fbpx

Նազիկ Գասպարյան – Բայց չէ որ Արևիկը մեր աղջիկն էր լինելու…. (գրում են ընթերցողները)

Արագ ու աղմկոտ քայլերով բարձրացա վերև: Դուռը գրեթե հրելով բացեցի ու մտա տունս. տունս, որ մութ էր: Չվառելով լույսն անգամ` թիկնեցի դռանս: Տարածեցի ոտքերս ու անկախ ինձանից մտածեցի, որ հրաշալի է մենակ ապրելը: Սառած-պաղած հայցքով զննեցի շուրջս, աչքերս հարմարվեցին մթությանն էլ. ես այդպիսին եմ` հարմարվում եմ ամեն ինչին: Տաք ու պաղ քրտինքը սկսեց պտղել ոտքերիս, հետո դրանք զգացի մեջքիս, մազերիս մեջ. մրսել եմ երևի…

Վեր կացա, մի թեթև շապիկ գցեցի հագս ու ոտաբոբիկ անցա խոհանոց: Ինձ թվում էր, եթե կիսամերկ քայլեմ, կիսով չափ բաց թողեմ մարմինս` կիսով չափ կազատվեմ քեզնից, քեզ հիշելուց…

Թեյս բլբլոցով եռում էր, բայց ես չեմ անջատում, ես կլանված նայում եմ բլթբլթացող ջրին ու ինձ այնքան հոգեհարազատ է այդ եռ եկող ջուրը: Այնքան բլթբլթաց, մինչև իր իսկ շիթերով հանգցրեց կրակը. մարդուն բնորոշ հատկանիշ է: Թեյս լցրի բաժակիս մեջ, լիմոնն ընկղմեցի թեյիս մեջ ու……..ու նորից ռունգերս զգացին ցիտրուսե բույրդ, օծանելիքդ… կարոտել եմ քեզ, քո ցիտրուսե աչքերը, ցիտրուսե հայացքը…

Մի քանի կում խմելուց հետո, բնավորությանս համաձայն սկսեցի խաղալ տաքացած լիմոնի շերտով… ու փոխանակ բերանումս ջուր հավաքվի, ներսումս է հավաքվում, սրտումս` կաթ-կաթ…….

Ախր այս վիճակին էլ վաղուց համակերպվել եմ. հիմա միայն մի ձայն , մի շշուկ, մի երգ քեզ միտքս է բերում, ու ես մի քանի օր ջերմում եմ, բայց դա կարճ է տևում, երևի սա այդ կարոտախտ կոչված հիվանդությունն է, որ ինձ մոտ ալերգիայի տեսքով է գլուխ բարձրացնում` բույրից, շշուկից, քեզ հիշեցնող երգերից ու ֆիլմերից…

Ինչո՞ւ չեմ կարողանում հագիս այս վերջին շապիկն էլ հանել ու մորեմերկ քայլել իմ իսկ տան մեջ, ինչո՞ւ… որովհետև չեմ ուզում ազատվել քեզնից, մի փշուր քեզնից… Ինչու վերնաշապիկդ թողեցիր իմ ու քո տանը, ինչու չտարար հետդ սա էլ: Երևի գիտեիր, որ կարոտելու եմ քեզ ու կարոտդ միայն շապիկդ հագնելով եմ առնելու. գրողը տանի, գոնե չտեսնեի, թե ինչպես ես օծանելիքս տեղավորում իրերիդ մեջ: Որովհետև ինքդ էլ շատ լավ գիտեիր, որ կարոտելու ես ինձ… կարոտելու ես մեզ, մերը..

Անցել է մի տարի արդեն, փողոցում շատ ենք պատահել իրար, զգացել եմ հայացքդ, զգացել եմ դողդ, սարսուռդ, լսել եմ ոնց է ներսդ գոռում, որ զղջում ես, զղջացել ես, ու երևի դու էլ զգացել ես շփոթվելս, ոտքերս իրար խառնվելը, շիկնանքս, կոկորդումս շարվող արցունքներս, ուշացած կարոտներս…

Ուշ է, կինդ հղի է… ուշ է….

Չթե ծաղկավոր մի զգեստ հագին, մազերն անփութորեն հավաքած այսօր նրան տեսա մանկական խանութից դուրս գալիս, ձեռքին տոպրակներ կային, դեմքին` հաշմանդամ ժպիտ, նա երջանիկ չէ քո կողքին. աչքերն էին մատնում…

Մոտեցա որպես մի հասարակ հղի կնոջ, օգնեցի տոպրակները մոտեցնել տաքսիին, մինչդեռ հույս ունեի քեզ տեսնել մեքենայով կնոջդ ու փոքրիկիդ համար գնված այլևայլնի հետևից եկած, բայց դու երևի աշխատանքից ուշ ես տուն գնում, կամ չես գնում, սկսել ես շատ ծխել, կամ նույնիսկ սկսել ես խմել, կնոջդ մաշկն էր այդ վկայում..

-Մի արա այդպես, մի արա, գրողը տանի, նրան էլ մի դժբախտացրու: Գիտես` սիրեցի կնոջդ, մի տեսակ հոգատարություն զգացի այն կնոջ հանդեպ, ով իր մեջ կրում է քո մասնիկը: Սկսել եմ ուրվագծել փոքրիկիդ. երևի նա քեզ նման կապուտակ աչքեր կունենա, խարտյաշ կլինի քեզ նման… անիծվես դու, չէ որ իմ երեխայի հայրը պիտի լինեիր..

Ինչևէ, օրորոցը բերելիս երջանիկ թվացիր ինձ իմս, միակս, անիծյալս…

Ձեր լվացքապարանը հուշեց, որ ծնվել է պուճուրդ… բազմագույն շապիկներ, տոտիկներ, մատնաչափ գուլպաներ: Նայում եմ լվացքին ձեր ու հիշում եմ մեզ, մեր երազանքները, հիշում ես որոշել էինք Արևիկ կոչել մեր աղջկան… դու լավ հայրիկ կլինես, համոզված եմ…

Կինդ երևի չի զգացել, որ իր ստվերն եմ դարձել: Նա մանկասայլակով պստիկիդ բերում է այգի զբոսնելու, իսկ ես միշտ այնտեղ եմ, որտեղ աղջիկդ է: Այսօր սառը ցնցուղի պես մի բան զգացի, երբ լսեցի դստերդ անունը, անիծյալ, ինչու ես նրան Արևիկ կոչել…

Արևիկդ արդեն ճանաչում է ինձ, ու երևի սիրում է ինձ, գիտես, նա ժպտում է ինձ տեսնելիս… կնոջդ էլ բարեկամաբար բարևում եմ…

Շատ բան է փոխվել կյանքումս քո Արևիկի ծնունդով…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նազիկ Գասպարյան – Բայց չէ որ Արևիկը մեր աղջիկն էր լինելու…. (գրում են ընթերցողները)
5 հոգեկան վերքեր, որոնք մնայուն սպիեր են թողնում նույնիսկ բուժվելիս