fbpx

Տաթևիկ Հովհաննիսյան – Պատերազմի հոտը

Լսվեց հերթական ոռնոցը: Կրկին պատերազմն էր: Այն ներ էր խուժել քաղաք ու ավիրում էր ոտի տակ ընկած ամեն ինչ: Դրա ոռնոցից փշրվում էին շենքերի պատուհանները ու մարդկանց սրտերը, իր հուժկու ժանիքներով խժռում է բոլոր շենքերն ու ցանկապատները, իր անիրավ շնչով պատռում երեխաների ականջաթաղանթներն ու լիիրավ ապրելու հույսերը, այդ վնգստոցից գժվում էին մարդիկ և նույնիսկ անասունները…նույնիսկ իմ կատուն էր զգում պատերազմի գալուստը. Նա ուղղակի անէանում էր ):

Արագ հագնվեցինք. Մայրս նախօրոք բոլորիս հագուստները դրել էր բազմոցի թիակի վրա. Էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարելու տարբերակը գտել էինք. քնում էինք բացվող բազմոցին, բոլորս իրար հետ ու ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊԻ դեպքում կարողանում էինք արագ մոբիլիզացվել ու վայրկյան անգամ չկորցնել իրար ձայն տալու համար: (Ինձ թվում է՝ ես շտապողականությունս ձեռք եմ բերել այդ տարիներին, քանի որ մեկ վայրկյանն անգամ շատ թանկ կարող էր անդրադառնալ բոլորիս վրա): Երեք րոպե ու բոլորս արդեն պատրաստ էինք: Մայրս արագ վերցրեց նախորդ երեկոյան պատրաստած օրվա ուտելիքի մնացորդը, հաց ու ջրով լցված շշերը ու աստիճաններից պարզապես սահելով իջանք մեր՝ արդեն հարազատ դարձած մշտական հավաքատեղին՝ խոնավ և մութ ապաստարան:

«Այս անգամ էլ Տիգրանն ինձնից արագ իջավ աստիճաններով: Բայց ես հաջորդ անգամ ավելի արագ կիջնեմ…», – հիմարի պես մտածեցի ինքս ինձ և եղբորս հետ տեղավորվեցի անդուր նստարանների վրա:

Հարևանները՝ կիսաքնած, տնային հագուստներով, արդեն տեղավորվել էին մի մասը նստարանների վրա, մյուս մասը գետնին: Տղամարդկանց մի մասն էլ միշտ ապաստարանից բարձրացող աստիճանների բերանին էր հավաքվում, ծխում ու քննարկում ծավալում ապագայի տեսլականի շուրջ:

-Մաաաաաա՜մ, – մլավեցի ես:

-Հա´, ցավդ տանեմ, – պատասխանեց մայրս՝ հայացքը հառած աղոտ ու անհայտ մի կետի, միաժամանակ փորձելով ձեռքերի մեջ օրորելով քնեցնել նորածին եղբորս…

-Ե՞րբ ենք գնալու տուն:

-Հեսա, – անտարբեր ստեց նա:

Ես ու եղբայրս նայեցինք իրար, հետո մեզնից մեծ երեխաներին, ովքեր կարտ էին խաղում, հետո մորս ու լայն ժպիտով դիմավորեցինք հորս, ով եկավ և իր գիրկն առավ մեզ. մենք այլևս ապահով ու երջանիկ էինք:

Եվ կրկին. Պատերազմը ոռնաց… այս սրիկային սկսեցին ձայնակցել ապաստարանի բնակիչները, սակայն պատերազմին հասնել չէր լինի. նրա ձայնին անկարելի էր գերազանցել: Մայրս գոռաց.

-Փակե´ք ականջներդ, – մտածելով, թե դրանով հնարավոր է խլացնել ռմբակոծությունների ձայնը…

Նրա գոռոցից արթնացավ փոքր եղբայրս ու սկսեց բարձր լացել: Նրա լացից արթնացան այլ երեխաներ ու նրանք էլ սկսեցին լացել, ծերերը սկսեցին բողոքել. Այ քեզ օրեր, ասում եմ ես հիմա. Իսկ այն ժամանակ մտածում էի իմ կատվի մասին, որը կրկին կորել էր. Ասում էի չէ՝ նա պատերազմի հոտն առնում էր մեզնից շուտ: «Միայն թե նրան բան եղած չլինի …»:

Ոմանք լացում էին, ոմանք սարսափազդու հայացքով այս ու այն կողմ նայում: Տղամարդիկ ինչպես միշտ վերևում ծխում էին: Բայց ընդհանուր առմամբ շենքի բնակիչներին մտերմացրել էր պատերազմը: Մեր համախմբությանը, սակայն, խանգարում էր մի ընտանիք. Նրա անդամները շատ չէին շփվում մեզ հետ, ավելի շատ ներփակված էին իրար մեջ ու անընդհատ պլաններ էին մշակում, բայց ոչ մեկ չէր հասկանում, թե ինչ են այդքան քննարկում ռմբակոծության ընթացքում: Հատկապես ակտիվ էր ընտանիքի մայրը, ով անընդհատ փնովում էր ամուսնուն.

-Հի՞բ ըք մուք պրծնելու էս ամեն հինչան… ես ալ կարում չըմ ստի…

Թե ինչից պետք է պրծնեին ու երբ, դա ապաստարանի բնակիչներին հայտնի չէր ու այլևս պետք էլ չէր քննարկել, քանի որ ռադիոյով լսվեց՝ «Օդային տագնապի ավարտ»:

Լսվեցին ծափահարություններ ու մոռանալով, որ ժամերով իրար հետ շփվում էին, բոլորը իրար հրմշտելով դուրս եկան ապաստարանից ու բարձրացան առաջին հարկ ու թափվեցին բակ, որպեսզի գոնե մի փոքր թթվածին շնչեն: Թթվածի՜ն… թթվածնի փոխարեն մենք շնչում էինք հեղձուցիչ օդ. դա ածխացած վառոդի հոտն էր, դա ասկոլկաների հոտն էր, որ շենքի պատերն այլանդակել էր, դա մարդկանց շիկացած արյան ու սպիրտի հոտն էր. Դա պատերազմի հոտն էր…

Բացի այդ հոտից, իմ մանկական հիշողության մեջ մնացել է նաև այն տարօրինակ լռությունը, որին ուկնընդիր էի լինում ոռնոցներից հետո: Որքա՜ն հաճելի ու ջերմ էր այդ տարօրինակ լռությունը: Երբ դեռ ականջներդ խլացած են, ու լսում ես ռմբակոծության ձայները, անտանելի օդային տագնապի սուլոցը, որ լսվում էր ողջ քաղաքով մեկ ու միաժամանակ այդ տարօրինակ լռությունը: Զգուշորեն քայլեցի մի փոքր այդ լռության մեջ, մտա մեր բակի այգին, երկար ընձյուղներով, երկար թերթիկներով դեղին ծաղիկները ջրեցի, պոկեցի երկու գլխիկ ու այդ երկար թերթիկներից սկսեցի երկար եղունգներ դնել մատներիս վրա: Վահագը՝ եղբայրս, իր հասակակիցների հետ ֆուտբոլ էր խաղում, մինչև լսեցինք մորս ձայնը.

– Տա´թև, Վահա´գ, խաղալու ժամանակը չի, եկե´ք տուն:

– Իսկ ե՞րբ է խաղալու ժամանակը գալու:

Էլ չէր գալու: Մենք հո լավ գիտեինք, որ էլ պետք չէր հուսալ, որ վաղը տագնապ չէր լինելու, քանի որ մեր ամեն օրը վտանգված էր: Մենք առանց հավատալու սպասում էինք ռադիոյի ու հեռուսատատեսության լուրերին, որոնց ընթացքում գուցե հայտարարեն, որ պատերազմն ավարտված է: Դուք կարող եք ապրել:

Տուն մտնելուց մի կես ժամ անց հայտնվեց իմ ուրախությունը՝ իմ կատուն ու նստեց գիրկս, որ շոյեմ նրա կեղտի ու փոշու մեջ կորած մորթին:

-Ուրեմն հաստատ չեն ռմբակոծի էսօր, – կատակեց հայրս, – կարող ենք հանգիստ քնել:

Լինում էին օրեր նաև առանց ռմբակոծության: Դա երջանկություն էր: Այո´, պատկերացնո՞ւմ եք, երեխաների համար երջանկություն էր, երբ հակառակորդը չէր ռմբակոծում քաղաքդ:

Պատերազմը՝ պատերազմը, բայց փորձում էինք նաև շաբաթ-կիրակի օրերին այցելել տատիկ-պապիկին, ովքեր ապրում էին գյուղում: Նրանք անընդհատ հորդորում էին մեզ, որ նրանց մոտ տեղափոխվենք: Սակայն այպես էլ չհասկացա, թե ինչու չէինք տեղափոխվում և անընդհատ մեզ վտանգի ենթարկում քաղաքից գյուղ գնալիս: Քաղաքից գյուղ տանող ճանապարհը բավականին վտանգավոր էր, քանի որ թշնամին հարակից բլրի վրա ուներ կետ և անընդհատ հսկողության տակ էր պահում այդ ճանապարհի ողջ անցուդարձը: Հիմնականում հայրս մինչև մեր գյուղ գնալը հետաքրքրվում էր սահմանում տիրող վիճակից: Հերթական շաբաթ-կիրակին էր ու մենք պատրաստվում էինք գյուղ գնալ: Նստեցինք մեքենան, ճանապարհին վերցրեցինք հորաքրոջս ու արագ սլացանք դեպի գյուղ: Քաղաքի թունելից դուրս եկանք ու… Դեպի գյուղ տանող ճանապարհի աջ երկայնքով կույտ-կույտ սարիկներ էին «գոյացել»: Դա, ինչպես հետո պարզվեց, ՊՆ-ի հատուկ հրամանով էին փակել, որպեսզի հակառակորդի գնդակից քաղաքացիները չտուժեին: Հայրս, մայրս ու հորաքույրս քննարկում էին սարիկների ի հայտ գալու նպատակը, իսկ ես ու եղբայրս համեմատում էինք, թե որ մի սարիկը մյուսից որքան է բարձր կամ ցածր ու մտքում դրանք հավասարեցնում:

Հանդարտ հանգստյան օրեր անցկացրեցինք գյուղում: Գյուղական տները, ծառի վրա մագլցելն ու թութ ուտելը.. մաքուր օդը…այդ ամենը մեզ իրոք հարկավոր էր քաղաքի դժոխային կյանքից վերանալու համար: Մենք իրականում երևի այդքանը չէինք գիտակցում, մեզ համար պարզապես հաճելի էր գյուղում, քանի որ չկար օդային տագնապի ձայնը, չկային հիստերիկ ճվճվոցները, չկային «չի կարելի գնալ բակ» արտահայտությունները.. մի խոսքով, կարող էինք ապրել այդ երկու օրը:

Ծնողներս՝ ներառյալ հորաքույրս, աշխատում էին ու կիրակի երեկոյան պետք է հետ գայինք քաղաք: Ամեն ինչ պատրաստ էր. Տատիկս մեզ համար պատրաստել էր տնական ձվեր, կաթ մածուն, թթվասեր, կաթնաշոռ, լիքը կանաչի, կարտոֆիլ ու էլի տարբեր տեսակի բանջարեղեն ողջ շաբաթվա համար: Ես ու եղբայրս վազեցինք ու մեր տան ներքևի աղբյուրից՝ «քյարիզից» լցրեցինք երկու շիշ անմահական աղբյուրի ջուր ու նստեցինք մեքենան: Տատիկս մեր հետևից ջուր լցրեց, որպեսզի անփորձանք հասնենք տուն: «Միամիտ», – մտածում եմ հիմա ես:

Գյուղից քաղաք վերադառնալիս ավելի զգույշ սկսեց վարել հայրս՝ անընհատ նայելով արդեն իրենից ձախ հատվածին: Չանցավ մեկ րոպե ու լսվեցին կրակոցներ… Հակառակորդը նկատել էր մեր մեքենան և նշան էր բռնել… Մայրս ամուր գրկեց մեր մի քանի ամսեկան եղբորը, հորքուրս՝ մեզ, հայրս էլ ղեկը՝ փորձելով իրեն հանգիստ պահել, սակայն նրա դեմքի ջղային շարժումները մատնում էին նրա սրտի գերարարգ աշխատանքն ու տագնապի զգացումը: Իր ողջ ընտանիքը կարող էր մահվան բերանն ընկնել, եթե մի վայրկյան անգամ վարաներ: Պետք էր հնարավորին չափ արագ անցնել այդ հատվածը՝ միաժամանակ զգուշանալով, որպեսզի վթարի էլ չենթարկվենք:

Փառք Աստծո, մեզ ոչինչ չպատահեց, միայն մեքենան մի փոքր վնասվեց: Տատիկիս շփած ջուրն իր գործը արեց, փաստորեն, որ մենք անփորձանք տեղ հասանք…

Երբ քաղաք մտանք, արդեն իրիկնադեմ էր, քաղաքը երբեք այդքան գորշ չէր եղել, կրկին փոշի ու ամպ էր քաղաքի գլխավերևում, կրկին ես շնչեցի պատերազմի հոտը: Կրկին կատուս անհետացել էր: Կրկին գիշերը չէինք քնելու: Այդ տրամադրությամբ էլ անկողին մտանք…

Չգիտեմ, արդյոք հնարավոր է 6-7 տարեկան երեխան ընկալել պատերազմի ողջ էությունն ու սարսափը, բայց այսօրվա պես հիշում եմ, որ այդ կատաղի օրերին ես այնքան մեծ էի այդ փոքր ժամանակ, որ մայրս ավելի շատ էր հուզվում, ես էի նրան փորձում հանգստացնել, գնում, շոյում էի նրան, ես այնքան մեծ էր այն փոքր ժամանակ, որ …. Շատ վատ էր, որ ես այդքան մեծ էի այն փոքր ժամանակ:

Հերթական տագնապալի օրեր, նույնպիսի զգացողություններ: Այդ ժամանակ, չնայած փոքր տարիքցդ, ականտես էիր լինում մարդկանց տարբեր տեսակի վարքի ու այդ ժամանակ էլ սկսվում էր ձևավորվել մարդկանց լավ ու վատ լինելու քո պատկերացումները: Կային մարդիկ, ովքեր պնդում էին, որ մինչև վերջ պետք է մնան ու պայքարեն իրենց քաղաքի համար, օգնեն՝ ինչով հնարավոր էր: Դրանց թվում էր հայրս: Մայրս երևի ավելի շատ էր մտածում իր երեխաների մասին ու հեչ դեմ չէր լինի, որ մենք բոլորս տեղափոխվեինք Երևան: Բայց քանի որ տան տղամարդն իր խոսքն արդեն ասել էր, ուրեմն մենք պետք է մնայինք ռմբակոծվող քաղաքում ու փրկվեինք: Իսկ եթե պետք է քաղաքը մեռներ, ապա մենք բոլորս պետք է մեռնեինք: Կար նման փիլիսոփայություն հորս մոտ: Տեսնես, հիմա՞ էլ է նույն կերպ մտածում:

Կար մարդկանց մեկ այլ տիպ. Ես կխուսափեմ հորս նման նրանց վախկոտ անվանել: Առանց տագնապի երեկոներից մեկի ժամանակ, երբ բոլորս կրկին թափվել էինք բակում՝ թե ծեր ու մանուկ, թե կին ու տղամարդ, մի բեռնատար ավտոմեքենա եկավ և  կանգնեց մեր շենքի մուտքի մոտ: Բնականաբար բոլորի ուշադրությունը դեպի այդ բեռնատարն էր: Փոքր անց շենքի մուտքից իրենց իրերով դուրս եկան այն մի ընտանիքի անդամները, ովքեր այդպես էլ չէին շփվում մեզ հետ ու անընդհատ պլաններ էին մշակում, որոնց մասին մենք մինչև այդ բեռնատարի հայտնվելը չիմացանք:

-Ժողովո´ւրդ, մինակ էս ա փրկությունը, քանի կարում ըք, տուք ալ քոչեք, թե չէ թորքերի ծեքըն ըք ընգնելու մի օր:

-Մինա, մի ամսան հետ ըք կյալու, Արկադյա´, – դրան ի պատասխան ասաց հայրս ու մտքում շարունակեց նրան խրատներ տալ՝ արդեն հայհոյելով:

Կային նաև երրորդ կատեգորիայի մարդիկ, ովքեր ոչ միայն մնում էին քաղաքում, կռվում քաղաքի համար, այլև թալանում էին ասենք Զանգելանի ու Ղոբատլուի բնակիչների ունեցվածքը և բերում լցնում իրենց տուն: Մեր տանը հաճախ էինք լսում այդ խոսակցությունները:

Ես այնքան գոհ եմ, որ մեծացել եմ կուշտ և ոչ երկրամոլ ընտանիքում: Ծնողներիս մտքով ոչ միայն չէր անցնում օգտվել այդ ենթադրյալ բարիքից, այլև միշտ հորդորում էին, որ նման բան չանեն հարևանները: Չնայած լսող մեծ հաշվով չեղավ:

Պատերազմի հոտից մարդիկ դարձել էին դաժան: Հայերն էլ էին թալանում, հայերն էլ էին սպանում: Հորաքրոջս հարևանը, իր հերթական թալանից  (այո, թալան, թալանի տարիներ, քանի որ հենց այդ բառերն էին պաշտոնապես շրջանառվում քաղաքում) ժամանելուց աքլորի պես թպրտում էր, թե ինչպես սպանեց թուրք մի երեխայի, որին ծնողները թողել էին սեղանի տակ մի կտոր հացի ու ջրի հետ: Սպանեց ու թալանեց այդ լքված տան եղած չեղածը՝ «թորքի մեբելը», ինչպես կասեին այդ ժամանակ: Այդ երեխան համարյա իմ տարիքին էր` 7-8 տարեկան, մտավոր հետամնաց՝ ինչպես կասեր Վաղո ձյաձյան… Ես այդ Վաղո ձյաձյայի հետ չէի շփվում այդ պատմությունից հետո:

Մի քանի տարի ընդհատումներից հետո վերջապես իմ կատուն վերադարձավ տուն ու այլևս չհեռացավ: Դա նշան էր, որ պատերազմը հասել էր իր ավարտին: Շուտով կնքվեց զինադադարը: Կապանը ցնծության մեջ էր: Պատկերացնում էինք, թե ինչ անսահման երջանկության ալիք է տիրում հենց բուն Ղարաբաղում: Կարելի էր այսուհետ լինել մանուկ և փորձել լրացնել խաղերի ու չդիտած մուլտերի քանակը, ինչն էլ արվում է կամ ավելի ճիշտ չի արվում մինչև հիմա:

Մի խոսքով, իրականում, ես չեմ բողոքում իմ մանկությունից, պարզապես դեմքիս միշտ հեգնական տխուր ժպիտ է առաջանում,  երբ տարբեր մարդիկ բողոքում են իրենց մանկությունից միայն այն պատճառով, որ լույս չեն ունեցել ու որ մութ ու ցուրտ տարիներին են մեծացել: Նրանք տեսել են մութ ու ցուրտ տարիներ և ընդամենը մութ ու ցուրտ տարիներ: Ասում են՝ դաժան մանկություն էր… ոչ, սիրելիներս, այդ ձեր մանկությունը չէր դաժան, այլ այն մարդկանց, ովքեր բակում գնդակ խաղալու փոխարեն իրենց պստիկ թաթիկներով ականջները փակում էին խոնավ ու խավարասերներով լեցուն ապաստարաններում, որպեսզի չլսեն պատերազմի ոռնոցը…

Դաժան էր այն մարդկանց մանկությունը, ովքեր առավոտյան մոր ահագնացող դեմքի արտահայտությունն էին տեսնում՝ կիսաձայն աղոթքով ու արդեն գիտեին, որ այդ օրն էլ դասերը կիսատ են մնալու…

Դաժան էր այն երեխաների մանկությունը, ովքեր դպրոցում դաս պատասխանելիս էին լինում և շնչակտուր ներս էր մտնում ուսմասվարն ու հորդորում «խուճապի չմատնվել» և արագ իջնել դպրոցի ապաստարանը: Ախր ինչպե՜ս կարելի էր խուճապի մատնված ուսմասվարի հորդորից խուճապի չմատնվել…

Երբ սովորական բակ դուրս գալը վտանգավոր էր, երբ մեկ րոպե ամուսնու ուշացումն արդեն տագնապ էր, երբ ռադիոյով հերթական լուրը հերթական նոր հարձակման մասին էր, երբ.. երբ դու.. երբ քո ուղեղը միշտ ծանրաբեռնված է, անգամ երեխաների մոտ, երբ երեխան ժամանակ կամ ավելի ճիշտ հնարավորություն չունի մանուկ լինելու, ժամանակ չունի բարի մուլտեր դիտելու, կյանքը վարդագույն տեսնելու և դրանից լիակատար զգալու ու երեխա լինելու համար:

Շատերն են լսել կամ կարդացել պատերազմի մասին, շատերն են ամպագոռգոռ արտահայտություններով հեռուստատեսությամբ խոսել ու խոսում պատերազմի մասին, բայց այդ շատերը չեն կարող ունենալ նույն պատկերացումները,  քանի որ նրանք չեն զգացել պատերազմի հոտը:

Միշտ զգացեք խաղաղության հոտը:

http://tatevos.wordpress.com/

Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Տաթևիկ Հովհաննիսյան – Պատերազմի հոտը
Գիտելիքների ԹԵՍՏ. Ո՞ւմ կհաջողվի հավաքել ամենաշատ միավորները