fbpx

5 նշան, որ դուք իսկապես գտել եք ձեր մարդուն

Սեփական զգացմունքներից գլուխ հանելը երբեմն բարդ է, բայց կան հստակ նշաններ, որոնք հուշում են՝ ձեր կողքին այն մարդն է, ում հետ արժե ապագա կառուցել։

Հարաբերությունների սկիզբը միշտ հրավառության է նման. այդ շրջանում հեշտությամբ կարող ես հավատալ, որ հենց նա է քո երազանքների մարդը։ Սակայն ժամանակի ընթացքում հույզերի սրությունը մեղմանում է, և առաջին պլան են գալիս ավելի կարևոր բաներ՝ վստահություն, ընդհանուր արժեքներ և դժվարությունները միասին հաղթահարելու կարողություն։ Հենց այս փուլում էլ ծագում է հարցը՝ արդյո՞ք նա իսկապես «քոնն» է։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Այս հարցին միանշանակ պատասխանելը դժվար է, բայց հոգեբաններն ու հարաբերությունների փորձագետներն առանձնացնում են մի քանի հիմնական նշան, որոնք կօգնեն հասկանալ՝ ձեր կողքին այն զուգընկերն է, ում հետ կարելի է անցնել կյանքի ողջ ուղին։

1. Ձեր արժեհամակարգերը համընկնում են

Պարտադիր չէ, որ ամեն ինչի մասին նույն կերպ մտածեք, չէ՞ որ յուրաքանչյուրն ունի իր սովորույթները, հայացքներն ու նախասիրությունները։ Սակայն կենսական սկզբունքները, այն հիմքը, որի վրա կառուցվում է ձեր կյանքը, պետք է համընկնեն կամ գոնե չհակասեն միմյանց։ Խոսքը այնպիսի կարևոր հարցերի մասին է, ինչպիսիք են՝ երեխաներ ունենալու ցանկությունը, ապագայի տեսլականը, վերաբերմունքը փողի, կրոնի, կարիերայի և առողջ ապրելակերպի նկատմամբ։

Օրինակ, եթե մեկը երազում է մեծ ընտանիք կազմել, իսկ մյուսը կտրականապես դեմ է երեխաներ ունենալուն, այդ հարաբերությունները հազիվ թե ամուր լինեն։ Բայց եթե ձեր հայացքները մոտ են, նույնիսկ եթե բնավորությամբ ու հետաքրքրություններով տարբեր եք, ուրեմն դուք ունեք այն հիմքը, որի վրա կարելի է կառուցել համատեղ կյանք։

Կարևոր է հիշել, որ արժեքները ժամանակի հետ կարող են փոխվել, այդ պատճառով արժե դրանք պարբերաբար քննարկել, որպեսզի միշտ մնաք նույն ալիքի վրա և բաց չթողնեք իրար համար կարևորը։

2. Դուք կարողանում եք վիճել կառուցողական

Կոնֆլիկտները վատ հարաբերությունների ցուցիչ չեն, այլ համատեղ կյանքի անբաժանելի մասը։ Կարևորը վեճի փաստը չէ, այլ այն, թե դուք ինչպես եք դա անում։ Այն զույգերը, որոնք կարողանում են հարգանք պահպանել նույնիսկ ամենալարված պահերին, ունեն երկար ու երջանիկ կյանքով ապրելու շատ ավելի մեծ հնարավորություն։

Եթե դուք ձեզ ապահով եք զգում նույնիսկ վեճի թեժ պահին, սա հիանալի նշան է։ Դուք վստահ եք, որ սիրելի մարդը չի ստորացնի, չի վիրավորի կամ անտեսի ձեր զգացմունքները։ Փոխարենը նա պատրաստ է լսել, ընդունել սխալը, ներողություն խնդրել և լուծումներ գտնել։ Իսկ վեճից հետո դուք մենակ չեք մնում ձեր խնդրի հետ, այլ միասին գտնում եք հաշտության եզրեր։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

3. Դուք ստիպված չեք ձևացնելու

Երբ կողքիդ քո մարդն է, դու կարող ես լինել այնպիսին, ինչպիսին կաս՝ առանց դերեր խաղալու, առանց խոցելի թվալուց վախենալու և առանց հույզերդ թաքցնելու։ Իսկական հարաբերությունները տալիս են այն անգին զգացողությունը, որ քեզ ընդունում են ամբողջությամբ՝ քո բոլոր ուժեղ և թույլ կողմերով։

Սա, իհարկե, չի նշանակում, թե դուք երբեք չեք փոխվելու։ Ընդհակառակը, առողջ հարաբերություններում զուգընկերները միմյանց ոգեշնչում են զարգանալու, բայց դա անում են ոչ թե ճնշման տակ, այլ սեփական ցանկությամբ։ Եթե զգում եք, որ այդ մարդու շնորհիվ դառնում եք ձեր լավագույն տարբերակը, ուրեմն ամեն ինչ ճիշտ ուղու վրա է։

Կարդացեք նաև՝ 4 նշան, որ հարաբերությունները դատապարտված են անհաջողության

4. Ցանկանում եք նրա հետ կիսել ձեր առօրյան

Ամենահավաստի նշաններից մեկն այն է, որ դուք ուզում եք ձեր կյանքը կիսել նրա հետ։ Դուք շտապում եք պատմել նրան ձեր ուրախությունների ու դժվարությունների մասին, քննարկում եք ծրագրեր և ձգտում եք ավելի շատ ժամանակ անցկացնել միասին։ Սա կախվածություն չէ, այլ այն ներքին զգացողությունն է, որ այդ մարդը ձեզ համար տուն է դարձել։

Սակայն կարևոր է հասկանալ, որ առողջ հարաբերություններում միշտ տեղ կա անձնական տարածքի համար։ Եթե ձեր զուգընկերը չի սահմանափակում ձեզ, այլ աջակցում է ձեր նախասիրություններին ու ձգտումներին, նշանակում է՝ ձեր կապի հիմքում վստահությունն է։ Միասին լինելու անկեղծ ցանկությունը ոչ թե զրկում է ազատությունից, այլ այն դարձնում ավելի լիարժեք ու գիտակցված։

5. Դուք ընդհանուր ապագա եք տեսնում

Երբ մտովի պատկերացնում եք ձեր ապագան, կողքիդ տեսնում եք ոչ թե պարզապես ուղեկցի, այլև համախոհի ու զինակցի, ում հետ պատրաստ եք անցնել և՛ կրակի, և՛ ջրի միջով։ Սա կարող է դրսևորվել ամենասովորական բաներում. դուք միասին քննարկում եք առաջիկա արձակուրդը, տան վերանորոգումը կամ համատեղ նախագծերը, և այս ամենը ձեզ համար բացարձակ բնական է թվում։

Եթե կարողանում եք հեշտությամբ պատկերացնել ձեզ միասին 10-20 տարի անց, և այդ միտքը ձեզ ուրախացնում է, ոչ թե անհանգստացնում, ուրեմն դուք գտել եք այն մարդուն, ում հետ կարելի է կյանք կառուցել։ Սրանով են հենց տարբերվում խորը հարաբերությունները կարճատև սիրավեպերից. «ձեր» մարդու հետ դուք զգում եք ոչ միայն ներկայի հմայքը, այլև ապագայի իրական հեռանկարը։


Իդեալական մարդիկ գոյություն չունեն, բայց կան մարդիկ, ում հետ մենք կարող ենք լինել ինքներս։ Արժեքների ընդհանրություն, կոնֆլիկտները կառուցողական լուծելու կարողություն, միմյանց անվերապահ ընդունում, առօրյան կիսելու ջերմ ցանկություն և ապագայի ընդհանուր տեսլական. ահա այն հինգ հիմնասյուները, որոնք վկայում են, որ ձեր կողքին իսկապես ձեր մարդն է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
5 նշան, որ դուք իսկապես գտել եք ձեր մարդուն
Դոնալդ Թրամփի 20 ոգեշնչող մեջբերումները