Դուք երբևէ փորձե՞լ եք չմտածել ինչ-որ բանի մասին: Օրինակ՝ վարդագույն փղի։ Պատկերացրեք նրան. մե՞ծ, թե՞ փոքր, վառ վարդագույ՞ն, թե՞ պաստելային, տխո՞ւր, թե՞ չար: Իսկ հիմա… դադարեք:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ամենայն հավանականությամբ, դուք նորից ու նորից մտովի կվերադառնաք հենց այդ փղին։ Սա էլ հենց վարդագույն փղի պարադոքսն է՝ հոգեբանական երևույթ, որի դեպքում որքան ուժեղ ենք փորձում դուրս մղել որևէ միտք, այնքան ավելի հաճախ է այն վերադառնում։
Ի՞նչ է տեղի ունենում
Այս երևույթն ուսումնասիրվել է դեռևս 1980-ականներին։ Հայտնի գիտափորձի ժամանակ մասնակիցներին առաջարկել են 5 րոպեի ընթացքում բարձրաձայն արտասանել այն ամենը, ինչ մտքներին գալիս է։ Մի խմբին ընդ որում ասել են չմտածել սպիտակ արջի մասին, իսկ մյուսին՝ ընդհակառակը, հատուկ կենտրոնանալ նրա վրա։
Արդյունքը. նրանք, ովքեր փորձում էին չմտածել, շատ ավելի հաճախ էին հիշատակում արջին։ Գիտնականները սա բացատրեցին մտածողության «հեգնական գործընթացներով». երբ մենք փորձում ենք գիտակցաբար անտեսել ինչ-որ բան, ուղեղը միևնույն է շարունակում է ստուգել՝ «արդյո՞ք մենք չենք մտածում դրա մասին»՝ դրանով իսկ միտքը վերադարձնելով ուշադրության կենտրոն:
Ի դեպ, այս երևույթը նկարագրել է նաև Դոստոևսկին. «Փորձիր քեզ խնդիր դնել՝ չհիշել սպիտակ արջի մասին, և կտեսնես, որ նա, անիծյալը, ամեն րոպե կհիշվի»։
Վարդագույն փղի պարադոքսը պարզապես մտքի խաղ չէ։ Այն ուղղակիորեն ազդում է հուզական վիճակի, ուշադրության և որոշումներ կայացնելու ունակության վրա։ Ահա հիմնական հետևանքները.
1. Կպչուն մտքեր և կրկնվող հույզեր
Որքան շատ ենք փորձում ազատվել անցանկալի մտքերից, այնքան ավելի ուժեղ են դրանք կառչում մեզնից։ Սա կարող է հանգեցնել անհանգստության, մեղքի զգացումի, դեպրեսիայի, իսկ ավելի լուրջ դեպքերում՝ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների։
Կարևոր է հասկանալ. նույնիսկ հոգեպես առողջ մարդու մոտ կարող են նման մտքեր առաջանալ։ Բայց եթե դրանք ուղեկցվում են հուզական դիմադրությամբ և ճնշմամբ, դրանք դառնում են ավելի կայուն և խանգարում են ապրել։
2. Կենտրոնացման նվազում և ցրված ուշադրություն
Հետազոտությունները ցույց են տալիս, որ տագնապային և բացասական մտքերի նկատմամբ արտահայտված հակում ունեցող մարդիկ ավելի հաճախ են տառապում կենտրոնանալու դժվարություններից։
Ժամանակակից աշխարհում, որտեղ մեզ մշտապես շեղում են ծանուցումները, սոցցանցերը և տեղեկատվական աղմուկը, կպչուն մտքերը դառնում են գրգռիչ։ Ուղեղն անցնում է բազմախնդիր ռեժիմի, բայց իրականում աշխատանքի որակն ու ստեղծագործականությունը նվազում են։ Իսկ դրանց հետ մեկտեղ՝ նաև արդյունավետությունը։
3. Որոշումներ կայացնելու դժվարություններ
Երբ որոշակի միտքը դուրս չի գալիս գլխից, այն ստվերում է մնացած ամեն ինչ։ Տրամաբանությունն ու ռացիոնալությունը նահանջում են՝ իրենց տեղը զիջելով կրկնվող ռեակցիաներին։
Այսպես է առաջանում ընկալման հուզական խեղաթյուրում. մեզ թվում է, թե ամեն ինչ վատ է, որ մենք «խրվել ենք», և որ ելք չկա։ Այս ֆոնին կշռադատված որոշում կայացնելը գրեթե անհնար է դառնում։
Ի՞նչ անել վարդագույն փղի հետ

Կպչուն մտքերից լիովին ազատվելն անհնար է, և պետք էլ չէ։ Բայց սովորել դրանց հետ համակեցել և նվազեցնել դրանց ազդեցությունը կյանքի վրա լիովին իրատեսական է։ Ահա մի քանի ռազմավարություն։
Գիտակցվածություն և ընդունում
Պետք չէ պատերազմել մտքերի դեմ։ Շատ ավելի արդյունավետ է սովորել դրանք դիտարկել առանց գնահատական տալու։ Գիտակցվածությունը ներկա պահում գտնվելու վարժանք է, երբ դուք նկատում եք ձեր զգացողությունները, մտքերը և զգացմունքները, բայց չեք կառչում դրանցից։
Սա նվազեցնում է տագնապի մակարդակը և թույլ է տալիս «բաց թողնել» մտքերը՝ դրանք դիմադրության միջոցով ավելի ուժեղ չդարձնելով։
- Հանգիստ նստեք և հետևեք ձեր մտքերին, ինչպես ամպերին երկնքում. դրանք գալիս ու գնում են։
- Մի՛ դատեք և մի՛ վերլուծեք, պարզապես արձանագրեք։
Կարդացեք նաև՝ Տարօրինակ, բայց աշխատող բաղադրատոմս: Ինչպես հաղթահարել հոգու ցավը
Կառուցողական անցում
Երբ գլխում խրվում է տագնապալի միտք, անցեք մի գործունեության, որը լիովին կլանում է ձեզ։ Դա կարող է լինել.
- գիրք,
- զրույց ընկերոջ հետ,
- սպորտ,
- ստեղծագործական հոբբի,
- ձեռքի աշխատանք (նկարչություն, խոհարարություն, այգեգործություն)։
Կարևոր է հենց լիակատար կենտրոնացումը, որը մտքին միևնույն բանի շուրջ պտտվելու տեղ չի թողնի։
Աշխատանք բացասական համոզմունքների հետ
Կպչուն մտքերը հաճախ ձեռք ձեռքի են գնում ներքին համոզմունքների հետ, ինչպիսիք են՝ «Ես անհաջողակ եմ», «Ինձ հետ ինչ-որ բան այն չէ»։ Դրանք թղթին հանձնելը օգտակար քայլ է։
Վարժություն.
- Թերթը բաժանեք երկու սյունակի։
- Առաջինում գրեք բացասական միտքը։
- Երկրորդում՝ վերաձևակերպեք այն ավելի դրական և իրատեսական տարբերակով։
Օրինակ՝
❌ «Ես ամեն ինչ փչացրի» → ✅ «Ես սխալ թույլ տվեցի, բայց հիմա գիտեմ՝ ինչպես այլ կերպ վարվել»։
Վարդագույն փղի պարադոքսը հիշեցնում է. որքան ուժեղ ենք փորձում ինչ-որ բան մոռանալ կամ չզգալ, այնքան ավելի ուժեղ է դա սկսում հետապնդել մեզ։ Գիտակցվածությունը, ընդունումը, սեփական անձի նկատմամբ բարյացակամ ուշադրությունը և ուշադրությունը շեղող պարզ գործողությունները շատ ավելի արդյունավետ են, քան պայքարը։
Հաջորդ անգամ, երբ հայտնվի համառ միտք, մի՛ վանեք այն։ Պարզապես ասեք նրան. «Օ, բարև, վարդագույն փիղ։ Ես քեզ տեսնում եմ», և զբաղվեք ձեր գործով։








