Շատերը կարոտով են հիշում 70-ականներն ու 80-ականները և կարծում, որ այդ տարիներին մարդիկ ավելի երջանիկ էին։ Գուցե պատճառը միայն ժամանակաշրջանը չէր։ Կարևոր դեր ունեին նաև այն պարզ սովորությունները, որոնք օգնում էին ավելի քիչ անհանգստանալ և ավելի հաճախ ուրախանալ առօրյա փոքր բաներով։
Միլենիալները, որոնք հասցրել են տեսնել 80-ականների վերջը, հավանաբար այդ սովորություններից շատերը հիշում են դեռ մանկությունից։

Ինչպիսի՞ն էր կյանքը 1970-ականներին և 1980-ականներին
Այսօր շատերն են փորձում հասկանալ, թե ինչով են առանձնանում միլենիալները։ Պատասխանի մի մասը թաքնված է այն միջավայրում, որտեղ նրանք մեծացել են։ 70-ականներին և 80-ականներին մարդիկ ավելի հեշտ էին կարողանում ժամանակ հատկացնել աշխատանքին, հանգստին և միմյանց հետ շփմանը, գրում է Your Tango-ն։
Այդ տարիներին տարածված որոշ սովորություններ այսօր էլ կարելի է վերադարձնել մեր կյանք։ Դրանք կարող են օգնել ավելի քիչ լարվել և ավելի հանգիստ զգալ։
1. Աշխատանքը տուն չտանել
70-ականներին և 80-ականներին աշխատանքային օրն ավարտվում էր աշխատավայրում։ Մարդիկ տուն չէին բերում աշխատանքային խնդիրները։ Չկային ուշ ժամերին ուղարկվող նամակներ, կորպորատիվ չաթերի անվերջ հաղորդագրություններ կամ երեկոյան աշխատանքային զանգեր։
Այսօր հոգեբանները նշում են, որ աշխատանքի և անձնական կյանքի միջև հստակ սահման դնելն օգնում է խուսափել հուզական այրումից։ Նույնիսկ աշխատանքային ժամերից հետո ծանուցումներն անջատելը կարող է զգալիորեն նվազեցնել սթրեսը։
Պատահական չէ, որ այսօր շատ միլենիալներ գիտակցաբար փորձում են ազատ ժամանակ չպատասխանել աշխատանքային հաղորդագրություններին։
2. Շփվել հարևանների հետ
Ժամանակին հարևանները լավ էին ճանաչում միմյանց։ Բակում, շքամուտքի մոտ կամ տան դիմաց զրուցելը սովորական բան էր։ Մինչ երեխաները խաղում էին դրսում, մեծահասակները շփվում էին, նորություններ պատմում և պարզապես միասին ժամանակ անցկացնում։
Այդ պարզ զրույցների շնորհիվ մարդիկ իրենց համայնքի մի մասն էին զգում և ավելի քիչ էին տառապում միայնությունից։
Այսօր, երբ մեր շփումների մեծ մասն անցնում է հեռախոսի էկրանի միջոցով, կողքին ապրող մարդու հետ կարճ զրույցը կարող է շատ ավելի օգտակար լինել, քան առաջին հայացքից թվում է։
3. Ավելի շատ ժամանակ անցկացնել դրսում
Ազատ ժամանակ մարդիկ ավելի հաճախ էին դրսում լինում։ Նրանք դա չէին անում քայլերը հաշվելու կամ մարզական արդյունքի հասնելու համար։ Աշխատում էին այգում, մեքենա լվանում, զբոսնում կամ պարզապես վայելում լավ եղանակը։
Նման պահերն օգնում էին կտրվել առօրյա հոգսերից, հանգստանալ և թեկուզ մի փոքր դանդաղեցնել կյանքի արագ ընթացքը։
Հենց այդ պատճառով էլ մաքուր օդին զբոսանքը մինչ օրս համարվում է սթրեսը նվազեցնելու ամենապարզ և հասանելի միջոցներից մեկը։
4. Երբեմն թույլ տալ ինքդ քեզ ձանձրանալ
Այդ տարիներին ձանձրույթը կյանքի սովորական մասն էր։ Չկային սմարթֆոններ, որոնք կզբաղեցնեին յուրաքանչյուր ազատ րոպեն։
Թեև այսօր ձանձրույթը հաճախ ընկալվում է որպես տհաճ վիճակ, հոգեբանները նշում են, որ այն օգնում է ուղեղին հանգստանալ և վերականգնվել։ Բացի դրանից, ձանձրույթը զարգացնում է երևակայությունը և նոր գաղափարների տեղ բացում։
Երբեմն իսկապես օգտակար է պարզապես լուռ նստել և ոչնչով չշեղվել, հատկապես՝ հեռախոսի էկրանով։
5. Հոբբիով զբաղվել պարզապես հաճույքի համար
Մարդիկ սովորաբար որևէ զբաղմունք էին ընտրում միայն այն պատճառով, որ այն իրենց ուրախություն էր պատճառում։ Նրանք չէին մտածում հավանումների, հետևորդների կամ հոբբին եկամտի աղբյուր դարձնելու մասին։
Այդ մոտեցումը հնարավորություն էր տալիս պարզապես վայելել գործընթացը՝ առանց ավելորդ սպասումների ու ճնշման։
Ամեն զբաղմունք պարտադիր չէ, որ օգտակար արդյունք տա կամ ինչ-որ նպատակի ծառայի։ Երբեմն լիովին բավական է այն, որ այդ զբաղմունքը մարդուն երջանկացնում է։
6. Ընթրել միասին՝ առանց շեղող բաների
Երեկոյան ընտանիքի անդամները հաճախ հավաքվում էին մեկ սեղանի շուրջ, խոսում օրվա ընթացքում տեղի ունեցածի մասին և միասին ծրագրեր կազմում։
Նույնիսկ եթե հեռուստացույցը միացված էր, սեղանին հեռախոսներ չկային։ Այդ հանգիստ զրույցներն օգնում էին ավելի մոտ զգալ հարազատներին և օրը ավարտել առանց ավելորդ շտապողականության ու աղմուկի։








