Ռոնալդուի համար սա ապրելակերպ է՝ նա բարեգործության մեջ առաջին տեղն է զբաղեցնում մարզիկների շրջանում և արդեն ավելի քան 10 միլիոն եվրո է նվիրաբերել բարի նպատակներին։ Նա հաճախ է հանդիպում հիվանդ երեխաների հետ, մասնակցում է բարեգործական միջոցառումների, պարբերաբար արյուն է հանձնում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Նա այն քիչ հայտնի մարզիկներից է, ով չունի ոչ մի դաջվածք. «Եթե ես դաջվածք անեմ, ես այլևս չեմ կարողանա արյան դոնոր հանդիսանալ, իսկ ես հաճախ եմ արյուն հանձնում», – բացատրել է Ռոնալդուն:
«Շատ մարդիկ ինձ տեսնում են խաղադաշտում և կարծում են, որ ինձ լավ են ճանաչում, մինչդեռ իրականում ոչինչ չգիտեն։ Ահա թե ինչպիսին եմ իրականում: Ես հասարակ մարդ եմ, և ինձ խորթ չէ կարեկցանքը։ Ես փորձում եմ հոգ տանել այլ մարդկանց մասին և օգնել նրանց։ Եվ ես ուզում եմ դա անել դեռ շատ, շատ, շատ տարիներ»:
2004 թվականին Ռոնալդուն միջոցներ է հավաքել երկրաշարժից և ցունամիից հետո Ինդոնեզիայի Աչեհ նահանգի վերակառուցման համար։ Նա ինքն էլ շատ ժամանակ է անցկացրել վերակառուցվող երկրում, և հենց այդ ժամանակ Ռոնալդուն օգնեց ինդոնեզացի վեցամյա Մարտունիսին սկսել իր ֆուտբոլային կարիերան։ Տղան քիչ էր մնում մահանար ցունամիի ժամանակ, 21 օր անհետ կորած էր համարվում, սնվում էր գտած լապշայով, ընտանիքը վստահ էր, որ նա մահացել է։ Տղան միշտ երազում էր ֆուտբոլիստ դառնալ, իսկ երբ Ռոնալդուն իմացավ երեխայի պատմությունը, վերցրեց նրան իր թևի տակ, օգնեց հավաքել 40000 եվրո՝ ընտանիքին օգնելու համար և օգնեց նրան ֆուտբոլային կարիերա սկսել։
«Հայրս ինձ միշտ սովորեցրել է, որ եթե դու բարություն անես և օգնես ուրիշներին, Աստված դա քեզ կրկնակի կվերադարձնի: Այդպես եղավ ինձ հետ։ Ես փորձեցի օգնել կարիքավորներին, և Աստված ինձ շատ ավելին օգնեց»։
Երբ Ռոնալդուն 2008-ին շահեց զրպարտության դատական հայցը բրիտանական տաբլոիդի դեմ, նա մոտ 165,000 դոլար փոխանցեց Մադեյրա, այն շրջանը, որտեղ նա ծնվել էր: Մեկ տարի անց նա 100,000 եվրո նվիրաբերեց Մադեյրայի հիվանդանոցին, որտեղ մի քանի տարի առաջ փրկվել է մոր կյանքը։ Այս փոխանցման շնորհիվ արշիպելագում քաղցկեղի կենտրոն հայտնվեց։ Ինքը՝ Ռոնալդուն, շատ է ճանապարհորդում այնտեղ, որտեղ օգնություն է փոխանցում։
«Երբ ես տուն եմ վերադառնում նման ճամփորդություններից հետո, մայրս ինձ ասում է. «Տղա՛ս, դու բարին ես գործում և օգնում ուրիշներին։ Լավ է, որ հետաքրքրված ես ֆուտբոլից դուրս կյանքով և գիտես, թե ինչ է կատարվում աշխարհում»: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան հաճելի է դա լսել ձեզ համար շատ թանկ մարդկանցից»։
«Ես բացարձակ անբացատրելի, վիթխարի զգացում եմ ունենում, երբ տեսնում եմ, որ կարողացել եմ օգնել մարդկանց և մի փոքր ավելի երջանիկ դարձնել»:
Ռոնալդուն 100.000 եվրո է նվիրաբերել Կարմիր Խաչին, իսկ աճուրդում վաճառված ոսկե խաղակոշիկի համար ստացված մեկուկես միլիոն ֆունտը փոխանցել է Գազայի հատվածում գտնվող պաղեստինյան դպրոցին։
2012 թվականին Ռոնալդուն հանդիպեց իննամյա մի տղայի, ով ուներ ողնաշարի քաղցկեղ և վճարեց նրա փորձնական բուժման համար։ Տղան մահացավ, բայց Ռոնալդուն նրա համար արեց անհնարինը։
Կարճ տեսանյութ այս թեմայով․
«Պորտուգալիայում ես այցելեցի քաղցկեղով հիվանդ երեխաների հիվանդանոց: Շատ դժվար էր։ Ես ցնցված էի այն ամենից, ինչ շրջապատում էր ինձ։ Ես ինձ շատ վատ էի զգում և շատ տխուր: Անտանելի դժվար է նայել այս երեխաներին՝ սափրած գլուխներով, ծանր հիվանդ երեխաներին: Եվ դու գիտես, որ նրանցից մեկը շուտով կմահանա։ Դու տեսնում ես նրանց ծնողներին երեխաների կողքին ու նորից քեզ դնում նրանց տեղը։ Եվ կյանքում ամեն ինչ փոխվում է, ես սկսում եմ հասկանալ, որ իմ խնդիրները ոչինչ են։ Բացարձակ ՈՉԻՆՉ համեմատած այս ընտանիքների վշտի հետ։
Ես հեռանում էի հիվանդանոցից՝ լի նոր գաղափարներով և նախագծերով, լի հույսով և հավատով, քանի որ այս երեխաներն ինձ շատ կարևոր կյանքի դասեր էին տալիս։ Ահա թե ինչու եմ ուզում շարունակել դա անել. փորձել նրանց գոնե մի փոքր ավելի երջանիկ դարձնել, թեկուզ մի քանի ժամով: Հուսով եմ՝ նրանք կհիշեն այս պահերը և դրանք կօգնեն նրանց հետագա պայքարում։ Ես նրանց երբեք չեմ մոռանա»։
2014 թվականին Ռոնալդուին դիմեց մի ընտանիք, որի 10 ամյա որդին՝ Էրիկ Օրտիս-Ռուիզը, ծանր հիվանդ էր, ծնողները Կրիշտիանոյից խնդրեցին աճուրդի համար նախատեսված կոշիկները: Ռոնալդուն վճարեց և՛ վիրահատությունը՝ 50,000 դոլար (այլ աղբյուրների համաձայն՝ 83,000), և՛ վերականգնողական կուրսը (5,000 դոլար մեկ սեանսի համար):
Կարդացեք նաև՝ Քրիշտիանո Ռոնալդու. Իսկական ընկերության վառ օրինակ
2014 թվականին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը Ռոնալդուն ներկայացավ զիգզագաձև նախշ ունեցող սանրվածքով, ինչի համար անմիջապես արժանացավ մամուլի քննադատությանը։ Քչերը գիտեին, որ նա արել է այս սանրվածքը՝ ի նշան աջակցության և համերաշխության Էրիկի հետ, ով վիրահատությունից հետո գլխի վրա հենց այս ձևի սպի է ունեցել։
«Ես չեմ կարող չզարմանալ, որ մարդկությունը դեռ չի կարողացել հաղթահարել սովն ու աղքատությունը։ Եվ քանի՞ երեխա է ամեն օր մահանում սննդի կամ ջրի բացակայության պատճառով։ Սա չի կարող այսպես շարունակվել, մենք պետք է պայքարենք դրա դեմ»:
«Իմ համբավը միշտ հետևում է ինձ, ես չեմ կարող ինկոգնիտո ինչ-որ տեղ գնալ, դա շատ դժվար է և երբեմն նյարդայնացնող: Բայց երբ ես բարեգործություն եմ անում, կարող եմ օգտագործել այս հանրաճանաչությունը բարի գործերի համար։ Դա հիանալի է և հանգստացնող»:
Ռոնալդուն համագործակցում է մեծ թվով բարեգործական հիմնադրամների հետ և ոչ միայն գումար է փոխանցում, այլև ակտիվորեն մասնակցում է նրանց հավաքագրումներին և արշավներին. նրա Facebook-ի մեկ հրապարակումը հսկայական գումարներ է հավաքում։
«Ես չեմ ասում, որ կարող եմ փոխել աշխարհը, կամ որ դու կարող ես դա անել: Բայց մենք կարող ենք օգնել, մենք բոլորս կարող ենք օգնել այս հարցում: Մենք պետք է համոզվենք, որ դա այլևս չի կրկնվի հաջորդ սերնդում»: