող ենք փոխել։ Բայց շարունակում ենք նյարդայնանալ, բարկանալ ու մտովի պայքարել դրանց դեմ։ Դա գրեթե նույնն է, ինչ փորձել ձեռքերով կանգնեցնել ծովում մոլեգնող փոթորիկը։
Երբ բարկանում եք այն բանի համար, ինչն այլևս հնարավոր չէ փոխել, միայն ավելորդ լարվածություն եք ստեղծում։ Իրավիճակը դրանից չի փոխվում, փոխարենը սպառվում են ձեր ուժերն ու համբերությունը։
3. Սեփական զգացմունքները թաքցնելը և ձևացնելը, թե ամեն ինչ լավ է
Երբ ներսում վիրավորված եք, վախեցած կամ զայրացած, բայց ստիպված եք ժպտալ և ձևացնել, թե ամեն ինչ կարգին է, դրա համար բավական մեծ հոգեկան ու ֆիզիկական ջանքեր են պահանջվում։
Մեր զգացմունքներն ուղեկցվում են մարմնի որոշակի արձագանքներով ու հորմոնալ փոփոխություններով։ Երբ անընդհատ փորձում ենք զսպել կամ թաքցնել դրանք, ստիպված ենք լինում լրացուցիչ ջանքեր գործադրել՝ մեր իրական ապրումները շրջապատից թաքցնելու համար։
Ժամանակի ընթացքում նման սովորությունը կարող է հանգեցնել մկանների մշտական լարվածության, մակերեսային շնչառության և հոգնածության, որը կարծես ոչ մի ակնհայտ պատճառ չունի։
4. Սոցցանցերում անվերջ ժամանակ անցկացնելը
Կարճ տեսանյութերն անվերջ թերթելը, անհանգստացնող նորություններ կարդալն ու ամեն քանի րոպեն մեկ հաղորդագրությունները ստուգելը կարող են սպառել մեր մտավոր ուժերը։
Մեր ուղեղն անընդհատ նոր տպավորություններ ու հաճույքի փոքրիկ պահեր է ստանում, որոնք հերթափոխվում են անհանգստություն կամ սթրես առաջացնող տեղեկություններով։ Այս ամենը շարունակաբար խթանում է ուղեղի պարգևատրման համակարգը և դժվարացնում ուշադրությունը մեկ բանի վրա երկար կենտրոնացնելը։
Արդյունքում ուշադրությունը ցրվում է, ավելի դժվար է դառնում խորանալ որևէ գործի մեջ, իսկ սոցցանցերում անցկացրած կեսժամյա «հանգստից» հետո երբեմն մեզ ավելի ուժասպառ ենք զգում, քան մինչ այդ։
5. Բոլորին գոհացնելու ցանկությունն ու «ոչ» ասելու անկարողությունը
Ամեն անգամ, երբ համաձայնում եք մի բանի, որը չեք ցանկանում անել՝ պարզապես ուրիշների աչքում վատը կամ եսասերը չերևալու համար, իրականում անտեսում եք սեփական ցանկություններն ու կարիքները։
Եթե մշտապես կատարում եք ուրիշների խնդրանքները՝ դրա համար զոհաբերելով ձեր ծրագրերն ու հանգիստը, վաղ թե ուշ սկսում եք զգալ, որ ձեզ համար այլևս ժամանակ և ուժ չի մնում։
Մի կողմից ցանկանում եք ապրել ձեր ուզածով, մյուս կողմից շարունակ անում եք այն, ինչ ձեզանից սպասում են ուրիշները։ Այս ներքին հակասությունը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել մշտական հոգնածության, հիասթափության և նույնիսկ անտարբերության։
6. Անցյալի մասին անվերջ մտածելն ու ապագայից վախենալը
Հանգստանալու և ուժերը վերականգնելու համար կարևոր է կարողանալ ուշադրությունը կենտրոնացնել ներկա պահի վրա։ Սակայն մենք հաճախ այնքան ենք տարվում անցյալի հիշողություններով կամ ապագայի մասին մտահոգություններով, որ գրեթե չենք նկատում, թե ինչ է կատարվում հենց հիմա։
Երբեմն ժամերով մտքում վերապրում ենք հին վիրավորանքներն ու անհաջողությունները՝ մտածելով, թե ինչ պետք է ասեինք կամ ինչպես կարող էինք այլ կերպ վարվել։ «Պետք էր ուրիշ կերպ պատասխանել», «Ինչո՞ւ այդպես արեցի»․ նման մտքերը կարող են անվերջ պտտվել մեր գլխում։
Մյուս կողմից՝ հաճախ անհանգստանում ենք այնպիսի իրադարձությունների համար, որոնք դեռ տեղի չեն ունեցել և գուցե երբեք էլ տեղի չունենան։ «Իսկ եթե ամեն ինչ ձախողվի՞», «Իսկ եթե կորցնեմ այն ամենը, ինչ ունեմ»․ նման մտահոգությունները երբեմն այնքան են ուժեղանում, որ խանգարում են նույնիսկ առօրյա գործերին։
Անընդհատ վերադառնալով անցյալ կամ պատկերացնելով ապագայի վատագույն սցենարները՝ մենք սպառում ենք այն ուժերը, որոնք մեզ անհրաժեշտ են այսօր։
7. Մարմնի կարիքները մշտապես անտեսելը
Մենք սովորել ենք մեր մարմնին վերաբերվել այնպես, կարծես այն մի մեխանիզմ է, որը պարտավոր է անխափան աշխատել՝ անկախ նրանից, թե որքան ենք ծանրաբեռնում այն։
Ծարավ եք, բայց չեք ցանկանում ընդհատել աշխատանքը։ Քաղցած եք, բայց որոշում եք մի փոքր էլ հետաձգել ճաշը։ Գիշերվա ժամը երկուսն է, աչքերն արդեն ցավում են հոգնածությունից, բայց շարունակում եք նստել համակարգչի կամ հեռախոսի առաջ։ Առանձին վերցրած՝ այս ամենը կարող է աննշան թվալ, սակայն նման սովորությունները ժամանակի ընթացքում կուտակվող սթրեսի աղբյուր են դառնում։
Մեր մարմինը սովորաբար նախապես հուշում է, երբ հանգստի, սննդի կամ ջրի կարիք ունի։ Բայց եթե երկար ժամանակ անտեսում ենք այդ ազդակները, հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել՝ առողջական խնդիրներից մինչև հուզական հյուծվածություն և ուժերի լիակատար սպառում։








