Այսօր սկսեք նրանից, որ ներողամիտ լինեք ինքներդ ձեր հանդեպ և հիշեք՝ պետք չէ դատապարտել ձեզ այն բանի համար, թե որքան երկար է տևում ձեր ճանապարհը: Բոլորիս ժամանակ է պետք մեր ուղին անցնելու համար: Յուրաքանչյուր քայլ անհրաժեշտություն է, և յուրաքանչյուրն իր ճանապարհն անցնում է յուրովի…
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ոմանք իրենց կարիերան սկսում են համալսարանն ավարտելուց անմիջապես հետո՝ քսան տարեկանում, բայց երեսունին մոտ զգում են, որ հյուծված են, և ստիպված են լինում ամեն ինչ սկսել զրոյից: Մյուսները դպրոցն ավարտելուց հետո աշխատում են նվազագույն աշխատավարձով, կամաց-կամաց բարձրանում կորպորատիվ սանդուղքով և վաթսունն անց երջանիկ անցնում թոշակի: Ոմանք սիրահարվում և ամուսնանում են քսանհինգում, սակայն մի քանի տարի անց ամուսնալուծվում են: Ուրիշներն ամուսնանում են քառասունն անց և չորս տասնամյակ ապրում իրենց կյանքի ուղեկցի հետ: Որոշ զույգերի քննադատում են շատ վաղ տարիքում ծնող դառնալու համար, բայց արդյունքում նրանք ապրում են այնքան, որ տեսնում են իրենց ծոռներին: Այլ զույգեր երեխա են ունենում քառասունն անց, նրանց ևս քննադատում են, բայց նրանք հիանալի դասավորում են իրենց կյանքը:
Կրկին հիշեք՝ յուրաքանչյուրի ճանապարհը տարբեր է:
Ուստի հենց հիմա հիշեցրեք ինքներդ ձեզ. կյանքում բացարձակ կանոններ չկան:
Եվ, վստահաբար, չկան հստակ ժամկետներ:
Երբեք ուշ չէ առավելագույնը քաղել այն ամենից, ինչ ունեք այս պահին:
Դուք ճիշտ այնտեղ եք, որտեղ պետք է լինեք հենց հիմա:
Ինչը նշանակում է, որ ժամանակն է…
1. Սկսեք նորից սկսնակ լինել
«Ամեն ինչ զրոյից սկսելը տարբերակ չէ»:
Ցավոք, սա մի սուտ է, որին շատերս կառչած ենք մնում մինչև վերջ: Նորից սկսելը որպես վատ երևույթ ընկալելու գաղափարը արմատացած է մեր հասարակության կրթական համակարգում: Մենք երեխաներին համալսարան ենք ուղարկում 17 կամ 18 տարեկանում և, ըստ էության, պահանջում ենք ընտրել այնպիսի մասնագիտություն, որից նրանք գոհ կլինեն առաջիկա 40 տարիներին: «Բայց ի՞նչ կլինի, եթե սխալ ընտրություն կատարեմ»,- հաճախ մտածում ենք մենք: Եվ հենց դա էլ շատերս անում ենք:
Սակայն տարիների ընթացքում փորձը ցույց է տալիս ճշմարտությունը. դուք կարող եք փոխել ձեր ուղին ցանկացած պահի, և հաճախ դա պարզապես անհրաժեշտություն է:
Այո՛, ամեն ինչ զրոյից սկսելը և կյանքում էական փոփոխություններ անելը գրեթե միշտ հնարավոր է: Իհարկե, դա հեշտ չի լինի, բայց հեշտ չէ նաև ողջ կյանքում մնալ մի աշխատանքի մեջ, որը դուք միամտաբար ընտրել էիք դեռահաս տարիքում: Եվ հեշտ չէ նաև կառչել մի բանից, որն արդեն անցյալում է կամ վիճակված չէր ձեզ:
Ճշմարտությունն այն է, որ շախմատում ոչ ոք չի հաղթում միայն առաջ շարժվելով. երբեմն պետք է նահանջել՝ հաղթող դիրքում հայտնվելու համար: Սա կյանքի կատարյալ փոխաբերություն է: Երբեմն, երբ թվում է, թե անընդհատ բախվում եք փակուղիների, իրականում դա նշան է, որ դուք ճիշտ ճանապարհի վրա չեք: Միգուցե դուք պետք է ձախ թեքվեիք այն ժամանակ, երբ աջ գնացիք, և դա միանգամայն նորմալ է: Կյանքն աստիճանաբար մեզ սովորեցնում է, որ հետադարձները թույլատրվում են: Այնպես որ, շրջվեք, երբ դրա կարիքը կա: Մեծ տարբերություն կա հանձնվելու և ճիշտ ուղղությամբ նորից սկսելու միջև: Կան երեք պարզ բառեր, որոնք կարող են ազատել ձեզ անցյալի սխալներից ու ափսոսանքներից և վերադարձնել ճիշտ ուղի. «Այսուհետ ես…»
