Գուցե դուք այն մարդկանցից ե՞ք, ովքեր ցանկացած պարագայում միայն սև են հագնում: Դուք չե՞ք կարող պատկերացնել այլ գույնի հագուստ: Եթե այո, ապա դրա համար լուրջ պատճառ կա: Սևը ուժի գույնն է: Երբ գործը հասնում է նորաձևությանը, դուք կհայտնաբերեք, որ սևը միակ գույնն է, որը մնում է նորաձև, միշտ և ցանկացած դարաշրջանում: Բավական է հագնեք սև հագուստ և դուք սկսում եք ազնվական, խորհրդավոր, հանելուկային, էլեգանտ ու զիլ տեսք ունենալ:
Բայց … ի՞նչ է պատմում սև հագուստի հանդեպ այդ սերը ձեր անձի մասին: Իրականում, սևի հանդեպ ձեր սերը իսկապես կարող է շատ բան պատմել ձեր մասին, և հաճախ այնպիսի բաների մասին, որոնց մասին ինքներդ նույնիսկ չգիտեք:
Մենք սիրում ենք սևը
«Կարող եք սև հագնել, երբ ցանկանաք: Դուք կարող եք սև հագնել ցանկացած տարիքում: Դուք կարող եք այն կրել գրեթե ցանկացած միջոցառման ժամանակ », – Քրիստիան Դիոր:
Սևը հագուստի մեջ շատ տարածված գույն է և միշտ եղել է այդպիսին: Բայց ի՞նչն է մեզ դրդում հագնել սև և միայն սև: Նախ սևի հանդեպ ձեր կապվածությունը կարող է իսկապես պայմանավորված լինել բնավորության յուրահատկություններով, ինչպես նաև մի քանի այլ գործոններով, ինչպիսիք են կրթությունը, սոցիալական ծագումը, տնտեսական կարգավիճակը, կյանքի փորձը և շրջապատը:
Ինչ վերաբերում է նորաձևության աշխարհին, այստեղ սևը մի գույն է, որով պարզապես հնարավոր չէ սխալվել: Կարևոր չէ՝ գործնական հանդիպման համար սև կոստյում եք հագնում, թե պաշտոնական ընդունելության համար՝ սև զգեստ, այնուամենայնիվ սևը ունիվերսալ գույն է՝ հարմարավետ տարբեր տրամադրությունների և իրավիճակների համար:
Սև գույնի հետ է ասոցացվում վստահության և խորհրդավորության որոշակի աուրան: Այն թաքցնում է այն, ինչ պետք է թաքցնել, և կլանում է այլ գույներ, որոնք փորձում են գերազանցել իրեն: Եվ, քանի որ սևը ավելորդ ուշադրություն չի գրավում իր վրա, ապա բավական է սև հագուստ կրեք՝ սկսում եք շատ արհեստավարժ և էլեգանտ տեսք ունենալ:
Սակայն շատ դեպքերում, մարդիկ, ովքեր սև հագուստ են կրում, ամենից հաճախ այն կրում են, քանի որ սիրում են, այլ ոչ թե ինչ-որ մեկի վրա տպավորություն թողնելու համար: Եվ դա նաև խոսում է այն մասին, որ նրանք գնահատում են իրենց անձնական տարածքը, բավականին գաղտնապահ են և հասարակությունից որոշակիորեն հեռու են:
Սևը պարզապես սեքսուալ է
«Կարող եք ցանկացած գույնի մեքենա պատվիրել, եթե միայն այն սև է», – Հենրի Ֆորդ
Շատերը սիրում են սևը: Բայց ինչու՞ եք ցանկանում գրեթե անընդհատ սև հագուստ կրել: Կան մարդիկ, ովքեր սև են հագնում`ավելի սլացիկ տեսք ունենալու կամ ավելի պրոֆեսիոնալ տեսք ունենալու համար: Բայց սա այն չէ, ինչի մասին մենք հիմա խոսում ենք: Շատ մարդիկ կյանքում շատ իրավիճակներում նախընտրում են հագնել սև պարզապես այն պատճառով, որ դա լավագույնս օգնում է մեզ արտահայտել մեր անհատականությունն ու ինքնության զգացումը: «Իսկ ի՞նչ ենք փորձում պատմել մեզ շրջապատող աշխարհին», – կհարցնեք դուք:
Համաձայն Մեծ Բրիտանիայում հագուստի ամենախոշոր առցանց խանութներից մեկի՝ Buytshirtsonline- ի կողմից վերջերս անցկացված հարցման, նրա հաճախորդները համարում են, որ սևը գույների լավագույն տարբերակներից մեկն է և այն կապում են այնպիսի դրական հատկությունների հետ, ինչպիսիք են.
