fbpx

Հայրական բնազդ. ինչպես է երեխայի ծնունդը փոխում տղամարդու ուղեղը

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ առաջին անգամ հայրացած տղամարդկանց ուղեղի որոշակի հատվածներ սեփական երեխաների պատկերներին այլ կերպ են արձագանքում, քան՝ օտար երեխաների։ Այս փոփոխությունները կապված են սոցիալական ընկալման, հուզական վերահսկողության և խրախուսման համար պատասխանատու համակարգերի հետ։ Հեղինակների ենթադրությամբ՝ դրանք օգնում են երեխայի նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորել։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Նախկինում նմանատիպ հետազոտությունների մեծ մասը վերաբերում էր մայրերին։ Գիտնականներին հայտնի էր, որ մայրն իր երեխային ավելի սուր է արձագանքում, քան օտարին, սակայն հոր ուղեղի նմանօրինակ վերակառուցման մասին պատկերացում գրեթե չկար։ «Ավելի քան երկու տասնամյակ ուշադրությունը կենտրոնացված է եղել մայրերի վրա, մինչդեռ հայրության նյարդակենսաբանությունն անհամեմատ ավելի քիչ է ուսումնասիրված», — նշում է աշխատանքի ղեկավար, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչ Ֆիլիպ Նյուսոմը։ Այս բացը լրացնելու համար մասնագետները Լոս Անջելեսից հրավիրել են 32 տղամարդու, ովքեր վերջերս էին հայր դարձել, և երեխայի ծնունդից մոտ ութ ամիս անց նրանց ուղեղը սկանավորել են ֆունկցիոնալ ՄՌՏ-ի միջոցով։

Սկանավորման ընթացքում հայրերին ցուցադրել են կարճ, համր տեսանյութեր, որոնցում հաջորդաբար հայտնվել են իրենց սեփական երեխան, մեկ այլ՝ անծանոթ նորածին, իրենց հղի զուգընկերուհին և մի անծանոթ կին, որը նույնպես հղի էր։ Թեև առաջադրանքը պարզ էր թվում՝ գնահատել տեսածի հուզական բնույթը, արդյունքները խիստ ուշագրավ էին։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Սեփական երեխայի տեսարանն ուղեղի մի շարք հատվածներում ավելի բարձր ակտիվություն է առաջացրել։ Դրանց թվում են նախասեպը (precuneus) և հետին գոտկային կեղևը, որոնք կապված են սոցիալական և ինքնաճանաչողական ընկալման հետ, ինչպես նաև օրբիտոֆրոնտալ կեղևն ու ստորին ճակատային գալարը, որոնք պատասխանատու են հույզերի և խրախուսման մշակման համար։ Հատկանշական է, որ երեխայի դեմքն ավելի շատ էր ակտիվացնում «նշանակալիության կենտրոնները», քան նույնիսկ երեխային սպասող զուգընկերուհու կերպարը։

Ընդ որում, այս ակտիվացման աստիճանը կախված էր նրանից, թե տղամարդիկ ինչպես էին նկարագրում իրենց հարաբերությունները երեխայի հետ։ Որքան ավելի ամուր էր կապը և որքան քիչ էր սթրեսը, այնքան ավելի ինտենսիվ էին աշխատում ուղեղի համապատասխան հատվածները։ Սա վկայում է, որ խոսքը ոչ թե պարզապես մտերիմների նկատմամբ ընդհանուր ռեակցիայի, այլ յուրահատուկ արձագանքի մասին է, որն ուղղակիորեն պայմանավորված է հայրության զգացումով։

Կարդացեք նաև՝ Հոր կարևորությունը աղջկա կյանքում. 14 բան, որ միայն հայրը կարող է սովորեցնել իր դստերը

Հետաքրքրական է, որ երեխայի խնամքի վրա՝ որպես հիմնական խնամող, ծախսված ժամանակը չի համահարաբերակցվել այս նյարդային ազդեցությունների հետ։ «Մեզ համար անակնկալ էր, որ ուղեղի ակտիվությունն ուղղակիորեն չէր արտացոլում խնամքի փորձը, թեև հնարավոր է՝ ընտրանքի փոքր չափը թույլ չի տվել նման կապեր հայտնաբերել», — ընդունել է Նյուսոմը։

Գիտնականներին նաև հաջողվել է «ուսուցանել» համակարգչային ալգորիթմը՝ տարբերելու, թե երբ է հայրը տեսնում սեփական, և երբ՝ օտար երեխայի։ Այս գործընթացում ներգրավվել են տեսողական մշակման, սոցիալական ճանաչողության և մոտիվացիայի հետ կապված գոտիները։ Այս բացահայտումը համահունչ է մայրական ուղեղի ուսումնասիրությանը, սակայն միևնույն ժամանակ ի հայտ է բերում առանձնահատկություններ. հայրերի մոտ առավել ակնհայտորեն են ակտիվանում այն հատվածները, որոնք պատասխանատու են ուրիշների «մտքերն ու հույզերը կարդալու» համար։ Սա, հավանաբար, արտացոլում է նրանց առջև ծառացած մարտահրավերը՝ վերծանել դեռևս չխոսող նորածնի ազդանշանները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Հայրական բնազդ. ինչպես է երեխայի ծնունդը փոխում տղամարդու ուղեղը
Նշաններ, որ կինը տալիս է տղամարդուն