Այսպիսով, ի՞նչ պետք է անեք այսուհետ:
Մի փոքր բազմազանություն մտցրեք ձեր կյանքում: Քայլ առ քայլ առաջ գնացեք: Գտեք ուղիներ առողջ մարտահրավեր նետելու կյանքի ձեր ներկայիս ընկալմանը, և գալիք օրերին դուք կբացահայտեք ու կզգաք կյանքի հրաշքների շատ ավելին:
2. Սկսեք անել այն դժվար բաները, որոնք անընդհատ հետաձգել եք
Ձեր մեջ համարձակություն գտեք՝ անելու այն դժվար քայլերը, որոնք անհրաժեշտ են ձեր երջանկության համար: Այն բաները, որոնք կարծես ոչ ոք չի անում ինքն իր համար: Այն բաները, որոնք ձեզ մի փոքր վախեցնում են: Այն բաները, որոնք ուրիշները հաստատ չեն կարող անել ձեր փոխարեն: Այն բաները, որոնք ստիպում են ձեզ մտածել, թե էլ որքան կարող եք դիմանալ ու առաջ գնալ: Այո՛, արեք հենց դրանք, որովհետև դրանք են ձևավորում ձեր տեսակը: Դրանք այն քայլերն են, որոնք տարբերություն են դնում պարզապես գոյատևելու և իրականում ապրելու միջև՝ ճանապարհն իմանալու և այդ ճանապարհով քայլելու միջև… միջակության և երջանկությամբ, անձնական աճով ու ներքին խաղաղությամբ լի կյանքի միջև:
Եվ հիշեք, դժվարություններ հաղթահարելու համարձակությունը միշտ չէ, որ բարձրաձայն է արտահայտվում: Երբեմն դա պարզապես այն հանգիստ ձայնն է օրվա վերջում, որը շշնջում է. «Ես վաղը նորից կփորձեմ»:
Կարդացեք նաև՝ 16 հոգեբանական թակարդ, որ գողանում են քո երջանկությունը
3. Սկսեք ընդունել անհարմարությունը, որն արդարացված է
Անհարմարությունը կարող է ցավի տեսակ լինել, բայց դա խորը ցավ չէ, այն մակերեսային է: Դա այն զգացողությունն է, երբ դուք դուրս եք գալիս ձեր հարմարավետության գոտուց: Օրինակ՝ մարզվելու գաղափարը շատերի մոտ անհարմարություն է առաջացնում, ուստի նրանք խուսափում են դրանից: Սպանախով կամ կաղամբով աղցան ուտելը նույնպես անհարմարություն է բերում: Նույնը վերաբերում է մեդիտացիային, օրագիր պահելուն, դժվար առաջադրանքի վրա կենտրոնանալուն կամ մարդկանց «ոչ» ասելուն: Իհարկե, սրանք պարզապես օրինակներ են, քանի որ տարբեր մարդիկ տարբեր բաների մեջ են անհարմարություն տեսնում, բայց դուք հասկանում եք բուն իմաստը:
Ամենակարևոր բանը, որ պետք է հասկանալ, այն է, որ անհարմարության դրսևորումների մեծ մասն իրականում օգնում է մեզ աճել և դառնալ մեր ամենաուժեղ ու խելացի տեսակը: Այնուամենայնիվ, շատերիս մեծացրել են հոգատար ծնողներ, որոնք արել են հնարավոր ամեն ինչ մեր մանկությունը հարմարավետ դարձնելու համար, և մենք ակամայից մեծացել ենք՝ ենթագիտակցաբար հավատալով, որ կյանքում անհարմարության կարիք չունենք: Ուստի հիմա մենք անընդհատ փախչում ենք դրանից: Խնդիրն այն է, որ խուսափելով անհարմարությունից՝ մենք սահմանափակվում ենք միայն մեր հարմարավետության գոտում գտնվող գործողություններով ու հնարավորություններով: Եվ քանի որ մեր հարմարավետության գոտիները համեմատաբար փոքր են, մենք բաց ենք թողնում կյանքի լավագույն ու ամենաառողջարար փորձառությունները և հայտնվում ենք հյուծիչ շրջապտույտի մեջ:
Դիտարկենք սննդակարգն ու մարզվելը որպես օրինակ…
- Նախ, մենք կորցնում ենք առողջությունը, որովհետև առողջ սնվելն ու մարզվելը անհարմար են թվում, ուստի մենք նախընտրում ենք սովորական սնունդը և անիմաստ հեռուստացույց դիտելը:
- Բայց հետո վատառողջ լինելը նույնպես անհարմարություն է դառնում, ուստի մենք փորձում ենք շեղվել մեր անառողջ մարմնի իրականությունից՝ ուտելով ավելի շատ վնասակար սնունդ, դիտելով ավելի շատ անորակ հաղորդումներ և գնալով առևտրի կենտրոն՝ գնելու այնպիսի բաներ, որոնք մեզ իրականում պետք չեն: Եվ մեր անհարմարությունն էլ ավելի է մեծանում:
Զարմանալի է, բայց ամեն օր մի փոքր անհարմարություն ընդունելու և այն քայլ առ քայլ հաղթահարելու պարզ սովորությունը կարող է լուծել մեր ամենօրյա խնդիրների մեծ մասը և երկարաժամկետ հեռանկարում մեր միտքը դարձնել ավելի երջանիկ, առողջ և ուժեղ:
Բայց կրկին, երբեմն դա շա՜տ դժվար է: Աշխարհում չկա այնպիսի մարդ, որն ի վիճակի լինի անթերի հաղթահարել կյանքի յուրաքանչյուր հարված: Մենք այդպես չենք ստեղծված: Մենք ստեղծված ենք տխրելու, վշտանալու, ցավ զգալու, սայթաքելու և երբեմն ընկնելու համար: Որովհետև դա կյանքի մի մասն է՝ բախվել անհարմարությանը, սովորել դրանից և ժամանակի ընթացքում հարմարվել: Հենց սա է ի վերջո կերտում մեր անհատականությունը:
Ուստի, երբ հայտնվում եք մեկուսացման մեջ և չեք գտնում ելքը խավարից, հիշեք, որ սա նման է այն վիճակին, երբ թրթուրները պարփակվում են իրենց բոժոժում՝ թևեր աճեցնելու համար: Այն, որ այսօր դժվար է ու սթրեսային, չի նշանակում, որ վաղը հրաշալի չի լինի: Դուք պարզապես պետք է հասնեք այդ վաղվան:
4. Սկսեք գիտակցաբար ավելի լավ մտածել ձեր մասին
Պետք է խոստովանեք, որ ձեր կյանքի մեծ մասն անցկացրել եք՝ ենթագիտակցաբար թերագնահատելով ինքներդ ձեզ: Մտածելով, որ դուք բավարար չեք: Փորձելով նմանվել ուրիշներին: Նրանց, ովքեր տեղավորվում են ընդունված շրջանակների մեջ: Ովքեր ավելի քիչ զգայուն են: Պակաս խոցելի: Պակաս թերի: Պակաս ԴՈՒՔ: Որովհետև ձեզ կոտրված էիք զգում և չէիք ուզում վանել մարդկանց: Դուք ուզում էիք, որ նրանք հավանեն ձեզ: Ուզում էիք լավ տպավորություն թողնել: Ուզում էիք երևալ արժանի և սիրելի: Որպեսզի ձեզ ապաքինված և ամբողջական զգայիք:
Եվ այսպես, տևական ժամանակ, կեղծ ժպիտների դիմակի տակ դուք ակամայից դավաճանել եք ինքներդ ձեզ՝ բոլորին գոհացնելու նպատակով: Եվ տևական ժամանակ ձեր սիրտը ցավել է:
Բայց հիմա դուք այնպիսի կետում եք, որտեղ ամեն ինչ այլ կերպ եք տեսնում: Սրտի ցավն այլևս չարժե դրան: Եվս մեկ օր ինքդ քեզ նսեմացնելն ուղղակի որևէ իմաստ չունի: Ավելին, դուք այժմ գիտակցում եք, որ անկախ նրանից, թե ինչ եք անում կամ ինչպես եք փոխվում, որոշ մարդիկ միևնույն է երբեք գոհ չեն լինի:
Դուք այժմ հասկանում եք, որ պետք է սկսեք ամեն ինչ անել ճիշտ դրդապատճառներով.