- Գրավչություն
- Զգայականություն
- Ինքնավստահություն
- Ինտելեկտուալություն
Չնայած որոշ մարդիկ սևը ընկալում են որպես մռայլ գույն, որը քայքայման, մոխրի և մահվան մասին մտքեր է առաջացնում, հարցվածների մեծ մասը համարում է, որ սևը շատ ուժեղ գույն է: Սևազգեստ տղամարդիկ, նրանց կարծիքով, ավելի լուրջ և հուսալի տեսք ունեն: Հարցի հեղինակները եզրակացրել են, որ եթե ուզում եք լավ տպավորություն թողնել, լինի դա առաջին ժամադրության կամ աշխատանքի հարցազրույցի ժամանակ, ապա լավագույնն այն է, որ ընտրեք նորաոճ սև հագուստ:
Ինչո՞ւ:
Քանի որ սև գույնը օգնում է մեզ ավելի ինքնավստահ, ընդունակ և ավելի վստահելի տեսք ունենալ:
Ահա թե ինչ ցույց տվեցին հարցման արդյունքները, որի մասին մենք խոսեցինք քիչ վերևում.
- Հարցվածների ավելի քան 56%-ը հագուստի մեջ նախընտրում է սև գույնը՝ համարելով դա ինքնավստահության գույն:
- Տղամարդկանց մոտ 64%-ը հագուստի մեջ նախընտրում է սև գույնը, իսկ նույնը կարելի է ասել կանանց 48%-ի մասին:
Զեկույցի ամփոփագրում ասվում է հետևյալը. «Հետազոտության գրեթե բոլոր մասնակիցները կարծում են, որ սևը առաջին կամ երկրորդ տեղում է գույների ցուցակում, որոնք նրանք ասոցացնում են «լավ» անձնային գծերի հետ (օրինակ՝ ինքնավստահություն, խելացիություն և սեքսուալություն), և գործնականում չեն ասոցացնում «վատ» անձնային գծերի (ամբարտավանություն և մեծամտության) հետ:
Բացի այդ, այնտեղ ասվում է հետևյալը. «Հարցվածները կարծում են, որ սևը այն գույնն է, որը պետք է հագնել, երբ փորձում ես տպավորել, համոզել կամ հմայել մեկին: Դուք ուզում եք վստահել սև հագուստով տղամարդուն, երբեմն այնքան շատ, որ նրան կտաք ձեր ողջ խնայողությունները և նույնիսկ շնորհակալություն կհայտնեք, որ ձեզ պատիվ է արել և ձեզանից փող է վերցրել»:
Սևը սիրելու համար պետք չէ գոթ լինել, կամ «պտտվել» նորաձևության աշխարհում: Եթե դուք խելացի, սեքսուալ և ինքնավստահ եք, ապա ոչ մի տարօրինակ բան չկա, որ ձեզ, ինչպես մագնիսը, գրավում է այս գեղեցիկ գույնը: Սևը աշխարհի ամենահանգստացնող, զգայական, համարձակ, շքեղ և ինքնավստահ գույնն է:
Ի՞նչ է դա ասում ձեր մասին
«Սևը միշտ էլեգանտ է: Այն ամբողջ աշխարհի ամենալավ և ամբողջական գույնն է, քանի որ բաղկացած է ներկապնակի բոլոր գույներից», – Ռիկարդո Տիշի:
Սև հագուստը օգնում է ձեզ շրջապատողների ուշադրությունը շեղել ձեր արտաքինից դեպի ձեր անձ: Երբ դուք հագնում եք սև հագուստ, մարդիկ սկսում են ձեզ ընկալել որպես ավելի զգայական, նպատակասլաց, հավակնոտ և հաջողակ: Ենթադրվում է, որ հիմնականում սև հագած մարդիկ խիստ հուզական են, բայց միևնույն ժամանակ նրանք լավ են թաքցնում սեփական զգացմունքները:
Ահա սև հագուստի սիրահար մարդկանց անձնային ամենատարածված գծերից մի քանիսը.
1. Դուք ինքնավստահ եք
Սևը քաջության և անմիջականության գույնն է: Նա ասում է, որ դուք այնքան վստահ եք ձեր արտաքին տեսքին, որ կարիք չեք զգում ուրիշի ուշադրությունը գրավել կամ ավելի լավ թվալ, քան իրականում եք: Որոշում կայացնելուց հետո դուք չեք շեղվում դրանից: Դուք ինքնաբավ եք, գիտեք ձեր արժեքը և էլեգանտ եք:
2. Դուք բարձր զգացմունքային անձնավորություն եք
Դուք օգտագործում եք սևը որպես գործիք աշխարհին ցույց տալու համար, որ իրականում ձեզ չի հետաքրքրում այլ մարդկանց կարծիքը: Բայց իրականում ծայրաստիճան զգայական և հուզական անհատականությունը թաքնված է արտաքին սև խեցի տակ: Դուք սովոր եք թաքցնել ձեր թույլ կողմերը և ձևացնել, թե ձեզ ոչինչ չի հետաքրքրում:
3. Դուք ակտիվ եք և նպատակասլաց
Եթե ավելի հաճախ ընտրում եք սև, քան այլ գույների հագուստ, դա նշանակում է, որ դուք նպատակասլաց անձնավորություն եք, ունակ եք ինքներդ ձեզ մոտիվացնելու և ակտիվորեն շարժվում եք դեպի ձեր նպատակները: Բացի այդ, այս ամենը ձեզ հայտնի է դարձնում որպես հուսալի և վստահելի անձնավորություն:
4. Դուք փորձում եք ինքներդ ձեզ պաշտպանել
Հոգեբանները կարծում են, որ մարդիկ, ովքեր հագուստի մեջ նախընտրում են սև գույնը, հաճախ փորձում են թաքցնել իրենց իրական հույզերը և ամեն ինչ անում են, որպեսզի մոտ չթողնեն ուրիշներին և հնարավորություն չընձեռեն նրանց էմոցիոնալ ցավ պատճառել իրենց:
5. Ձեզ դուր է գալիս ուժն ու իշխանությունը
Սև հագուստ կրելու ձեր հակումը հաճախ վկայում է ձեր և ձեր շրջապատի վրա ավելի մեծ ուժ և իշխանություն ունենալու ձեր ցանկության մասին: Դուք սիրում եք ավելի ուժեղ ու ազդեցիկ թվալ, քան իրականում կաք, և միշտ փորձում եք առաջին տեղում լինել ձեզ հետաքրքրող ցանկացած ոլորտում:
6. Դուք շատ լուրջ մարդ եք
Դուք միշտ եղել եք շատ լուրջ և շիտակ մարդ: Դուք միշտ փորձում եք հաջողությամբ և ժամանակին կատարել ձեր առջև դրված խնդիրները, և միշտ գիտեք, թե ինչպես հասնել ձեր ուզածին: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ ձեզ համար դժվար է հանգստանալը և պարզապես կյանքը վայելելը:
7. Դուք գիտեք, թե ինչ եք ուզում
Դուք միշտ հստակ սահմանում եք ձեր նպատակները և գիտեք, թե որ ճանապարհով կարող եք ամենաարագը հասնել դրանց: Այսպիսով, դուք հազվադեպ եք ձեզ մոլորված զգում, և դրա պատճառով իսկապես ավելի արագ եք հասնում ձեր նպատակներին:
8. Դուք այլ մարդկանց համար սպառնալից եք թվում
Ուզեք, թե ոչ, այլ մարդիկ ձեր անհատականությունը շատ ճնշող և սպառնացող են համարում: Քանի որ դուք ունեք ուժեղ և շիտակ անհատականություն, ենթագիտակցական մակարդակում ձեր ներկայությունը որոշ մարդկանց համար սպառնալիք է թվում: Սակայն, իրականում հնարավոր է, որ դուք սև հագուստ եք կրում, քանի որ զգում եք, որ բավականաչափ ուժեղ չեք և ցանկանում եք փոխել ձեր տեսքը ուրիշների մոտ:
9. Դուք անկախ եք
Դուք անկախ մարդ եք և հպարտ եք ձեր կատարած աշխատանքով և ձեռքբերումներով: Դուք ըմբոստ բնույթ ունեք, և իրականում չեք սիրում որևէ մեկից օգնություն խնդրել: Դուք ատում եք նաև, որ ձեզ ասում են այն, ինչ պետք է կամ չպետք է անեք, և տանել չեք կարողանում ենթարկվել հեղինակավոր մարդկանց:
10. Դուք ամեն ինչ ձեր մեջ եք պահում
Դուք ցանկանում եք, որ այն, ինչը ձեզ համար անձնական է՝ անձնական էլ մնա: Անձնական տարածության սահմանները ձեզ համար շատ կարևոր են, և դուք փորձում եք միշտ առանձնանալ բոլորից: Միշտ առեղծվածի որոշակի մթնոլորտ է եղել այն բանի շուրջ, թե ով եք դուք իրականում, ինչ եք մտածում և զգում: Եվ սա միայն ավելացնում է ձեր հմայքը:
Սևից լավ բան չկա
«Ես կդադարեմ սև կրել, երբ ավելի մուգ գույն ստեղծվի»․ – Վենսդեյ Ադամս
Փաստորեն, սևը շատ սեքսուալ գույն է և վաղուց արդեն եղել է ձեր զգեստապահարանի լավագույն ընտրություններից մեկը (անկախ նրանից, թե ով եք դուք՝ տղա թե աղջիկ): Սևը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից, այն կարող եք կրել տարվա ցանկացած եղանակին, և անկախ նրանից, թե ով ինչ կասի, դրանում միշտ զիլ տեսք կունենաք:
Այնպես որ, եթե սիրում եք կրել սև և միայն սև, դա նշանակում է, որ գրավիչ եք, ինքնավստահ, զգայական և խելացի: Այնպես որ, մի՛ զսպեք ձեզ և կյանքի միջով անցեք սև գույնի հետ՝ ինչպես միշտ եք արել:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: