Կան մարդիկ, որոնք ամենևին էլ չեն ձգտում ուշադրության կենտրոնում հայտնվել, բայց միևնույն է՝ բոլորի հայացքներն առաջին հերթին նրանց են ուղղվում։ Նրանք չեն փորձում տպավորություն թողնել կամ ամեն գնով դուր գալ շրջապատին։ Պարզապես նրանց մեջ ինչ-որ անբացատրելի ձգողականություն կա, որն անմիջապես գրավում է մարդկանց։ Ըստ աստղաբանության ու նումերոլոգիայի՝ մարդու հմայքը որոշ չափով պայմանավորված է նաև ծննդյան ամսով։ Այս պատկերացումների համաձայն՝ առանձնանում են ծննդյան 4 ամիս` հոկտեմբերը, հուլիսը, մայիսը և նոյեմբերը։
Համարվում է, որ հենց այս չորս ամիսներին ծնված մարդիկ առանձնանում են հատկապես ուժեղ ձգողականությամբ։ Ընդ որում, յուրաքանչյուրն իր ձևով է գրավում շրջապատին։ Մեկի գաղտնիքը խորհրդավորությունն է, մյուսինը՝ ինքնավստահությունը, իսկ երրորդը կարող է հմայել ընդամենը մեկ զրույցով։ Հենց բնավորության տարբեր գծերի համադրությունն էլ երբեմն մարդուն դարձնում է առանձնահատուկ գրավիչ։
Հոկտեմբեր․ հմայք, որն անհնար է չնկատել
Հոկտեմբերին ծնվածները հաճախ առաջին իսկ հանդիպումից հիշվող տպավորություն են թողնում։ Աստղագուշակության համաձայն՝ այս ամսում միավորվում են Կշեռքի և Կարիճի հատկանիշները։ Թեև այս երկու նշանների բնավորությունները բավական տարբեր են, երկուսն էլ յուրովի գրավիչ են։
Կշեռքից հոկտեմբերին ծնվածներին բաժին են հասնում նուրբ ճաշակը, բնական հմայքն ու մարդկանց հետ գեղեցիկ շփվելու ունակությունը։ Իսկ Կարիճը նրանց օժտում է ներքին ուժով, խորությամբ և խորհրդավորությամբ։

Ահա թե ինչու նրանց գրավչությունը միայն արտաքին տեսքով չի սահմանափակվում։ Հոկտեմբերին ծնված մարդը կարող է պարզապես լուռ նստել մի անկյունում, ոչինչ չանել և, այնուամենայնիվ, գրավել բոլորի ուշադրությունը։ Նրա մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կա, որը նրան տարբերում է մյուսներից։
Ամենահետաքրքիրն այն է, որ այս մարդիկ միշտ չէ, որ միանգամից բացահայտում են իրենց լավագույն կողմերը։ Նրանց հմայքն աստիճանաբար է բացվում։ Եվ որքան ավելի լավ ես ճանաչում նրանց, այնքան ավելի մեծ է դառնում այդ խորհրդավոր անհատականությունը բացահայտելու ցանկությունը։
Հուլիս․ երբ ջերմությունն ու ուժը միավորվում են
Հուլիսին ծնվածները մարդկանց գրավում են բոլորովին այլ կերպ։ Նրանց հմայքի գաղտնիքը զգացմունքայնության և ինքնավստահության համադրությունն է։ Ամսվա առաջին հատվածում ծնվածների վրա, ըստ աստղագուշակության, ազդում է Խեցգետինը, իսկ երկրորդ հատվածում՝ Առյուծը։
Այս երկու նշանների համադրությունը խորհրդանշում է Լուսնի մեղմության և Արեգակի պայծառության միասնությունը։ Դրա շնորհիվ հուլիսին ծնվածները կարողանում են և՛ ջերմությամբ ու հոգատարությամբ շահել մարդկանց համակրանքը, և՛ ուժեղ, ինքնավստահ անհատականության տպավորություն թողնել։
Նրանք հաճախ շատ լավ են զգում դիմացինի տրամադրությունը։ Նկատում են անգամ ձայնի հնչերանգի փոքր փոփոխությունները և արագ հասկանում՝ երբ է մարդն աջակցության կարիք զգում, իսկ երբ ավելի լավ է նրան հանգիստ թողնել։ Սակայն այդ զգայունությունն ամենևին չի նշանակում, թե նրանք միշտ մեղմ ու զիջող են։
Ընդհակառակը, նրանց ջերմության և հոգատարության հետևում հաճախ բավական ամուր բնավորություն է թաքնված։ Հենց դա էլ նրանց հմայքի գլխավոր գաղտնիքն է․ նրանք կարողանում են ջերմ լինել՝ առանց թուլություն դրսևորելու, և ինքնավստահ՝ առանց սառը կամ անմատչելի թվալու։
Մայիս․ մարդիկ, որոնք հմայում են զրույցի ընթացքում
Մայիսին ծնվածների գրավչությունը հաճախ ոչ այնքան արտաքին տեսքի, որքան մարդկանց հետաքրքրելու կարողության մեջ է։ Աստղագուշակության համաձայն՝ այս ամսում միավորվում են Ցուլի և Երկվորյակների հատկանիշները, ինչպես նաև Վեներայի ու Մերկուրիի ազդեցությունները։
Ցուլը մայիսին ծնվածներին հաղորդում է հանգստություն, զգայականություն և բնական հմայք։ Իսկ Երկվորյակները նրանց օժտում են անմիջականությամբ, հետաքրքրասիրությամբ, հումորի զգացումով և ցանկացած իրավիճակում ճիշտ բառեր գտնելու ունակությամբ։
Հենց այդ պատճառով մայիսին ծնված մարդու հետ նույնիսկ կարճ զրույցը կարող է երկար հիշվել։ Նա կարողանում է խոսել ամենատարբեր թեմաներից, տեղին կատակել և այնպիսի անկաշկանդ մթնոլորտ ստեղծել, որ նույնիսկ նոր ծանոթի հետ շփումը հաճելի ու հետաքրքիր է դառնում։
Նրանց ևս մեկ առանձնահատկությունն այն է, որ չեն փորձում ամեն գնով դուր գալ ուրիշներին։ Մայիսին ծնված մարդը կարող է իրեն հանգիստ ու բնական պահել՝ կարծես բոլորովին չմտահոգվելով, թե ինչ են իր մասին մտածում շրջապատողները։ Եվ հաճախ հենց այդ անմիջականությունն ու ուրիշների հավանությունից կախված չլինելն են նրան ավելի գրավիչ դարձնում։
Նոյեմբեր․ խորհրդավորություն, եռանդ և կիրք
Նոյեմբերին ծնվածների հմայքը, թերևս, ամենահակասականն է։ Այս ամսում հանդիպում են Կարիճն ու Աղեղնավորը, որոնց բնավորության գծերը բավական տարբեր են։ Մեկին բնորոշ են խորությունն ու խորհրդավորությունը, մյուսին՝ ազատասիրությունն ու կյանքի հանդեպ խանդավառությունը։

Կարիճը նրանց օժտում է ուժեղ զգացմունքներով, ներքին ուժով և խորհրդավորությամբ։ Աղեղնավորը, իր հերթին, ավելացնում է անմիջականություն, լավատեսություն և կյանքը լիարժեք վայելելու ցանկություն։ Արդյունքում ձևավորվում է բավական անսովոր բնավորություն․ նոյեմբերին ծնված մարդը կարող է միաժամանակ և՛ անկանխատեսելի, և՛ չափազանց կենսուրախ լինել։
Նրանց դժվար է չնկատել ընկերական միջավայրում։ Նրանք կարողանում են ոգևորությամբ զրուցել, անկեղծորեն հետաքրքրվել շուրջը կատարվող իրադարձություններով և իրենց լավ տրամադրությունը փոխանցել մյուսներին։ Բայց նույնիսկ ամենաանկաշկանդ շփման ընթացքում նրանց մեջ ինչ-որ խորհրդավոր բան է մնում, կարծես դեռ ամեն ինչ չէ, որ պատմել են իրենց մասին։
Եվ հենց այդ խորհրդավորությունն էլ մարդկանց ստիպում է կրկին փնտրել նրանց ընկերակցությունը։ Թվում է՝ ծանոթ ժպիտի կամ ինքնավստահ խոսելաձևի հետևում բնավորության մի ուրիշ, դեռ չբացահայտված կողմ կա։ Իսկ այն բացահայտելու ցանկությունն էլ ստիպում է նորից ու նորից վերադառնալ նրանց մոտ։








