fbpx

Նազիկ Գասպարյան – Նորից կփոշոտվի… (գրում են ընթերցողները)

Աշունն անձրևոտ մատներով թակեց պատուհանս…

-Ներս արի,- մտքովս անցավ ներս կանչել նրան…բայց նա իմ հրավերին չէր էլ սպասում…նա եկել ու պատուհանս թակում էր քաղաքավարությունից ելնելով…

Փողոցները, մարդիկ, մայթերը…նստարանը աշուն են հագել, աշունոտվել են…

Ապակիս դուրս ու ներսից խոնավ-խոնա՜վ է… ինքս շոգիացել կպել եմ պատուհանիս, հայելուս…

Ճակատս հպել եմ պատուհանին…ու սառում է ճակատս,սառում են աչքերս` անհույս է… էլ նա չի գա…

Հյուրս եկավ, նստեց դաշնամուրիս առաջ, փոշոտ դաշնամուրիս առաջ… տեսնես աշխատո՞ւմ է… վաղուց  չեմ նվագել…

-Գոնե փոշին հավաքեիր, – ասաց ու անձրևահամ մատներով մաքրեց փոշին դաշնամուրից…

– Էլ չեմ նվագում.. մի տեսակ օտարացել եմ, խորթացել սև-սպիտակ ստեղներին… սև-սպիտակ…

Նա լուռ նայում էր դաշնամուրիս… խղճահարություն կար հայացքում` չգիտեմ ի՞նձ էր խղճում թե՞ դաշնամուրին, բայց խղճում էր…

-Ուզո՞ւմ ես նվագեմ…,- հարցրեց ու հասկացա, որ դաշնամուրին է խղճում…

Վախենում էի, բայց քաջություն գտա իմ մեջ ու առաջարկեցի, որ ինքս նվագեմ…

Նստեցի աթոռին… աթոռս խրտնած ճռճռաց…ես էլ խրտնեցի` աթոռ լինեի կճռճռայի…

Մատներս անվարժ զարկեցի ստեղներին…հետ եմ վարժվել, չի ստացվում, անընդունակ աշակերտի նման նստել ու նայում եմ դաշնամուրիս առաջ, նայելով ոչինչ չեմ փոխի`օտարացել ենք… էլ մատներիս չի մնում ստեղների տաքությունը…սառել ենք…

Հյուրս ձեռքերը խաչել կանգնել է….լո՜ւռ…. Անշշուկ ու անձայն աղմկում, գոռում-ճչում է… գիշերն էլ այսպես աղմկում էր ժամացույցս. Ապակու տակ սլաքները ձիերի պես վրնջում, դոփում, ծառս էին լինում..

Փակեցի դաշնամուրը…զգաստացա, նայեցի հյուրիս աչքերին. Նա հասկացավ, որ պիտի չքվի տնիցս, հավաքեց անձրևոտ փեշերն ու… ու գնաց…

Գնաց սենյակիցս` լռություն շաղ տալով մեր մուտքում, մայթերին, կիսաներկ մաշված մեր նստարանին…

Մնաց լռությունը, մնացի ես ու ինձնից խրտնած դաշնամուրը, որ նորից կփոշոտվի…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նազիկ Գասպարյան – Նորից կփոշոտվի… (գրում են ընթերցողները)
«Նա սիրում է խոսել ինձ հետ, ես սիրում եմ լռել …» Նազենի Հովհաննիսյանի գրառումը