Միջին ինտելեկտով, բայց բնավորության այս 5 գծերն ունեցող մարդիկ հաճախ մեծ հաջողությունների են հասնում

Այս մարդիկ, որպես կանոն, չեն վախենում առաջ շարժվելուց։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Բարձր ինտելեկտը դեռ հաջողության երաշխիք չէ։ Միջին ինտելեկտով մարդիկ նույնպես կարող են մեծ հաջողությունների հասնել։ Կյանքում շատ ավելի կարևոր դեր կարող են ունենալ բնավորության որոշ գծեր, որոնք ոչ բոլորին են բնորոշ։ Հենց այդ հատկանիշների շնորհիվ էլ սովորական մտավոր ունակություններով մարդիկ երբեմն կարողանում են անհավանական բարձունքների հասնել։ Այս մասին գրում է YourTango պարբերականը։

Հոդվածի հեղինակը հիշեցնում է հայտնի ասացվածքը. «Գործող հիմարը միշտ առաջ կանցնի տեղում նստած հանճարից»։ Եվ իսկապես, որքան էլ խելացի լինեք, եթե ոչինչ չեք անում, միայն խելքով դժվար թե որևէ բանի հասնեք։

Բարձր IQ-ն, իհարկե, կարող է առավելություն լինել, բայց ինքնին ոչինչ չի երաշխավորում։ Իսկ ահա առանձնապես բարձր ինտելեկտով աչքի չընկնող մարդիկ երբեմն շատ ավելի հաջողակ են դառնում։ Պատճառը պարզ է. նրանք կարողանում են ճիշտ օգտագործել իրենց ունեցած կարողություններն ու հնարավորությունները։

1. Օրինաչափությունները նկատելու ունակություն

Խոսքը մանկական այն առաջադրանքների մասին չէ, որտեղ պետք է գուշակել, թե շրջանակներից ու եռանկյուններից հետո որ պատկերն է գալիս։ Իրականում սա շատ ավելի կարևոր հմտություն է, որը, ըստ պարբերականի, բնորոշ է հաջողակ մարդկանց։

Այս ունակությունը կարելի է բնորոշել որպես տարբեր տարրերի միջև կապերը նկատելու և դրանցից ամբողջական պատկեր կազմելու կարողություն։

Պարզ ասած՝ նման մարդիկ կարողանում են տեսնել այն կապերը, որոնք ուրիշները հաճախ չեն նկատում։ Ավելին՝ նրանք կարողանում են հասկանալ, թե իրենց որ սովորություններն ու գործողություններն են խանգարում առաջ գնալ։

Օրինակ՝ եթե նկատում եք, որ ուշ քնելու պատճառով չեք հասցնում դասերը սովորել, կարող եք պարզապես փոխել քնելու ժամը։ Կամ եթե Ձեր ղեկավարը շարունակ մոռանում է ամենշաբաթյա հանդիպման մասին, կարող եք նախապես հիշեցնել նրան։ Այդպես ոչ միայն կլուծեք խնդիրը, այլև ավելի կազմակերպված աշխատակցի տպավորություն կթողնեք։

2. Ինքնագիտակցություն

Այս հատկանիշը սերտորեն կապված է նախորդի հետ։ Բանն այն է, որ շատ մարդիկ այնքան էլ լավ չեն ճանաչում իրենք իրենց։ Արդյունքում շարունակ կրկնում են նույն սխալները՝ հաճախ նույնիսկ չհասկանալով, թե ինչու։

Պատկերացրեք մեկին, ով ամեն օր տասը րոպե ուշանում է աշխատանքից։ Մի օր պատճառը խցանումն է, մյուս օրը՝ բենզալցակայանի հերթը։ Եվ ամեն անգամ մեղավոր են հանգամանքները, բայց ոչ ինքը։

Մինչդեռ սեփական վարքագիծը ճիշտ գնահատող մարդը պարզապես տնից դուրս կգա 20 րոպե շուտ։ Ամենավատ դեպքում աշխատանքի կհասնի նախատեսվածից շուտ։ Իսկ նա, ով չի ցանկանում ընդունել սեփական սխալները, ստիպված կլինի ամեն օր նոր արդարացումներ փնտրել և բախվել ուշացումների հետևանքներին։

Ինքնագիտակցությունը կարևոր է նաև մարդկանց հետ հարաբերություններում։ Ի վերջո, ոչ ոք կատարյալ չէ, և յուրաքանչյուրն ունի իր թերությունները։

«Երբ հասկանում եք Ձեր սեփական հույզերն ու վարքագիծը, ավելի հեշտ է դառնում հասկանալ նաև ուրիշներին»։

Պատահական չէ, որ գործատուներն ավելի ու ավելի հաճախ են կարևորում այս հատկանիշն աշխատակիցների մեջ։

✦ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ✦

Ոչ ինտելեկտ, և ոչ էլ տաղանդ. հոգեբանը բացատրել է, թե ինչն է իրականում մարդկանց հաջողակ դարձնում

Ի՞նչն է իրականում որոշում հաջողությունը, եթե ոչ խելքն ու բնատուր տաղանդը։

Բացահայտել ավելին →

3. «Խելահեղ» լավատեսություն

Վերջին շրջանում համացանցում տարածվել է «դելուլու» (delulu) բառը։ Այդպես են անվանում մարդկանց, որոնց երազանքներն ու սպասումները երբեմն այնքան համարձակ են, որ նույնիսկ իրականությունից կտրված են թվում։ Բայց, պարզվում է, նման մտածելակերպն իր առավելություններն էլ ունի։

Լավատեսությունն այն ուժն է, որը ստիպում է մեզ առաջ շարժվել։ Եթե նախապես համոզված եք, որ ոչինչ չի ստացվելու, էլ ինչո՞ւ պետք է փորձեք։ Իսկ երբ հավատում եք սեփական ուժերին, սկսում եք գործել։ Եվ հաճախ հենց այդ հավատն էլ օգնում է հաջողության հասնել։

Ենթադրենք՝ երազում եք որոշակի աշխատանք ստանալու մասին։ Եթե ի սկզբանե որոշել եք, որ Ձեզ միևնույն է չեն ընդունի, նույնիսկ բարձր ինտելեկտը չի օգնի։ Բայց եթե հավատում եք, որ հնարավորություն ունեք, թեկուզ մյուս թեկնածուներից լավագույնը չեք, ամեն ինչ կարող է այլ կերպ դասավորվել։

Ի վերջո, հաճախ ավելիին հասնում են ոչ թե ամենախելացիները, այլ նրանք, ովքեր համարձակվում են փորձել։

4. Բաց թողնելու կարողություն

Շատ հոգևոր ուսմունքներում խոսվում է այսպես կոչված չկապվածության օրենքի մասին։ Դրա գաղափարը բավական պարզ է. երբ մարդը չափազանց չի կառչում ցանկալի արդյունքից, հաճախ ավելի հեշտ է հասնում նպատակին։ Իսկ եթե նույնիսկ չի հաջողվում, անհաջողությունն այնքան ծանր չի տանում։

Հակառակ դեպքում, երբ մարդը չափազանց տարված է որևէ նպատակով և ամեն գնով փորձում է հասնել դրան, ցանկալի արդյունքը կարծես ավելի է հեռանում։

Հոդվածի հեղինակի խոսքով՝ հաջողակ մարդիկ կարողանում են արագ ուշքի գալ մերժումներից ու հիասթափություններից հետո։ Նրանք չեն փորձում վերահսկել այն, ինչն իրենցից կախված չէ։ Չեն շտապում նաև ուրիշների խնդիրներն իրենց վրա վերցնել՝ թույլ տալով, որ մարդիկ ինքնուրույն լուծեն դրանք։

Այսպես նրանք չեն վատնում իրենց ուժերը անիմաստ անհանգստությունների վրա և կարողանում են կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցից իսկապես ինչ-որ բան է կախված։

5. Անսպառ հետաքրքրասիրություն

Նոր բաներ սովորելու ցանկությունը երբեմն շատ ավելի արժեքավոր է, քան բնատուր բարձր ինտելեկտը։ Մարդը, ով շարունակ հետաքրքրվում է, հարցեր տալիս ու փորձում ավելին իմանալ, կյանքում հաճախ ավելիին է հասնում, քան նա, ով կարծում է, թե արդեն ամեն ինչ գիտի։

Ինչպես նշում է պարբերականը, հետազոտությունները ցույց են տալիս, որ հետաքրքրասեր մարդիկ ավելի երջանիկ են, ավելի հաճախ են աշխատանք ունենում և սովորելու ընթացքում ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս։

Ժամանակի ընթացքում հետաքրքրասեր մարդը կարող է շատ ավելի մեծ գիտելիքներ ձեռք բերել, քան ի ծնե բացառիկ խելքով օժտված մեկը, ով ոչինչ չի անում իր կարողությունները զարգացնելու համար։

Այստեղ տեղին է կրկին հիշել սկզբում նշված ասացվածքը։ Որքան էլ մարդը խելացի լինի, եթե տեղում է կանգնած, վաղ թե ուշ նրանից առաջ կանցնի նա, ով շարունակ սովորում է, փորձում ու զարգանում։

Հենց այդ շարունակական զարգացումն էլ, ըստ հոդվածի հեղինակի, հաջողության գլխավոր բանալին է։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Հոգեբանական բաժնի գլխավոր վերլուծաբան

Աննան մասնագիտացած է մարդկային վարքագծի, զգացմունքային ինտելեկտի և միջանձնային հարաբերությունների ուսումնասիրության մեջ։ Նրա հոդվածների գլխավոր նպատակն է բարդ հոգեբանական երևույթները ներկայացնել պարզ, կիրառելի և հասկանալի լեզվով։ Հավատացած է, որ ճիշտ ինքնաճանաչողությունը ներդաշնակ կյանքի միակ բանալին է:

MediaMag
Միջին ինտելեկտով, բայց բնավորության այս 5 գծերն ունեցող մարդիկ հաճախ մեծ հաջողությունների են հասնում
Տղամարդկային թերություններ, որոնք կանայք համարում են գրավիչ
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց