Շատերը նախընտրում են հանդիպել իրենց հասակակիցների հետ, սակայն քիչ չեն նաև այն զույգերը, որոնց միջև տարիքային զգալի տարբերություն կա: Չնայած սրան՝ մինչ օրս քիչ են եղել համակարգված հոգեբանական հետազոտությունները, որոնք կպարզեին, թե իրականում տարիքային ո՞ր տարբերությունն է համարվում նախընտրելի ռոմանտիկ հարաբերություններում:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Այս հարցին պատասխանելու նպատակով վերջերս Personal Relationships ամսագրում հրապարակվել է մի ուսումնասիրություն, որն անդրադարձել է նոր ռոմանտիկ հարաբերությունների սկզբում տղամարդկանց և կանանց նախասիրություններին (Գոտֆրիդ և գործընկերներ, 2024): Հետազոտական խումբը՝ Յարոսլավ Գոտֆրիդի գլխավորությամբ, վերլուծել է եվրոպական 28 երկրից և Իսրայելից հավաքագրված 35,996 զույգի տվյալներ:
Տարիքային ի՞նչ տարբերություն են նախընտրում տղամարդիկ
Գիտնականների իրականացրած վիճակագրական վերլուծությունները ցույց են տվել, որ նոր հարաբերություններ սկսելիս նախընտրելի տարիքային տարբերությունը կախված է սեռից և զուգընկերների ընթացիկ տարիքից: 25 տարեկանում տղամարդը սովորաբար ընտրում է իրենից 3 տարով փոքր կնոջ (մոտ 22 տարեկան): Մինչդեռ 25-ամյա կինը, որպես կանոն, նախընտրում է իրենից 3 տարով մեծ զուգընկերոջ (մոտ 28 տարեկան):
Վիճակագրական մոդելը վեր հանեց մի օրինաչափություն. որքան մեծանում է տղամարդը, այնքան ավելի մեծ տարիքային տարբերություն է նախընտրում նոր հարաբերություններ սկսելիս: Մասնավորապես, տղամարդու տարիքի յուրաքանչյուր 5 տարվա աճին զուգահեռ՝ նախընտրելի տարիքային տարբերությունը մեծանում է մոտ 1 տարով: Սա նշանակում է, որ նոր հարաբերությունների սկզբում տղամարդու նախընտրած միջին տարիքային պատկերը մոտավորապես հետևյալն է.
- Սեփական տարիքը՝ 25 տարեկան. Զուգընկերոջ տարիքը՝ 22 տարեկան (տարբերությունը՝ 3 տարի)
- Սեփական տարիքը՝ 30 տարեկան. Զուգընկերոջ տարիքը՝ 26 տարեկան (տարբերությունը՝ 4 տարի)
- Սեփական տարիքը՝ 40 տարեկան. Զուգընկերոջ տարիքը՝ 34 տարեկան (տարբերությունը՝ 6 տարի)
- Սեփական տարիքը՝ 50 տարեկան. Զուգընկերոջ տարիքը՝ 42 տարեկան (տարբերությունը՝ 8 տարի)
- Սեփական տարիքը՝ 60 տարեկան. Զուգընկերոջ տարիքը՝ 50 տարեկան (տարբերությունը՝ 10 տարի)
- Սեփական տարիքը՝ 70 տարեկան. Զուգընկերոջ տարիքը՝ 58 տարեկան (տարբերությունը՝ 12 տարի)
- Սեփական տարիքը՝ 80 տարեկան. Զուգընկերոջ տարիքը՝ 66 տարեկան (տարբերությունը՝ 14 տարի)

Կարդացեք նաև՝ Համաձայն հետազոտության, ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ նշել են զուգընկերների տարիքային իդեալական տարբերությունը
Տարիքային ի՞նչ տարբերություն են նախընտրում կանայք
Կանանց պարագայում նկատվում է նմանատիպ, սակայն ավելի թույլ արտահայտված միտում, հատկապես 25 տարեկանից հետո: Միջին հաշվով, կնոջ տարիքի յուրաքանչյուր 10 տարվա աճի դեպքում նախընտրելի տարիքային տարբերությունն ավելանում է ընդամենը մոտ 1 տարով: Այսպիսով, կանանց նախընտրությունները նոր հարաբերությունների սկզբում ունեն հետևյալ պատկերը.
- Սեփական տարիքը՝ 25 տարեկան. Զուգընկերոջ տարիքը՝ 28 տարեկան (տարբերությունը՝ -3 տարի)
- Սեփական տարիքը՝ 30 տարեկան. Զուգընկերոջ տարիքը՝ 32.5 տարեկան (տարբերությունը՝ -2.5 տարի)
- Սեփական տարիքը՝ 40 տարեկան. Զուգընկերոջ տարիքը՝ 41.5 տարեկան (տարբերությունը՝ -1.5 տարի)
- Սեփական տարիքը՝ 50 տարեկան. Զուգընկերոջ տարիքը՝ 50.5 տարեկան (տարբերությունը՝ -0.5 տարի)
- Սեփական տարիքը՝ 60 տարեկան. Զուգընկերոջ տարիքը՝ 59.5 տարեկան (տարբերությունը՝ 0.5 տարի)
- Սեփական տարիքը՝ 70 տարեկան. Զուգընկերոջ տարիքը՝ 68.5 տարեկան (տարբերությունը՝ 1.5 տարի)
- Սեփական տարիքը՝ 80 տարեկան. Զուգընկերոջ տարիքը՝ 77.5 տարեկան (տարբերությունը՝ 2.5 տարի)
Ստացվում է, որ կանայք երիտասարդ տարիքում նախընտրում են փոքր-ինչ ավելի մեծ զուգընկերոջ, սակայն տարիքի հետ նրանց նախապատվությունը փոխվում է հօգուտ հասակակիցների: Իսկ արդեն 60 տարեկանից հետո նրանք հակված են ընտրելու առնվազն մի փոքր ավելի երիտասարդ զուգընկերների:
Եզրակացություն
Որքան մեծանում են մարդիկ, այնքան ավելի են հակված նոր հարաբերություններ սկսել իրենցից երիտասարդ զուգընկերոջ հետ: Այս օրինաչափությունը գործում է երկու սեռերի համար էլ, սակայն վիճակագրական տվյալները փաստում են, որ տղամարդկանց մոտ այս միտումը շատ ավելի ուժեղ է արտահայտված, քան կանանց մոտ:








