Սերը լոկ հույզեր ու գեղեցիկ բառեր չէ։ Երբ զուգընկերոջ կողքին կինն իրեն սիրված ու պաշտպանված է զգում, դա նկատվում է ոչ միայն նրա տրամադրության, այլև ֆիզիկական ինքնազգացողության մեջ։ Հոգեբաններն ու բժիշկները նշում են, որ ներդաշնակ կապը կարող է դրականորեն ազդել հորմոնալ ֆոնի, քնի, սթրեսի մակարդակի և անգամ արտաքինի վրա։ Ահա մի քանի փոփոխություն, որոնք հաճախ տեղի են ունենում կնոջ մարմնի հետ, երբ նա գտնվում է իսկապես ջերմ ու հոգատար հարաբերություններում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1. Նվազում է սթրեսի մակարդակը
Երբ կողքիդ կա վստահելի մարդ, օրգանիզմն այլևս չի գտնվում մշտական լարվածության ու ներքին պաշտպանության տակ։ Հուզական անվտանգության զգացումն աստիճանաբար իջեցնում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը, որն արտադրվում է տագնապալի և անորոշ իրավիճակներում։ Կայուն ու աջակցող հարաբերություններում մարմինն այլևս մշտապես զգոն մնալու կարիք չի ունենում։
Սա նշանակում է, որ մարմինը հանգստանում է։ Նվազում է տագնապը, թուլանում է ներքին լարվածությունը, և առօրյա հոգսերը հաղթահարելն ավելի հեշտ է դառնում։ Հուզական հակազդումները դառնում են ավելի կայուն. կինն ավելի հանգիստ է ընդունում մանր սթրեսներն ու բարդ պահերից հետո շատ ավելի արագ է վերականգնվում։
Ի հայտ է գալիս ներքին անդորրի ու կայունության զգացում։ Սա ուղիղ կապ ունի պաշտպանվածության ու դիմացինի կողմից ընդունված լինելու հետ։ Հենարան ունենալու գիտակցումն օգնում է, որ հոգեկան աշխարհն ու մարմինն սկսեն գործել առավել ներդաշնակ։
2. Բարելավվում է քունը
Սիրով լի ու հուսալի կապն ապահովում է կայունություն և հուզական հենարան։ Երբ կողքիդ կա մտերիմ մեկը, ում հետ կարող ես կիսել ապրումներդ ու ստանալ աջակցություն, նյարդային համակարգն ազատվում է մշտական տագնապից։ Դրա շնորհիվ օրգանիզմն ավելի հեշտ է երեկոյան տրամադրվում հանգստի, իսկ քունը դառնում է խորն ու անդորր։
Կինն ավելի արագ է քուն մտնում, գիշերներն ավելի քիչ է արթնանում և առավոտյան արթնանում է լիովին հանգստացած։ Լիարժեք քունն օգնում է վերականգնել ուժերը. կարգավորվում է հորմոնալ համակարգը, բարելավվում է մաշկի որակը և ավելանում է էներգիան։
Բացի այդ, առողջ քունը դրական է ազդում տրամադրության և կենտրոնացման վրա։ Լավ քնած մարդն ավելի հեշտ է դիմանում ծանրաբեռնվածությանը, քիչ է նյարդայնանում և հուզականորեն կայուն է լինում։ Սերն ու վստահությունը ապահովում են այն ներքին անվտանգությունը, որն օրգանիզմին թույլ է տալիս լիարժեք հանգստանալ։
3. Ավելանում են «երջանկության հորմոնները»
Զգալով սեր, հոգատարություն և մտերմություն՝ կնոջ օրգանիզմն սկսում է առավել ակտիվ արտադրել այսպես կոչված «երջանկության հորմոններ»՝ օքսիտոցին, դոֆամին և սերոտոնին։ Այս նյութերը պատասխանատու են ուրախության, կապվածության, հաճույքի և ներքին բարեկեցության զգացողության համար։
Օքսիտոցինը հաճախ կոչում են «մտերմության հորմոն»։ Այն արտադրվում է գրկախառնությունների, հպումների և անկեղծ զրույցների ժամանակ։ Դա էլ ավելի է ամրապնդում հուզական կապն ու անվտանգության զգացումը։ Դոֆամինը կապված է ուրախության և ոգեշնչման հետ, իսկ սերոտոնինն օգնում է պահպանել լավ տրամադրությունը։
Հենց այս պատճառով էլ սիրելիի կողքին կանայք իրենց ավելի թեթև են զգում ու հոգևոր վերելք են ապրում։ Օրգանիզմն անմիջապես արձագանքում է ուշադրությանն ու հոգատարությանը՝ պարգևելով երջանկության ու հոգեկան հարմարավետության զգացում։ Այսպիսի միությունը դառնում է անսպառ ռեսուրս, որը սնուցում է ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական առողջությունը։
4. Բարելավվում է արտաքին տեսքը
Հոգեվիճակն անմիջականորեն անդրադառնում է արտաքինի վրա։ Սիրված ու կարևորված լինելն անմիջապես նկատվում է կնոջ դեմքին, կեցվածքում և անգամ քայլվածքում։ Ներքին խաղաղությունն ու ինքնավստահությունն արտաքինն ավելի նուրբ և բնական են դարձնում։
Մաշկն ստանում է թարմ ու փայլուն տեսք, քանի որ սթրեսը նահանջում է, և օրգանիզմն ավելի արագ է վերականգնվում։ Հայացքը դառնում է ջերմ ու խաղաղ, դեմքի լարվածությունն անհետանում է։ Փոխվում է նաև կեցվածքը՝ ի հայտ է գալիս վստահություն, իսկ շարժումները դառնում են ազատ ու սահուն։
Եվ սա ո՛չ մոգություն է, ո՛չ էլ պատահականություն։ Հանգիստ նյարդային համակարգը նպաստում է արյան լավ շրջանառությանն ու հորմոնների հավասարակշռությանը, ինչն էլ օգնում է պահպանել առողջ ու գեղեցիկ տեսքը։ Ուստի, երջանիկ հարաբերություններում մարդը նկատելիորեն դառնում է անկաշկանդ ու գրավիչ։
Կարդացեք նաև՝ Խելքահան է անում. գրավիչ կնոջ 10 հիմնական գծերը (ստուգեք ձեզ)
5. Ավելանում է էներգիան
Ներդաշնակ կապը կարող է դառնալ ներքին ուժի հզոր աղբյուր։ Երբ կողքիդ կա մեկը, ով աջակցում, հասկանում և հավատում է քեզ, ապա կյանքի դժվարություններն ու որոշումներ կայացնելը շատ ավելի հեշտ են տրվում։
Հոգևոր աջակցությունը ցրում է միայնության զգացումը և օգնում իրեն ավելի ուժեղ զգալ։ Կինն այլևս էներգիա չի վատնում ավելորդ ապրումների ու ներքին հակասությունների վրա։ Այդ ուժերն ուղղվում են ապրելուն, աշխատելուն և ինքնազարգացմանը։
Երբ կողքիդ մեկն անկեղծորեն ուրախանում է քո հաջողություններով և թիկունք է կանգնում դժվար պահերին, արթնանում է ոգեշնչման և ինքնավստահության հզոր ալիք։ Ցանկություն է առաջանում ստեղծագործելու, պլաններ կազմելու և առաջ շարժվելու։ Այս առումով սերը ոչ միայն զգացմունք է դառնում, այլև կենսական էներգիայի անսպառ աղբյուր։
6. Մարմինը ձերբազատվում է լարվածությունից
Հարգանքով ու հոգատարությամբ լի մթնոլորտում մարմինն աստիճանաբար ձերբազատվում է մշտական լարվածությունից։ Մենք հաճախ անգամ չենք նկատում, թե որքան ենք սովորել մկանները պաշտպանական դիրքում պահելուն՝ լարված ուսեր, ձիգ մեջք, մակերեսային շնչառություն։
Վստահության մթնոլորտում օրգանիզմն ինքնաբերաբար ազատվում է այդ վահանից։ Մկանները թուլանում են, շնչառությունը խորանում է, շարժումներն էլ դառնում են առավել բնական։ Այլևս չկա ամեն ինչ ու ամենքին անընդհատ վերահսկելու կարիք։
Սեփական մարմնում ի հայտ է գալիս ազատության աննկարագրելի զգացողություն։ Մարմինը դառնում է մեղմ, կենդանի և զգայուն։ Ներքին այս հարմարավետությունը կնոջը դարձնում է հանգիստ, անկաշկանդ և ինքնավստահ։ Սիրո և հարգանքի առկայության դեպքում մարմինը թոթափում է պաշտպանական բնազդն ու սկսում պարզապես ապրել ու վայելել կյանքը։
Իհարկե, սերը չի կարող լուծել կյանքի բոլոր խնդիրները, բայց այն միջավայր է ստեղծում, որտեղ մարդն իրեն ապահով, հանգիստ ու կենդանի է զգում։ Երբ հարաբերություններում տիրում են հարգանքը, հոգատարությունն ու ջերմությունը, դա անդրադառնում է ոչ միայն հույզերի, այլև բուն մարմնի վրա։








