Թեև 70-ականներին ծնված «X» սերնդի ներկայացուցիչները գուցե հենց հիմա են հասնում իրենց մտավոր կարողությունների գագաթնակետին, «Journal of Intelligence» ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ նրանց մանկության փորձառություններն ու երիտասարդության տարիների սովորությունները դեռևս մեծ դեր են խաղում նրանց բարձր ինտելեկտի ձևավորման հարցում։ Նրանք շարունակում են զարգանալ և սովորել՝ մոտենալով իրենց հասունության պիկին, սակայն շատ այլ սերունդների համեմատ՝ նրանք արդեն իսկ անհամեմատ ավելի խելացի են։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Սկսած առանց արհեստական բանականության ինֆորմացիա փնտրելու և վերլուծելու կարողությունից մինչև նորագույն տեխնոլոգիաներին սահուն հարմարվելը՝ 1970-ականներին ծնված մարդիկ գրեթե միշտ գերազանցում են մյուսներին իրենց առանձնահատկություններով։ Նույնիսկ աշխատավայրում նրանք այն կամուրջն են, որը միացնում է տարբեր սերունդների, որոնք հակառակ դեպքում ընդմիշտ օտարված կմնային միմյանցից։
1. Նրանք կարողանում են ինֆորմացիա գտնել առանց արհեստական բանականության
MIT-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու արհեստական բանականության գործիքները վնասում են հատկապես երիտասարդների քննադատական մտածողությանը՝ ավանդական ընթերցանությունն ու սովորելու գործընթացը փոխարինելով հեշտ ու կարճ ճանապարհներով։ Սակայն 1970-ականներին ծնվածները հստակ գիտեն, թե ինչպես կարելի է հետազոտել և նյութեր գտնել առանց դրանց օգնության։
Նրանք զարգացրել են կարդացածն ընկալելու և վերլուծելու հմտությունները դեռ շատ վաղուց՝ մինչև սմարթֆոնների, Google-ի ու ChatGPT-ի ի հայտ գալը։ Եվ անգամ այսօր, երբ բոլորը կախված են այդ գործիքներից, նրանք պահպանում են իրենց մտավոր ամուր հենքը։ Անալոգային աշխարհի սովորությունների և խնդիրներն ինքնուրույն լուծելու նրանց կարողությունը գլխավոր պատճառներից մեկն է, թե ինչու է «X» սերունդը միշտ ավելի խելացի գտնվում երիտասարդներից։
2. Նրանք աճել ու հարմարվել են տեխնոլոգիաներին զուգընթաց
Փոխանակ մանկուց շրջապատված լինելու գաջեթներով և դրանցով իրենց ժամանակը լցնելու՝ 70-ականներին ծնվածները զարգացրել են քննադատական մտածողություն և սովորել են դիմանալ ձանձրույթին դեռ այն ժամանակ, երբ տեխնոլոգիաներն ու հեռախոսները չէին գրավել աշխարհը։ Նրանք արդեն հասուն տարիքում են ադապտացվել նորարարություններին՝ չմեծանալով մի միջավայրում, որտեղ ամեն ինչ հիմնված է բացարձակ հարմարավետության ու անսահմանափակ հասանելիության վրա։
«Kybernetes» ամսագրի ուսումնասիրությունների համաձայն՝ անգամ այսօր «X» սերնդի ներկայացուցիչները տեխնոլոգիաները գլխավորապես կիրառում են աշխատանքային կամ հետազոտական նպատակներով՝ խուսափելով ազատ ժամանակը դրանցով կլանելու և լռությունից փախչելու վտանգավոր վարքագծից։
3. Նրանք ունեն հիանալի ինքնատիրապետում
Այս սերունդն առանձնանում է բարձր կարգապահությամբ։ Նրանք շատ ավելի լավ են տիրապետում ինքնավերահսկողության, էմոցիոնալ պոռթկումները զսպելու և ճիշտ որոշումներ կայացնելու արվեստին։ Թե՛ անձնական կյանքում և թե՛ աշխատավայրում նրանք հեշտությամբ չեն տրվում հարմարավետության, ակնթարթային հաճույքների կամ անհոգության գայթակղությանը։
Հատկապես մեր օրերում, երբ հասարակությունը երիտասարդներին սովորեցնում է գնահատել հարմարավետությունը՝ ի հաշիվ կամքի ուժի ու դժվարությունների դեմ պայքարելու կարողության, զարմանալի չէ, որ այս սերունդն ավելի խելացի ու կարեկցող է։ Նրանք գնահատում են նպատակասլացությունն ու աշխատանքային էթիկան, այլ ոչ թե անհիմն պահանջատիրությունն ու սեփական հանգիստը։
4. Նրանք ինքնուրույն են ու պրակտիկ
«X» սերնդի բարձր ինքնավստահության ու ճարպկության պատճառներից մեկն էլ այն է, որ նրանց հաճախ անվանում են «բանալին վզից կախված սերունդ»։ Նրանք իրենց մանկության լավագույն տարիներն անցկացրել են տանը մենակ կամ բակում խաղալով՝ առանց մեծերի խիստ վերահսկողության։ Բնական է, որ չափահաս տարիքում նրանք հստակ գիտեն, թե ինչպես կառավարել սեփական ժամանակը, ինքնուրույն որոշումներ կայացնել և հաղթահարել դժվարությունները՝ առանց ուրիշի օգնության։
Ի տարբերություն ժամանակակից երիտասարդների, որոնց ամեն քայլը հսկում և պաշտպանում են գերհոգատար ծնողները, 70-ականներին ծնվածներն ինքնուրույնություն են սովորել ստիպված, այլ ոչ թե սեփական ցանկությամբ։
5. Նրանք ֆինանսապես գրագետ են
«Finra» ներդրողների կրթության հիմնադրամի տվյալներով՝ «X» սերնդի ներկայացուցիչները աչքի են ընկնում փողի հանդեպ շատ ավելի առողջ վերաբերմունքով։ Նրանք ոչ միայն հասկանում են՝ ինչպես ճիշտ տնօրինել բյուջեն, խնայել և խելամիտ գնումներ կատարել, այլև կարողանում են դիմակայել սպառողական այն ճնշումներին, որոնց հաճախ զոհ են դառնում երիտասարդները։
Նրանք զերծ են մնում անիմաստ թրենդների վրա գումար վատնելուց կամ նյութապաշտություն քարոզող կեղծ կարգավիճակներ ստեղծելուց։ Այս մարդիկ հրաժարվում են այն ամենից, ինչը չի համապատասխանում իրենց կենսակերպին՝ ողջ կյանքում առաջնորդվելով ինքնատիրապետմամբ։
6. Նրանք կարող են շփվել ցանկացած մարդու հետ
Ի տարբերություն «Z» սերնդի, որոնց մոտ անընդհատ սոցիալական տագնապ ու միայնություն է նկատվում՝ վիրտուալ աշխարհի և անիմաստ ժամանցի պատճառով, 70-ականների սերունդը դեռ մանկուց սովորել է շփվել մարդկանց հետ իրական կյանքում, դեմ առ դեմ։
Մենակ դպրոց գնալուց մինչև ուսուցչի հետ առաջացած խնդիրներն առանց ծնողի միջամտության լուծելը՝ այս մարդիկ այսօր անհամեմատ ավելի կայացած են հենց վաղ տարիքի փորձառության շնորհիվ։ Նրանք չունեին էկրանի հետևում թաքնվելու կամ իրենց օրը միայն համացանցով լցնելու հնարավորություն։ Նրանք պարզապես պարտավոր էին լինել շփվող։
Կարդացեք նաև՝ 11 պատճառ, թե ինչու են 1950-ականներին ծնվածներն ավելի տոկուն մյուս սերունդներից
7. Նրանք վայրկյանապես զգում են միջավայրը
Սոցիալական ընկալունակությունը սովորաբար ձևավորվում է էմոցիաների կառավարման և մշտական պրակտիկայի արդյունքում։ Որքան շատ եք շփվում մարդկանց հետ, հետևում նրանց պահվածքին, մարմնի լեզվին կամ ձայնի տոնայնությանը, այնքան ավելի լավ եք զգում ցանկացած միջավայրի տրամադրությունը։
Հենց սա է պատճառը, որ 1970-ականներին ծնվածները շատ ավելի հնարամիտ են մյուսներից։ Նրանք դեռ մանկուց սովորել են կառավարել իրենց հույզերն առանց ուրիշների փաղաքշանքի՝ միաժամանակ ակտիվորեն կատարելագործելով սոցիալական հմտությունները կենդանի շփումների միջոցով։
8. Նրանք հարգում են իրենց անձնական տարածքը
Քանի որ այս մարդիկ չեն մեծացել համացանցում կատարյալ կերպար ստեղծելու և սոցցանցերում իրենց անընդհատ ուրիշների հետ համեմատելու ճնշման ներքո, նրանց ինտելեկտի մի մասն էլ գալիս է անձնական կյանքը գաղտնի պահելու կարողությունից։ Նրանք ամեն ինչ հանրայնացնելու կարիք չունեն և աչքի են ընկնում ինքնաբավությամբ, որը կախված չէ արտաքին հավանություններից ու ծափահարություններից։
Թեև սոցցանցերից ընդմիշտ «հեռանալը» միշտ չէ, որ հեշտ ու իդեալական լուծում է, այս սերնդի ներկայացուցիչները կարողանում են պահպանել այն առողջ հեռավորությունը, որը պաշտպանում է նրանց ներաշխարհն ու հոգեկան անդորրը։
9. Նրանք ելք են գտնում ցանկացած իրավիճակում
Չունենալով իրենց փոխարեն ամեն ինչ որոշող և գերպաշտպանող ծնողներ՝ 1970-ականներին ծնվածներից շատերը մանկուց սովորել են քննադատաբար մտածել և ինքնուրույն լուծել ծագած խնդիրները։ Նրանք սովորել են քաղել առավելագույնը ցանկացած իրավիճակից և լինել ճարպիկ՝ նույնիսկ եթե դա պահանջում էր դուրս գալ հարմարավետության գոտուց և բախվել դժվարությունների։
Հենց այս հնարամտությունն ու բարդ իրավիճակներից գլուխ հանելու ունակությունն է հաջողության և բարձր ինտելեկտի լավագույն գրավականը։ Անկախ նրանից, թե ինչ պայմաններում են հայտնվում կամ ինչ պատասխանատվություն են կրում իրենց ուսերին, նրանք գիտեն՝ ինչպես հարթել ցանկացած խնդիր։
10. Նրանք ներդաշնակ են իրենց միայնության հետ
Թեև սա կարող է աննշան դետալ թվալ, ինքդ քեզ հետ մենակ մնալու կարողությունն ու այդ ժամանակը գնահատելը շատ ավելի հզոր երևույթ են, քան պատկերացնում եք։ Հատկապես այս սերնդի համար, որը ստիպված էր հաճախ տանը մենակ մնալ երկու աշխատող ծնողների պայմաններում, սա արդեն վաղուց սովորական կենսակերպ է դարձել։
Նյարդաբան Ջոզեֆ Ջեբելլիի պնդմամբ՝ միայնության հանդեպ այս սերը խելացի մարդկանց միավորող գլխավոր հատկանիշներից է։ Նրանք չեն խուսափում այն ստեղծագործ մտքերից, որոնք ծնվում են անգործության պահերին, կամ այն խորհրդածություններից, որ պարգևում է լռությունը։ Իրականում, նրանք գիտակցաբար փնտրում են այդ հանգստությունը, մինչդեռ մյուսները փորձում են թաքնվել աղմուկի և մշտական զբաղվածության հետևում։
11. Նրանք շատ են կարդում
Բոլորն էլ գիտակցում են ընթերցանության ուժը՝ ընդհանուր զարգացվածության և քննադատական մտածողության ձևավորման հարցում։ Սակայն, ինչպես ցույց են տալիս «PLOS One» ամսագրի ուսումնասիրությունները, հաճույքի համար գեղարվեստական գրականություն կարդալը զարգացնում է նաև կարեկցանքի և աշխարհընկալման բացառիկ մակարդակ։
«X» սերնդի համար կարդալը գուցե շարքային հոբբի է թվում, որն անում են բոլորը, բայց իրականում հենց դա է այն գլխավոր գործոններից մեկը, որով նրանք գերազանցում են մյուս սերունդներին մտավոր զարգացվածությամբ։ Նույնիսկ գրադարան այցելելու սովորությունը, որը նրանք մինչ օրս պահպանել են, օգնում է նրանց սոցիալական կապեր կառուցել և հոգեպես հարստանալ՝ ի տարբերություն վիրտուալ աշխարհում մեկուսացած երիտասարդների։