- Ոչ թե այն պատճառով, որ դա բոլորի պահանջն է, այլ որովհետև դուք վերջապես գիտեք, որ արժանի եք ձեր իսկ սիրուն և հոգատարությանը:
- Ոչ թե նրա համար, որ այլ մարդիկ հավանություն տան ձեզ, այլ որովհետև դուք շնչում եք ձեր սեփական օդը, ունեք ձեր սեփական մտքերը և զբաղեցնում եք մի տարածք, որն ուրիշ ոչ ոք չէր կարող զբաղեցնել:
Այո՛, դուք իսկապես արժանի եք: Ձեր գաղափարներն արժանի են: Ձեր զգացմունքներն արժանի են: Ձեր կարիքներն արժանի են: Եվ առանց մյուսների մշտական հաստատման, դուք պետք է լինեք այն, ինչ կաք և ապրեք ձեր ճշմարտությամբ: Նույնիսկ եթե դա մարդկանց կստիպի զարմանքով շրջվել: Նույնիսկ եթե դա նշանակում է որոշ ժամանակ մենակ քայլել այն ճանապարհով, որով քչերն են անցել… Նույնիսկ եթե ձեր ինքնավստահությունը խարխլվել է:
Իրական պայքարը միշտ ձեր մտքում է: Եվ ձեր միտքը ձեր վերահսկողության տակ է, ոչ թե հակառակը:
Հնարավոր է, որ դուք ընկճվել եք դժվարություններից, մերժումներից կամ սթրեսից, բայց ԴՈՒՔ կոտրված չեք: Այնպես որ, թույլ մի տվեք ուրիշներին հակառակը համոզել ձեզ: Եվ թույլ մի տվեք, որ ձեր միտքը գերիշխի ձեզ վրա:
Բուժեք ինքներդ ձեզ՝ հրաժարվելով ինքներդ ձեզ թերագնահատելուց: Որոշեք այսօր դրական տարածք զբաղեցնել ձեր իսկ կյանքում: Որոշեք ինքներդ ձեզ թույլ տալ՝ բավարարելու ձեր սեփական կարիքները: Որոշեք հարգել ձեր զգացմունքներն ու հույզերը: Որոշեք ինքնասիրությունն ու ինքնախնամքը դարձնել ձեր առօրյա կենսակերպի մի մասը… Որոշեք ավելի լավ մտածել ձեր մասին, որպեսզի կարողանաք ավելի լավ ապրել՝ չնայած ձեր առջև ծառացած մարտահրավերներին:
5. Սկսեք կարճ ընդմիջումներ անել ձեր սեփական խնդիրներից
Կյանքի դժվար պահերին մենք բոլորս հակված ենք մեզ դնել տիեզերքի կենտրոնում և ամեն ինչ տեսնել այն տեսանկյունից, թե ինչպես է դա ազդում մեզ վրա: Եվ սա կարող է ունենալ ամենատարբեր բացասական հետևանքները՝ սկսած ինքներս մեզ խղճալուց, երբ ամեն ինչ չի ընթանում ծրագրվածի պես, մինչև ինքներս մեր մեջ կասկածելը, երբ մենք կատարյալ չենք, կամ մոլորված ու միայնակ զգալը մեր խնդիրների հետ վատ օրերին:
Ուստի ամեն անգամ, երբ մեր թիմում նկատում ենք, որ տարված ենք բացասական մտքերով, մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարճ ժամանակով մեր ուշադրությունը շեղենք անձնական խնդիրներից և կենտրոնանանք շրջապատի մարդկանց վրա, որոնց գուցե կարող ենք օգտակար լինել: Ուրիշներին աջակցելու փոքրիկ ուղիներ գտնելը դուրս է բերում մեզ եսակենտրոն մտածողությունից, և այնժամ մենք այլևս միայնակ չենք տառապում ինքնախղճահարության մեջ՝ այլ սկսում ենք մտածել այն մասին, թե ինչ է պետք ուրիշներին: Մենք չենք կասկածում ինքներս մեզ վրա, որովհետև այն հարցը, թե արդյոք մենք բավականաչափ լավն ենք, այլևս առաջնային չէ: Գլխավոր հարցն այժմ դառնում է այն, թե ինչի կարիք ունեն մյուսները:
