Անտառի վերջնամասում` խիտ թավուտնեի մեջ, կա մի փոքրիկ լճակ: Նրա ջրերում ապրում է մի ճեփ-ճերմակ կարապ, որն իր անբասիր ճերմակության համար ստացել էր «ճերմակափետուր» անունը: Պատմում են, որ այս կարապն այնքան գեղեցիկ է եղել և այնքան թովիչ երգել, որ բոլոր արու կարապներին խելքահան է արել: Սակայն այդ բոլոր արուների միջից «Ճերմակափետուրի» սիրտը միշտ բաբախել է մեկի համար, իսկ երգերը` լսելի դարձրել միայն իր միակի համար:
Բայց ճակատագրի հեգնանքով մի օր նա այլևս չի երգել…
Պատմում են, որ ամեն առավոտ, երբ արևի ճառագայթները սկսում էին խաղալ լճակի այլակների հետ, դուրս էր գալիս Ճերմակափետուրն իր թաքստոցից, նազում ջրերի վրայով, սպիտակ թևերով այս ու այն կողմ տանում լճակի այլակները և առաջացած այդ փոքրիկ ալիքների վրայով մեղմ սահելով երգում էր: Օդում տարածվում էին նրա քաղցրալուր ձայնի հնչյուններն ու արձագանքվելով անտառում` ստեղծեում այն պատրանքը, թե աշխարհն արարվել է նրա երգի մեղեդիների ներքո: Անտառն ունկնդրում էր հմայող հնչյունները. մի պահ նա կարծես վերանում էր աշխարհից, պարուրվում կարապի երգի մետաքս թևերով ու ականատես լինում սիրո արարմանը: Երգի կախարդող հնչյուններին ականջալուր հայտնվում էր արու կարապն ու սահելով ջրերի վրայով` հասնում էր իր սիրելիին, փարվում ու անէանում իրար գրկում: Նրանց համար աշխարհը սկսվում ու ավարտվում էր հենց այստեղ` այս ալիքվող ջրերի վրա, ուր ծնվել էր նրանց սերը: Այս զույգ կարապների ինքնամոռաց սերը նման չէր մյուս կարապների սիրուն. նրանց սերը ծնունդ էր առել հոգու խորքերից, որտեղ միայն մաքրամաքուր սիրո վայելքն էր ու անմնացորդ նվիրումը: Սիրահար կարապների հանդիպումները երբեք չէին կրկնում մեկը մյուսին. յուրաքանչյուր հանդիպում ծնում էր խելահեղ այնպիսի ապրում, որն ավելին էր նախորդ խենթացումից: Կարապների յուրաքանչյուր հանդիպման մեջ թափառում էին խենթ ու խելառ, անասելի օրերը:
Այդ օրերն այնքա՜ն ապրված էին, որ թվում է` մի ամբողջ կյանք է սկսվում ու ավարտվում յուրաքանչյուր օրվա մեջ, ուր կարապների նազանքներն են ու ալիքվող ջրերը, լազուր երկինքը, ճախրող ամպերն ու նրանց արտացոլող ջրերն են այդ օրերի մեջ, իրար փարված, իրարից արբած ու հարբած կարապներն են այդ օրերի մեջ, կարոտն ու սպասումն են, մեղմ ու քնքուշ գգվանքներն են այդ օրերի մեջ, երազներն ու գիշերներն են, խելագարված ջրերն են ու խենթացած կարապները… այդ օրերի մեջ պարզապես ուժն ու նազանքն են:
Սակայն մի օր կապարը երկար սպասեց իր սիրելիին, սպասեց, բայց այդպես էլ չեկավ իր կյանքի լույսը: Այդ օրը դեռ արևը չծագած` մթնեց կապարի համար ու այլևս երբեք արևը չժպտաց նրան: Երկար սպասեց կարապը. սրտի անհանգիստ հոգոցները ալիքվում էին ջրերի վրայով, բայց հույսի պատառիկը դեռ գուրգուրում էր սրտի խորքում: Որոշել էր կարապը` այս անգամ վերջնականապես, չի թողնի, որ իր սիրելին գնա այն թավուտների խորքը, որտեղից սովորաբար գալիս էր: Որքա՜ն երկար էր թվում ժամանակը, մինչ նա հայտնվում էր խիտ թավուտները ճեղքելով: Սիրտը վատ բան էր զգում: Թող մնա այստեղ` իր կողքին, ու հենց այստեղ` ջրերի վրա, կկառուցեն իրենց գողտրիկ տունն ու կապրեն միասին, կապրեն սիրո իրենց աշխարհում: Սպասման այդ դժվարին րոպեներին եղան և պահեր, երբ կարապը սկսեց մտածել, թե գուցե նա դադարել է իրեն սիրելուց ու որոշել` այլևս չգալ… Բայց դա միայն րոպեների չար կատակն էր իր հետ. «Նա հիմա կգա, այս ժամանակը որքան դանդաղ անցնում, մի քիչ էլ, մի քիչ էլ սպասեմ ու կգա…»,- մտածում էր կարապը:
Բայց ուշանում է սիրելին, ու կարապի սիրտը վատ բան է զգում, ինչ-որ բան, որ դուրս է գալիս հոգու խորքերից ու ուրվագծվում անհայտության մեջ` իբրև անորոշ մի դատարկություն:
Անլույս օրը պայթեց կրակոցի ձայնից…
Օրը երեկոյանում էր արդեն: Մրսում էին տերևները ծառերի ճյուղերին: Արևն էլ թողել ու հեռացել էր կարապից, բայց նա դեռ սպասում էր իր սիրելիին` չուզենալով հավատալ կրակոցից անհանգիստ բաբախող սրտին:
Երկնքում կամաց-կամաց ուրվագծվում էր լուսինը: Նա փորձում էր ժպտալ ջրերի վրա ինքնաբերաբար սահող միայնակ կարապին, ընկեր դառնալ ու կիսել նրա հետ այս տխուր երեկոն:
Բայց կարապի համար միևնույն էր ամեն ինչ. ոչինչ չէր զգում ու ոչինչ չէր նկատում. նրա աչքերում արտացոլվել էին ջրերի վրա սահող արյան կաթիլները …
Լռությունն էր, գիշերը, ջրերի վրա ուրվագծվող սպիտակ քարե մի արձան ու գիշերային տխուր մեղեդին…
[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]