Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր անտեսանելի նամակների կամ անտեսանելի թանաքների (ինչպես կուզեք) մասին։ Հարստացրեք Ձեր գիտելիքների պաշարը։
Իվան Ահեղի գաղտնի գործակալները իրենց հաղորդագրությունները գրում էին սոխի հյութով: Թղթի տաքացումից տառերը դառնում էին նկատելի:
Վ.Ի.Լենինը գաղտնիության համար օգտագործում էր կիտրոնի հյութ կամ կաթ: Այդ դեպքում, գրվածը նկատելի դառնալու համար բավական էր թղթի վրա դնել տաք արդուկ կամ մի քանի րոպե պահել կրակի վրա:
Հայտնի գործակալ Մատա Հարին նույնպես գաղտնի թանաքներ էր օգտագործում: Երբ նա Փարիզում ձերբակալվեց, նրա հյուրանոցային համարում գտան կոբալտի քլորիդով սրվակ, որը դարձավ նրա գործակալական գործունեության բացահայտման հիմնական հանցանշաններից մեկը, քանի որ կոբալտի քլորիդը կարելի է հաջողությամբ օգտագործել գաղտնագրության մեջ:
Գաղտնի թանաքները լայնորեն օգտագործվել են Ռուսաստանում` հեղափոխական ընդհատակայինների կողմից: 1878թ. Վ.Զասուլիչը մահափորձ կատարեց Պետերբուրգի քաղաքապետի վրա, ինչն ավարտվեց նրա ձերբակալությամբ: Սակայն, չգիտես ինչու, երդվյալների դատարանն արդարացրեց Զասուլիչին: Ոստիկաները փորձեցին դատարանի շենքից դուրս գալիս ձերբակալել նրան, սակայն նրան հաջողվեց թաքնվել, որովհետև նախքան դատարանի վճիռը, ընկերներին գրության միջոցով հայտնել էր իր փախուստի պլանը: Գրությունը գրված էր երկաթի քլորիդի ջրային լուծույթով (այդ նյութը օգտագործվում էր որպես դեղամիջոց) հագուստ բերելու խնդրագրի հակառակ երեսին: Նման գրությունը կարելի է կարդալ` մշակելով այն ռոդանիդ իոն պարունակող նոսր ջրային լուծույթով թրջված բամբակով: Բոլոր անտեսանելի տառերը երկաթի ռոդանիդային կոմպլեքսի առաջացման պատճառով դառնում են արնակարմիր:
«Սև վերածնունդ» գաղտնի կազմակերպության անդամները նամակագրության համար նույնպես օգտագործում էին անտեսանելի թանաք: Գաղտնի նամակները գրում էին պղնձարջասպի նոսր ջրային լուծույթով: Նման ձևով գրված տեքստը նկատելի կդառնա, եթե թուղթը պահվի անուշադրի սպիրտով լցված սրվակի մեջ: Տառերը ստանում են վառ կապույտ գույն՝ պղնձի ամոնյակային կոմպլեքսի առաջացման պատճառով: Իսկ ահա չինական միապետ Ցին Շիխուանդին, որի կառավարման ժամանակ սկսվեց կառուցվել չինական մեծ պարիսպը, իր գաղտնի նամակների համար օգտագործում էր բրնձի թարմ թուրմ, որը չորանալուց հետո ոչ մի նկատելի հետք չէր թողնում: Եթե այդպիսի նամակը թեթև թրջվի յոդի թույլ սպիրտային լուծույթով, ապա կհայտնվեն կապույտ տառերը:
Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]