fbpx

Սիրո փուլերը, և հորմոններ, որոնք ամուսնանալու ցանկություն են առաջացնում

Յուրաքանչյուր սիրային հարաբերության ընթացքում բոլորիս մտքով, կարծում եմ, անցնում են հետևյալ մտքերը՝ «ինչո՞ւ են թիթեռնիկներ թևածում որովայնում», «ինչո՞ւ է կարոտի զգացումը կանգնում կոկորդին», «ինչո՞ւ 3 ամիս առաջ սիրուց խելագարվում էի, այսօր արդեն սեղանի շուրջ ուտելիս նրա ճպճպոցն եմ նկատում», «իսկ ինչո՞ւ եմ ձանձրանում նրա հետ հիմա, եթե կարող էի երդվել, որ սիրում եմ մեկ տարի առաջ»: Այս ամենը առեղծված չէ: Ըստ կենսաքիմիկոս Ա. Պեսկովայի հետազոտությունների՝ կարելի է դուրս բերել սիրային ամեն մի փուլի հորմոնալ բանաձևն ու վերահսկողության տակ վերցնել այն:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Բայց նախ ծանոթանանք կարևոր մի շարք հորմոնների հետ: Ընդունենք, որ դրանցից յուրաքանչյուրն առավելագույնը կարող է 6 բալ գնահատվել:

Ֆենիլէթիլամին՝ սիրահարվածության հորմոն, որից թիթեռներ են առաջանում որովայնում, ոչ թե քայլում, այլ սավառնում ենք փողոցում և կորցնում հավասարակշռված մտածելու ունակությունը:

Դոպամին՝ նպատակասլացության հորմոն, որը մոտիվացնում է մեզ:

Ադրենալին՝ տալիս է հզոր ուժեր ցանկալիին հասնելու համար, «զրկում» է դատողականությունից, շնչակտուր է անում:

Սերոտոնին՝ ուրախության հորմոն. եթե այս հորմոնի մակարդակն իջնում է՝ մարմինը ցավի նկատմամբ առավել զգայուն է դառնում:

Օքսիտոցին՝ կապվածության հորմոն, որն արտադրվում է օրգազմի ժամանակ, անսահման երջանկության ու սիրելիի նկատմամբ վստահության զգացում է առաջացնում:

Վազոպրեսին՝ արտադրվում է սեքսի ընթացքում, պատասխանատու է էրեկցիայի ու զուգընկերների հավատարմության զգացումի համար:

Էնդորֆին՝ երջանկության հորմոն, որը թուլացնում, հանգստացնում է նյարդերը՝ մորֆինի էֆեկտ ստեղծելով:

Մելատոնին՝ պատասխանատու է քնի ու արթուն փուլերի կարգավորման համար, չափավորության զգացում է ստեղծում:

1-ին փուլ

Խելակորույս վիճակ: Դու սիրահարված ես, բայց դեռ չես խոստովանում ինքդ քեզ: Մինչդեռ օրգանիզմդ արդեն ցուցադրում է իր ողջ տաղանդը: Տեսնելով գայթակղության օբյեկտին՝ ծնկներդ ցնցվում են, մեկ դողում ես, մեկ քրտնում, մեկ թուլանում: Ախորժակդ իսպառ կորել է գրողի ծոցը՝ հալեցնելով կիլոգրամներդ: Ի՞նչ է կատարվում. սիրահարվածության հորմոնն ամենաբարձրն է՝ իր հետ որոշակիորեն բարձրացնելով նպատակասլացության հորմոնը՝ ուզածին հասնելու, և ադրենալինը՝ ուժ տալու համար: Ուրախության հորմոնն այս փուլում ավելի ցածր է, որովհետև որոշ պահերի դու քեզ դժբախտ ես զգում: Եվ այսպես, բանաձևենք առաջին փուլը. ֆենիլէթիլամին` 6 բալ, դոպամին՝ 4 բալ, ադրենալին՝ 4 բալ, սերոտոնին՝ 3 բալ:

Ի՞նչը կօգնի. սև շոկոլադը, որը կխրախուսի ֆենիլէթիլամինի ու օքսիտոցինի արտադրությունը: Շատ չնեղվելու համար կարելի է դիմել բանանին, թզին ու փափուկ պանրեղենին: Դրանք ամինաթթու տրիպտոֆան են պարունակում, որոնք սերոտոնին են ստեղծում օրգանիզմում:

2-րդ փուլ

Թռչել երկինք: Այս փուլում ամեն ինչ պարզ է. դու սիրահարված ես անբեկանելիորեն: Հիվանդագին ձգտում ես դեպի գայթակղության օբյեկտը, անընդհատ ուզում ես ինքնակամ շղթայվել նրան: Տեղդ չես գտնում, չես կարողանում կենտրոնանալ գործերի վրա: Հաղորդագրությունների ծլնգոցն ավելի շատ է հետաքրքրում, քան աշխատանքային հաշվետվությունների վերջնաժամկետը: Ի՞նչ է կատարվում. սիրահարվածության հորմոնը շատ բարձր է, դոպամինն ու ադրենալինը` նույնպես: Հենց ադրենալինն է մեզ անհանգիստ աժիոտաժի, առիթմիկ սրտխփոցների ու հուզական ջղաձգումների մեջ գցում: Իսկ, այ, սերոտոնինն անկում է ապրում՝ նվիրելով սիրային տվայտանքների ողջ գունապնակը: Բանաձևենք 2-րդ փուլը. ֆենիլէթիլամին՝ 6 բալ, դոպամին՝ 6 բալ, ադրենալին՝ 6 բալ, սերոտոնին՝ 1 բալ:

Ի՞նչը կօգնի. ցեյտնոտը պակասեցնելու համար ցանկալի է ուշադրությունը ցանկալի օբյեկտից տեղափոխել մեկ այլ՝ ոգեշնչող զբաղմունքի վրա՝ ընթերցանություն, դասական համերգ կամ գոնե ֆլիրտ: Կփրկի նաև սերոտոնինը:

3-րդ փուլ

Եկա, տեսա, տիրեցի: Մտածմունքներն ու սպասումի տառապանքները տեղը զիջում են ունենալու երջանկությանը: Իհարկե, տիրել կարելի է նաև ուղղահայաց վիճակում, բայց հորիզոնականում ավելի հարմարավետ է: Վառվռուն, խիտ սեքսն աստիճանաբար կազատի կուտակված սթրեսից ու անորոշության զգացումից, հարաբերությանը նոր երանգներ կտա: Այս ամենը երկուսիդ մեկ ամբողջություն կդարձնի: Ի՞նչ է կատարվում. բնականաբար, նվազել են դոպամինն ու օքսիտոցինը. նրանք իրենց դերը կատարել են: Սերոտոնինը բարձրանում է: Դրան ավելանում են օքսիտոցինն ու վազոպրեսինը` իրենց անսահման երջանկության ու հավատարմության էֆեկտներով: Բանաձևենք. ֆենիլէթիլամին՝ 4 բալ, դոպամին՝ 3 բալ, ադրենալին՝ 3 բալ, սերոտոնին՝ 5 բալ, օքսիտոցին՝ 6 բալ, վազոպրեսին՝ 6 բալ, էնդորֆին՝ 3 բալ, մելատոնին՝ 1 բալ:

Ի՞նչ անել. զբաղվել սեքսով՝ շատ, բազմապիսի և նրբաճաշակ: Հորմոնների խթանման կամ զսպման լրացուցիչ կոկտեյլներ պետք չեն: Պարզապես վայելեք էրեկցիա առաջացնող վազոպրեսինն ու երջանկաբեր օքսիտոցինը:

4-րդ փուլ

Բարև իրականություն: Դու ավելի հանգիստ ես վերաբերվում սիրո օբյեկտին: Սա տխրեցնող փաստ է, բայց դրական կողմեր էլ ունի: Հարաբերությունները մտերիմ են, վստահության դաշտում: Կրքերը հանդարտվել են, ու դու վերջապես ընտրյալի մեջ կարողանում ես տեսնել անձնավորություն կամ հակառակը՝ ի վիճակի ես տեսնելու, որ չկա անձնավորություն, ու կարելի է ցտեսություն ասել նրան: Ի՞նչ է կատարվում. դոպամինն ու ադրենալինը հետ են քաշվում, հետևաբար վարդագույն ակնոցը փոխարինվում է խոշորացույցով: Եթե այն, ինչ խոշորացույցով երևում է, գոհացուցիչ է քեզ համար, կտրուկ աճում է էնդորֆինը: Վերջինս խաղաղեցնում ու բարձրացնում է տրամադրությունը: Ձեր սեքսն այժմ ավելի հոգեւոր ու վեհ է, չնայած՝ դեռ կրքոտ, քանզի օքսիտոցինն ու վազոպրեսինը դեռ շատ բարձր են: Եվ այսպես, ֆենիլէթիլամին՝ 3 բալ, դոպամին՝ 3 բալ, ադրենալին՝ 3 բալ, սերոտոնին՝ 6 բալ, օքսիտոցին՝ 6 բալ, վազոպրեսին՝ 6 բալ, էնդորֆին՝ 5 բալ, մելատոնին՝ 1 բալ:

Ի՞նչ անել. որքան հնարավոր է երկար մնալ այս փուլում: Հոգեբանները պնդում են, որ ամենաամուրը հենց այս փուլի ալիքներում նավարկող զույգերն են, նրանք, ովքեր կարողանում են հումորով վերաբերվել հարաբերություններին, կյանքն ընկալում են թեթև հեգնանքով ու ավելորդ ոչինչ չեն դրամատիկացնում:

Կարդացեք նաև՝ Սիրուց մինչև ախորժակ. ինչպես են ՀՈՐՄՈՆՆԵՐՆ ազդում մեր վարքի և առողջության վրա

5-րդ փուլ

Սովորական և սպասելի: Արևի վրա սկսում են բծեր երևալ, այն այլևս չի կուրացնում: Դեռ մտերիմ եք, բայց էլ չեք գրգռվում մեկ հպումից: Բոլոր սիրային գործողությունները մեխանիկորեն են ու սովորաբար: Սեքսը կազմակերպվում ու պլանավորվում է՝ ինքնաբուխ պատահելու փոխարեն: Շնորհավորում եմ. բարի գալուստ հարաբերությունների վրա աշխատելու շրջան: Բայց ո՞վ ասաց, որ աշխատանքը չի կարող երջանկացնել: Ի՞նչ է կատարվում. ֆենիլէթիլամին՝ 1 բալ, դոպամին՝ 1 բալ, սերոտոնին՝ 6 բալ, օքսիտոցին՝ 3 բալ, վազոպրեսին՝ 3 բալ, էնդորֆին՝ 3 բալ, մելատոնին՝ 3 բալ:

Ի՞նչը կօգնի. ակնհայտորեն ադրենալին է պետք, որի արդյունքում օրգազմատիկ ու էրեկցիաստեղծ հորմոններ օքսիտոցինն ու վազոպրեսինը կաճեն: Այս դեպքում ձեր օգտին կլինեն կենցաղից դուրս կազմակերպված զբաղմունքները: Հոլանդիա՝ իր էկզոտիկ էքսպերիմենտներով, արշավ վրաններով, ծովափ՝ կիսամերկ տեսարաններով, սեքս-շոփ՝ իր զարմանահրաշ աքսեսուարներով. ընտրությունն անհատական է: Կարևորը` երկուսով անել:

6-րդ փուլ

Տխրամած ձանձրույթ: Դու քեզ բռնացնում ես այն մտքի վրա, որ դու… ձանձրանում ես, գրողը տանի: Քեզ ոչինչ չի զարմացնում, չի շարժում: Նրա սովորությունները, թուլություններն ու տարօրինակություններն էլ չեն հրճվեցնում, նույնիսկ նյարդայնացնում են: Այստեղ ընտրությունը մեծ չէ. եթե դու պատրաստ ես համակերպվել թերությունների հետ, ապա ձանձրալի, բայց հանդարտ ու հավասարաչափ հարաբերություններն ապահովված են: Իսկ եթե քեզ ավելին է պետք, քան այս ամենը, ապա ուրիշ հորմոնալ փոթորիկներ դեռ կհասցնես վայելել. պետք չէ տհաճությամբ պահպանել ձանձրույթը: Ի՞նչ է կատարվում. սերոտոնինն ու մելատոնինը նվազում են, օքսիտոցինն ու վազոպրեսինն՝ առավել ևս: Բանաձևենք. սերոտոնին՝ 3 բալ, օքսիտոցին՝ 1 բալ, վազոպրեսին՝ 1 բալ, էնդորֆին՝ 1 բալ, մելատոնին՝ 2 բալ: Հորմոնալ պատկերն ընդհանուր առմամբ խունանում է, որի արդյունքում գլուխ են բարձրացնում դյուրագրգիռությունն ու ագրեսիան: Եթե միությունն այս փուլում չի քանդվում, ապա զուգընկերները հորմոնալ պայթյուն են փնտրում ուրիշների հետ կամ կենտրոնանում կյանքի այլ ոլորտների վրա՝ միմյանց հետ ջերմ շփում պահպանելով:

Ամենագլխավորի մասին

Ամուսնանալու ցանկությունն առաջանում է դոպամինի, ֆենիլէթիլամինի և օքսիտոցինի միաժամանակյա աճի դեպքում: Դա, որպես կանոն, տեղի է ունենում ծանոթությունից 1-1,5 տարի անց: Հորմոնալ ու գիտակից արկածներ ենք մաղթում բոլորին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Սիրո փուլերը, և հորմոններ, որոնք ամուսնանալու ցանկություն են առաջացնում
Էգ հովազը սպանում է բաբուինին, բայց երբ նա գտնում է կապիկի ձագուկին, ամեն ինչ փոխվում է…