ԴՆԹ-ի մանրակրկիտ վերլուծությունը Թուրինյան պատանքի վրա հայտնաբերել է կենդանիների, բույսերի և մարդկանց բազմաթիվ հետքեր։ Սա էլ ավելի է բարդացնում առեղծվածային մասունքի պատմությունը, որը հայտնի է որպես այն սուրբ կտավը, որով, ըստ ավանդության, շուրջ 2000 տարի առաջ՝ խաչելությունից հետո, փաթաթել են Հիսուս Քրիստոսի մարմինը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
4,4 մետր երկարությամբ և 1,1 մետր լայնությամբ այս պատանքն աշխարհի ամենահայտնի և միևնույն ժամանակ ամենահակասական քրիստոնեական մասունքներից է։ Դրա մասին առաջին գրավոր հիշատակումը թվագրվում է 1354 թվականով. այն ժամանակ կտավը գտնվում էր Ֆրանսիայում։ Արդեն գրեթե հինգ դար է, ինչ այն պահվում է Իտալիայի Թուրին քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարում։
Ի՞նչ են ցույց տվել նախորդ ուսումնասիրությունները
Դեռ 1988 թվականին, ռադիոածխածնային և զանգվածային սպեկտրոմետրիայի մեթոդներով, գիտնականները պարզել էին, որ պատանքը ստեղծվել է մոտավորապես 1260-ից 1390 թվականներին։ Սա գործնականում բացառում է այն վարկածը, թե կտավի վրա դրոշմված է Հիսուսի դեմքը։ Չնայած դրան՝ որոշ աստվածաբաններ ու գիտնականներ շարունակում են վիճարկել այս թվագրումը, որը մասունքը վերագրում է ուշ միջնադարին։
2015 թվականին Իտալիայի Պադուայի համալսարանի պրոֆեսոր Ջաննի Բարկաչան իր գործընկերների հետ վերլուծեց դեռ 1978-ին մասունքի վրայից հավաքված նյութերը։ Նա առաջինն էր, ով ենթադրեց, որ գործվածքը կարող էր բերված լինել Հնդկաստանից։
Նոր բացահայտումներ և ԴՆԹ բազմազանություն
Այժմ պրոֆեսորը, միջազգային մեծ թիմի հետ միասին, իրականացրել է նույն նմուշների ավելի խորը՝ մետագենոմային վերլուծություն։ Արդյունքները հրապարակվել են bioRxiv գիտական հարթակում։ Հետազոտությունը բացահայտել է միջնադարյան և ժամանակակից ԴՆԹ-ների հսկայական բազմազանություն.
- Կենդանական ծագման հետքեր. Հայտնաբերվել են ընտանի կենդանիների (կատուներ, շներ, հավեր, խոշոր եղջերավոր անասուններ, այծեր, ոչխարներ, խոզեր, ձիեր), ինչպես նաև վայրի կենդանիների՝ եղջերուների ու ճագարների գենետիկական նյութեր։
- Ծովային կենդանիներ և միջատներ. Գտնվել են ձկների (օրինակ՝ ատլանտյան ձողաձկան և մոխրագույն կեֆալի), ծովային խեցգետնակերպերի, ճանճերի, լվիճների, ինչպես նաև տարբեր տեսակի տզերի (այդ թվում՝ փոշու և մաշկային) հետքեր։
- Բուսականություն. Պահպանված բուսական ԴՆԹ-ների շարքում ամենաշատը հանդիպում են գազարի, ցորենի տարբեր տեսակների, պղպեղի, լոլիկի և կարտոֆիլի հետքեր։ Հետաքրքիր է, որ այս բույսերը հավանաբար Եվրոպա են հասել միայն այն բանից հետո, երբ ճանապարհորդները սկսեցին ակտիվորեն ուսումնասիրել Ասիան ու Ամերիկան։
Այնուամենայնիվ, գիտնականներին չի հաջողվել ստույգ պարզել, թե հատկապես երբ է կտավն «աղտոտվել» այս կենդանական ու բուսական հետքերով։
Կարդացեք նաև՝ Թուրինյան սավանի առեղծվածը․ վիրաբույժ-ատամնաբույժը Հիսուսի Հարության ապացույց է գտել
Մարդկային միջամտությունն ու Հնդկական հետքը
Հետազոտողները հայտնաբերել են նաև մարդկային ԴՆԹ՝ պատկանող այն բազմաթիվ անձանց, ովքեր ժամանակի ընթացքում առնչվել են պատանքի հետ (ներառյալ հենց այն գիտնականներին, ովքեր 1978-ին նմուշներ էին վերցրել)։
«Պատանքը շփվել է անթիվ մարդկանց հետ, և դա անհնար է դարձնում այն բնօրինակ ԴՆԹ-ի առանձնացումը, որն ի սկզբանե եղել է գործվածքի վրա», — նշում են հեղինակները։
Հատկանշական է, որ պատանքի վրա հայտնաբերված մարդկային ԴՆԹ-ի գրեթե 40%-ն ունի հնդկական ծագում։ Ըստ գիտնականների՝ սա կարող է լինել պատմական շփումների կամ Ինդոսի հովտից վուշի ներմուծման արդյունք։
«Թուրինյան պատանքի վրա հայտնաբերված ԴՆԹ հետքերը հուշում են, որ գործվածքը հնարավոր է տևական ժամանակ գտնվել է Միջերկրածովյան տարածաշրջանում, իսկ մանվածքը, ամենայն հավանականությամբ, արտադրվել է Հնդկաստանում», — եզրափակում են նրանք։
Գիտական հանրության արձագանքը
Նախորդ հետազոտությունները, որոնք պատանքի ստեղծումը թվագրում են 13-րդ դարով, լայնորեն ընդունված են գիտական հանրության կողմից։ Ստոկհոլմի համալսարանի պրոֆեսոր Անդերս Յոտեստրյոմի խոսքով՝ չնայած 1988 թվականի ռադիոածխածնային թվագրման շուրջ մինչ օրս վեճեր են ընթանում, հետազոտողների մեծ մասն այն համարում է միանգամայն հավաստի։
Պրոֆեսորը, սակայն, վստահ չէ գործվածքի հնդկական ծագման հարցում.
«Ես դեռևս որևէ լուրջ հիմք չեմ տեսնում կասկածելու, որ պատանքն ունի ֆրանսիական ծագում և վերաբերում է 13–14-րդ դարերին», — ընդգծում է արխեոգենետիկը։
«Պատանքն ունի իր սեփական, յուրահատուկ պատմությունը՝ որպես կարևորագույն մասունք։ Այդ պատմությունը կարող է շատ ավելի հետաքրքիր լինել, քան լեգենդար ծագման վարկածը, որը գիտականորեն ոչ մի կերպ չի հիմնավորվում», — եզրափակում է Յոտեստրյոմը։








