Եվ այս երգի բառերը լսելով մի՞թե ակնհայտ չէ, որ Արթուր Մեսչյանը մեր օրերի և ընդհանրապես հայկական պոեզյայի մեծագույն պոետներից մեկն է…
ԻՄ ՏԱՐԻՆԵՐԸ
Իմ տարիները չոր հենակ
Փողոցներում դատարկ հնչյուն:
Ինչպե՞ս հասնեմ քեզ, մոտենամ,
Իմ տաք երակ, իմ մանկություն,
Երբ տարիներն են ինձ ջնջում:
Մտերիմներ` թե հին, թե նոր,
Մաքուր էր սերն իմ առաջին,
Չեղած մի կիրք, մի նոր կարոտ,
Որ մոտեցավ իր շուրթերով
Այդ չպղծված միակ խաչին:
Ճաշակեցի և քեն, և ողբ,
Ու կուրացած իր փայլերից
Քրքջացող մարդկանց ամբոխ,
Ու կորուստներ` թե հին, թե նոր,
Ու մուրացող իմ հայրենիք:
Ահա կանգնել է իմ դիմաց,
Դա ես տեսել եմ, թե լսել,
Օ՜ սոսկահար մահվան դիմակ,
Օ՜ մոտեցող աղաղակներ,
Եվ հին ստի նոր երանգներ:
Ճերմակ երազ, ճերմակ աչքեր,
Ճերմակ երկրի աստղին հառած,
Ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ,
Անիրական կյանքի ծարավ,
Ու ժամանակը կանգ առած:
Աչքերիս դեմ ճերմակ մի սար,
Ու մեր ճամփան` ճերմակ տեսիլք,
Ու մեր հայացքը համընթաց,
Ու անհաղորդ սրտերը սառ,
Քարի նման թափվում են ցած:
Մեղեդիներ լեզուն կտրած,
Ու տեսիլքնել մեռած ու ողջ,
Այդ խավարի մեջ ինձ գտավ,
Այդ գիշերից ինձ դուրս հանեց
Խզված կոկորդն իմ ընկերոջ:
Նա շոշափեց կույրի նման
Իր երգը լուռ ու կյանքը կարճ,
Նա լոկ մի բառ ինձ շշնջաց,
Այսպես կիսատ ու սիրտը կախ,
Ես շրջվեցի բայց նա չկար: