fbpx

Ինչո՞ւ են սոցցանցերը երեխաներին դժբախտ դարձնում. հոգեբանի պարզաբանումը

Երբեմն հետևանքները կարող են իսկապես ողբալի լինել․․․

Երբեմն հետևանքներն իսկապես ծանր են լինում։ Ժամանակակից աշխարհում սոցիալական ցանցերը, հատկապես TikTok-ն ու Snapchat-ը, դարձել են երեխաների և դեռահասների կյանքի անբաժանելի մասը։ Նրանք այս հարթակներն օգտագործում են շփվելու, ինքնարտահայտվելու և տեղեկություններ ստանալու համար։ Ըստ հետազոտությունների՝ 13-17 տարեկան դեռահասների կեսից ավելին ամեն օր օգտվում է սոցցանցերից, իսկ 45%-ը խոստովանում է, որ «գրեթե անընդհատ» ցանցում է։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Սոցցանցերը երեխաների համար դարձել են երկրորդ, բայց ոչ միշտ անվտանգ իրականություն։ Հոգեբան Քսենիա Կուկլինայի օգնությամբ և հիմնվելով հետազոտությունների տվյալների վրա՝ եկեք պարզենք, թե ինչու այս հարթակները կարող են դժբախտացնել երեխաներին։

«Իսկ ինչո՞ւ ես այսպիսին չեմ». անվերջ համեմատվելու թակարդը

«Սոցիալական համեմատության» ֆենոմենը, որը հոգեբան Լեոն Ֆեստինգերը նկարագրել է դեռ 1954 թվականին, սոցցանցերի դարաշրջանում հասել է աղետալի չափերի։ Այսօր սոցցանցերն ուրիշի հաջողությունների մի ցուցափեղկ են՝ կատարյալ լուսանկարներ, շքեղ ճամփորդություններ, աղմկոտ երեկույթներ։ Այս ամենին նայելով՝ դեռահասը մտածում է. «Իմ կյանքը ձանձրալի է ու անհետաքրքիր, ես ձախողակ եմ»։

2018 թվականի մի փորձարկման ժամանակ դեռահասների երկու խմբեր մեկ ժամ են անցկացրել սոցցանցերում։ Մի խումբը դիտել է ընկերների գրառումները, մյուսը՝ չեզոք բովանդակություն։ Առաջին խմբի մասնակիցների մոտ տագնապայնության մակարդակն աճել է 30%-ով՝ միայն ուրիշների հետ իրենց համեմատելու հետևանքով։

Ի՞նչ անել

Բացատրեք երեխային, որ սոցցանցերը կյանքի «ցուցադրական», իդեալականացված տարբերակն են։ Ոչ ոք չի հրապարակում ծնողների հետ վեճերը, դպրոցական ձախողումները կամ իրական խնդիրները։ Նրա հետ միասին փորձ կատարեք. թող նա սովորական սելֆի անի, հետո մշակի ֆիլտրերով։ Քննարկե՛ք իրականության և «կատարյալ» կերպարի տարբերությունը։

Կիբերբուլինգ. անտեսանելի վերքեր

Նյարդակենսաբաններն ապացուցել են, որ հավանումներ (լայքեր) ստանալն ուղեղում ակտիվացնում է հաճույքի նույն կենտրոնները, ինչ քաղցրավենիքը կամ մոլախաղերը։ Դեռահասների վրա այս ազդեցությունն առավել ուժեղ է՝ թերզարգացած ինքնատիրապետման (նախաճակատային կեղևը լիովին ձևավորվում է մինչև 25 տարեկան) և սոցիալական հավանության նկատմամբ գերզգայունության պատճառով։

Ցանցային վիրավորանքներն ավելի ցավոտ են, քան իրական կյանքում, քանի որ հալածանքը դպրոցի պատերով չի սահմանափակվում. այն շարունակվում է 24/7 ռեժիմով, իսկ անանունությունն ագրեսորներին լիակատար ազատություն է տալիս։

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի (2023)՝ Ռուսաստանում յուրաքանչյուր երրորդ դեռահաս առնվազն մեկ անգամ բախվել է կիբերբուլինգի, իսկ յուրաքանչյուր հինգերորդը՝ թաքցրել է դա ծնողներից՝ ամոթի զգացումից դրդված։

Ինչպե՞ս պաշտպանել երեխային

Սովորեցրեք անմիջապես արգելափակել ագրեսորներին։ Վստահեցրեք նրան. «Եթե քեզ վիրավորում են, դա քո մեղքը չէ։ Եկ միասին լուծում գտնենք»։

Հավանումների կախվածություն. երբ լայքը նույնանում է սիրո հետ

Դեռահասի ուղեղը յուրաքանչյուր հավանումից ողողվում է դոֆամինով։ Սա նույն կախվածությունն է, որն առաջանում է խաղամոլների կամ թմրամիջոցներ օգտագործողների մոտ։ Ըստ հետազոտությունների՝ այն դեռահասների շրջանում, ովքեր օրական 3 ժամից ավելի են անցկացնում սոցցանցերում, դեպրեսիայի զարգացման ռիսկը 45%-ով բարձր է։

Ինչպե՞ս նվազեցնել ռիսկերը

Պայմանավորվեք «թվային դետոքսի» ժամերի մասին (օրինակ՝ ընթրիքի սեղանի շուրջ հեռախոսներ չեն լինում)։ Օգնեք երեխային գտնել իրական, ոչ վիրտուալ զբաղմունքներ՝ սպորտ, նկարչություն, երաժշտություն։ Սա հիանալի միջոց է՝ երեխայի ուշադրությունն ավելի արդյունավետ գործունեությանն ուղղորդելու համար։

Կարդացեք նաև՝ Ինչպես նվազեցնել երեխայի կախվածությունը գաջեթներից

Աղավաղված իրականություն. «Ես պարտավոր եմ կատարյալ լինել»

Ֆիլտրեր, իդեալականացված մարմիններ, շքեղ կյանք. այս ամենը ստեղծում է անհասանելի չափանիշներ, որոնք հատկապես աղջիկների մոտ կարող են առաջացնել թերարժեքության բարդույթ։

Հոգեբանության մեջ նույնիսկ նոր տերմին է հայտնվել՝ «Snapchat dysmorphia», որը նկարագրում է մարդկանց ձգտումը՝ իրական կյանքում նմանվելու իրենց իսկ ֆիլտրված, վիրտուալ կերպարին։ Ամենախոցելի խումբը 12-16 տարեկան աղջիկներն են. նրանց 60%-ն իր արտաքինը համեմատում է բլոգերների հետ, 30%-ը տագնապ է զգում «իդեալին» չհամապատասխանելու համար, իսկ 15%-ը պատրաստ է անգամ ծայրահեղ քայլերի (խիստ դիետաներ, վիրահատություններ)։

Ի՞նչ անել

Ցույց տվեք տեսանյութեր, որոնք բացահայտում են, թե ինչպես են ստեղծվում «կատարյալ» լուսանկարներն ու տեսանյութերը։ Ներշնչեք երեխային. «Դու արժեքավոր ես ոչ թե հավանումներիդ քանակով, այլ պարզապես այն բանի համար, որ դու կաս»։

Վտանգավոր բովանդակություն և ալգորիթմների թակարդը

Սոցցանցերի ալգորիթմները հաճախ առաջ են մղում ցնցող կամ բացասական բովանդակություն (բռնություն, դեպրեսիվ տեսանյութեր), քանի որ դրանք ավելի շատ արձագանք են առաջացնում։ Ցնցող բովանդակությունը տարածվում է 6 անգամ ավելի արագ, քան դրականը, սակայն ալգորիթմները հաշվի չեն առնում օգտատիրոջ տարիքը։ Երեխայի հոգեկանը դեռ պատրաստ չէ զտել այդ տեղեկատվական հոսքը։

Ի՞նչ անել

Ակտիվացրեք «ծնողական վերահսկողության» գործառույթները։ Երեխայի հետ բաց խոսեք և պայմանավորվեք. «Եթե համացանցում որևէ բան քեզ վախեցնում կամ անհանգստացնում է, անմիջապես փակիր այն և պատմիր ինձ»։

Հիշե՛ք, սոցցանցերի լիակատար արգելքը հաճախ հակառակ արդյունքն է տալիս։ Շատ ավելի արդյունավետ է երեխային սովորեցնել թվային աշխարհից օգտվել գիտակցաբար և քննադատաբար։ Սոցցանցերն ընդամենը գործիք են, և միայն մեզնից է կախված՝ դրանք թույն կդառնան, թե՞ օգնական։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչո՞ւ են սոցցանցերը երեխաներին դժբախտ դարձնում. հոգեբանի պարզաբանումը
Ուժեղ անհատականության 7 նշան