Հարվարդի համալսարանի գաստրոէնտերոլոգ Սաուրաբհ Սեթին, ով 10 տարուց ավելի ուսումնասիրել է աղիների աշխատանքը, կարծում է, որ գերհասունացած բանանը վնասակար է աղիների համար և ինքը երբեք այն չի ուտում։ Նա նաև կազմել է մարսողական համակարգի համար օգտակար մրգերի վարկանիշային ցանկը։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ըստ Սեթիի՝ ոչ բոլոր մրգերն են օգտակարության տեսանկյունից նույնը, իսկ դրանցից որոշները նույնիսկ վնաս են հասցնում աղիներին, օրինակ՝ գերհասունացած բանանը, որը միլիոնավոր մարդկանց սիրելի նախաճաշն է։
Մասնագետի խոսքով՝ դրանք այնքան հարուստ են շաքարով, որ նույնիսկ անվանվում են «դեղին կեղևով Mars-ի սալիկներ»։ Նա նշել է, որ այս մրգերը կարող են կտրուկ բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը, այդ իսկ պատճառով ավելի քիչ սնունդ են ապահովում աղիքային բակտերիաների համար։
Ինչպես գրում է պարբերականը, բանանի հասունացմանը զուգընթաց դրանցում նվազում է կայուն օսլայի և ընդհանուր սննդային մանրաթելերի պարունակությունը, իսկ շաքարի քանակն ավելանում է։
Կայուն օսլան ածխաջուր է, որը չի մարսվում բարակ աղիքում, այլ ֆերմենտացվում է հաստ աղիքում՝ գործելով որպես պրեբիոտիկ և սնելով օգտակար բակտերիաներին։ Հենց այդ պատճառով մի փոքր կանաչավուն բանաններն ավելի օգտակար են աղիների համար (գնահատական՝ 5/10), մինչդեռ գերհասունացածները հայտնվել են բժշկի «սև ցուցակում»։
Իսկ ահա կիվին, ըստ Սեթիի, հիանալի միրգ է աղիների առողջության համար. մեկ պտուղը պարունակում է մոտ 2 գրամ մանրաթել։ Այն աղիներում գել է առաջացնում, թեթևացնում է փորկապությունը և կարգավորում կղանքը։
Աղիների համար օգտակար մրգերի շարքում առաջին տեղը Սեթին տվել է հապալասին, որին անմիջապես հաջորդում է նուռը։ Նրա խոսքով՝ այս մրգերը հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել ազատ ռադիկալների դեմ, ինչը վաղուց կապում են այնպիսի հիվանդության հետ, ինչպիսին է շաքարային դիաբետը։
Նուռը նաև պարունակում է էլագոտանիններ՝ պոլիֆենոլի հզոր տեսակ, որը կարող է օգնել նվազեցնել բորբոքումն օրգանիզմում։
Բարսելոնայի համալսարանի սննդաբանների անցկացրած հետազոտության մեջ մասնակիցները, որոնք օգտագործում էին պոլիֆենոլներով հարուստ սնունդ (մուգ հատապտուղներ, կակաո, ձիթապտղի յուղ), 46 տոկոսով ավելի ցածր ռիսկ ունեին սրտի հիվանդությունների զարգացման համար, քան նրանք, ովքեր դրանք շատ քիչ էին օգտագործում։
Աղիների համար օգտակար մրգերի վարկանիշային ցանկում հաջորդիվ գալիս են սեխը, տանձը և խնձորը։ Մինչդեռ խաղողն ու նարինջը ստացել են ընդամենը 2-3 բալ 10-ից։
Կարդացեք նաև՝ Առողջության համար ամենաշատ հակաօքսիդանտ պարունակող մրգեր և հատապտուղներ. TOP-6
Խաղողը հիմնականում բաղկացած է ջրից, այն հարուստ է վիտամին C-ով և կալիումով, և, ինչպես ցույց է տրվել, նվազեցնում է բորբոքումը։ Սակայն, ինչպես նշվում է, ընդհանուր առմամբ այն ունի ցածր սննդային արժեք՝ համեմատած այլ մրգերի հետ։
Թեև նարինջը պարունակում է շատ վիտամին C, ֆոլաթթու և հակաօքսիդանտներ, որոնք կարող են օգնել ամրապնդել իմունային համակարգը և պայքարել վարակների դեմ, հայտնի են նաև այս մրգի օգտագործման ռիսկերը։ Մաշկաբանության բրիտանական ամսագրում հրապարակված հետազոտությունը բացահայտել է մեծ քանակությամբ ցիտրուսային մրգերի օգտագործման ազդեցությունը մաշկային հիվանդությունների վրա։
Այնուամենայնիվ, վիտամին C-ն անհրաժեշտ է մաշկի, արյունատար անոթների, ոսկորների և աճառների առողջությունը պահպանելու համար, իսկ դրա պակասը կարող է հանգեցնել լնդախտի (ցինգա)։