Սա կյանքի մեծ պարադոքսներից մեկն է. երբ մենք օգնում ենք ուրիշներին, մենք ի վերջո շահում ենք նույնքան, եթե ոչ ավելի, որքան նրանք, ում մենք աջակցում ենք: Ուստի ամեն անգամ, երբ ձեզ մի փոքր մոլորված եք զգում կամ խրված եք ձեր սեփական խնդիրների մեջ, փորձեք ձեր ուշադրությունը տեղափոխել ձեր հանգամանքներից դեպի ձեր շրջապատի մարդիկ: Փոխանակ հարցնելու՝ «Ի՞նչն այն չէ ինձ հետ», հարցրեք՝ «Ինչպե՞ս կարող եմ օգնել ձեզ»: Գտեք մեկին, ում կարող է անհրաժեշտ լինել օգնության ձեռք, և արեք փոքրիկ, խելամիտ առաջարկ, որից նրանք չեն կարող հրաժարվել: Այդպիսով ձեռք բերված հեռանկարը ձեզ առաջ կմղի:
Մեր խմբագրակազմն ի սկզբանե մշակել է այս ռազմավարությունը տարիներ առաջ, երբ մենք բախվում էինք լուրջ դժվարությունների և կորուստների: Իսկապես դժվար էր մոտիվացիա գտնել, երբ մեզ թվում էր, թե առաջ գնալու ուժ այլևս չկա՝ երբ մենք մեզ լիովին սպառված էինք զգում: Բայց մենք ամեն օր մի փոքրիկ քայլ էինք անում՝ հաճախ պարզապես գրելով կարճ հոդված՝ կիսվելու սովորած որոշ դասերով ուրիշների հետ, ովքեր գուցե մեր պատմություններն ու գաղափարները օգտակար կհամարեին: Դա լավ զգացողություն էր, և մենք աստիճանաբար ուժեղացանք:
Այսօր առավոտյան, երբ մեր թիմը բախվեց հերթական ներքին բարդություններին, մենք նորից հետևեցինք նույն օրինակին. մենք մի փոքրիկ քայլ արեցինք առաջ… պարզապես միացրինք համակարգիչը, բացեցինք մի նոր փաստաթուղթ և գրեցինք այս հոդվածի առաջին նախադասությունը: Նման գործողությունն այնքան փոքր է, որ աննշան է թվում, և այնուամենայնիվ այնքան հեշտ է այն անել, երբ դու քեզ վատ ես զգում: Եվ դա մեզ ցույց տվեց, որ հաջորդ քայլը հնարավոր է, և դրան հաջորդողը ևս: Իսկ վերջնարդյունքն այն հոդվածն է, որը դուք հենց նոր ավարտեցիք կարդալ: Մենք անկեղծորեն հուսով ենք, որ դուք ինչ-որ չափով օգուտ քաղեցիք դրանից:
Հիմա ձեր հերթն է…
Այո՛, այսօր ձեր հերթն է: Մենք անկեղծորեն հուսով ենք, որ դուք առավելագույնը կքաղեք դրանից, որ դուք համարձակ կերազեք, որ կօգտագործեք վերը նշված հիշեցումները՝ ստեղծելու մի բան, որը գոյություն չուներ նախքան ձեր գործելը: Հուսով ենք, որ դուք կսիրեք և փոխարենը կսիրվեք, և որ դուք ուժ կգտնեք ընդունելու և աճելու այն իրավիճակներից, որոնք չեք կարող փոխել: Եվ ամենակարևորը (քանի որ մենք կարծում ենք, որ այս խելահեղ աշխարհում պետք է ավելի շատ բարություն և իմաստություն լինի), հուսով ենք, որ դուք իմաստուն կլինեք ձեր որոշումներում և չափազանց բարի կլինեք ինքներդ ձեր և ուրիշների հանդեպ:








